ԵՄ-ի հետ ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով. Փաշինյան. ուղիղ
ՆերքաղաքականԻնձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել այստեղ՝ ժողովրդավարության տանը, մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարության տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում, համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը, դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այս մասին Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական Միության և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը, և այսօրվա իմ ելույթում ես նաև հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացան նախորդ 2.5 տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել։ Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց և ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական Միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում, դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»։
Անդրադառնալով Հայաստանի ու Եվրոպական Միության ընդունած ռազմավարական նոր օրակարգին՝ նա նշեց, որ այն մեր հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի։ «Ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով, այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով, Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, որոնց դերը դժվար է գերագնահատել։ Ընդհանուր առմամբ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, տեղի է ունեցել և գործադիր իշխանության և օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակությունների մակարդակում»,-ասաց նա՝ հրավիրելով Մեցոլային Երևանում մայիսի սկզբին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի։

