Որոշները քարոզարշավը սկսել են ամիսներ առաջ, ինչը չի թույլատրվում եւ օրենքի խախտում է. Ալբերտ Մովսիսյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է «Արդար խոսք» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:
— Ինչպես հայտնել եք, «Արդար խոսք» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդանական ընտրություններին: Այս չափ թեժ պայքարում ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները, քանի, որ ըստ հարցումների` մի քանի կուսակցություններ են առաջատար համարվում:
— Այո, մենք նոյեմբերի 23-ին կայացած համագումարում հայտնել ենք մեր մասնակցության մասին, ինչպես նաեւ հայտնել ենք մեր թեկնածուի անունը՝ Միհրան Մովսիսյանն է, որը Մարտական Խաչ առաջին աստիճանի ասպետ է, ինչպես նաեւ պահեստազորի գնդապետ: Միհրան Մովսիսյանի մասին շատ բան կարող եմ ասել, սակայն ինչպես կարգն է, քարոզարշավի ընթացակարգի ժամանակ կասեմ:
Ինչ վերաբերում է ընտրություններին, կասեմ, որ՝ այո, թեժ է, սակայն լինում են ընտրական խնդիրներ: Ես` որպես կուսակցության նախագահ, կարող եմ արձանագրել այն, որ քարոզարշավ, ըստ օրենքի կարգով սահմանած ժամանակահատվածում չի արվում, եւ դա ակնհայտ խախտում եմ համարում: Ինչպես նկատում ենք, որոշ կուսակցություններ քարոզարշավ սկսել են դեռ ամիսներ առաջ, ինչն անթույլատրելի է: Սակայն տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր շատ այլ ուժերի կողիմից:
— Մի շարք քաղաքական գործիչներ միավորման կոչեր են անում, սակայն ոչ ոք ոչ ոքի հետ չի միանում: Արդյոք այս կերպ են պատրաստվում ներկայիս իշխանությանը հաղթել:
— Այո, բոլորի կողմից, կարծես թե, լսում ենք նման կոչեր՝ անհատների եւ այլն, սակայն կոչ անելով հանդերձ, անգամ այդ անձինք պատրաստ չեն միանալու: Կարծես, հայտարարությունը անում են զուտ հայտարարելու համար եւ ոչ մի գործողություն չենք տեսնում: Անշուշտ, պայքարն ուժեղ է լինելու եւ ամեն բան անելու ենք հաղթանակի համար, այլապես մեր մասնակցությունն անիմաստ կլինի:
— Ձեր նախընտրական ցուցակը պատրա՞ստ է:
— Գրեթե՝ այո, քանի որ դեռեւս այն պրոցեսի մեջ է եւ որոշակի առումով կհամալրվի, որը կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսինքն՝ այս պահին մենք այդ փուլի մեջ ենք:
— Բացառո՞ւմ եք, որ «Արդար խոսք»-ն ի վերջո հանդես կգա՞ դաշինքով:
— Գիտե՞ք, կան կուսակցություններ, որոնք դաշինքով են ներկայանում կամ անհատներ են ընդգրկում իրենց կուսակցության մեջ, որոնց մենք լավ գիտենք՝ թե՛ նրանց անցյալը, թե՛ կատարած գործողությունները, եւ անգամ ժողովուրդը լավ գիտի ու փնովում է նմաններին: Բնականաբար, մենք չենք կարող միավորվել նման կուսակցությունների հետ, որտեղ իրականում չի գործում արդար մտածելակերպը եւ չի գործում հօգուտ Հայաստանի եւ ժողովրդի: Այսինքն, դաշինք ասելով, մենք պետք է հասկանանք գաղափարախոսություն, ոչ թե անհատ կամ իրենց բիզնեսը, աթոռը կարեւորող անձանց:
Մենք աշխատում ենք մեր գաղափարի, մեր երկրի համար, որը կներկայացնենք քարոզարշավի ժամանակ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

