Շատ-շատ է չկողմնորոշվածների բանակը. ով լավ աշխատեց, այդ ձայները կտանի իրեն. Սարգիս Ավետիսյան

Ներքաղաքական

Ներքաղաքական զարգացումների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Համերաշխություն» կուսակցության նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

«ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ, ՈՐ ՁԱՅՆԵՐԸ ՉՓՈՇԻԱՆԱՅԻՆ»

Արդեն ուրվագծվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վերջնական պատկերը: Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի ընտրություններին մասնակցության եւ արդեն իսկ հայտ ներկայացրած ուժերի վերաբերյալ:

— Բնականաբար, մենք մասնակցելու ենք, բայց մասնակցության ձեւը դեռ չենք որոշել։ Առաջիկայում կուսակցության նիստ կանենք եւ որոշում կկայացնենք, թե ինչպես ենք մասնակցելու։

Ինչ վերաբերում է ձեւավորված քաղաքական բլոկներին, նրանց դրական ենք մոտենում: Բայց մեր կարծիքն այն է, որ ճիշտ կլիներ ձեւավորել միասնական ճակատ, որ ձայները չփոշիանային:

— Առանձին ձեւավորած ընդդիմադիր բլոկներն այս հարցում արդարանում են, թե միասնական ճակատ ձեւավորելը վտանգավոր է, որովհետեւ այն հեշտությամբ օրվա իշխանությունը կարող է ջարդել, խաղից դուրս թողնել, օրինակ, ընտրացուցակի առաջին դեմքերին կալանավորելով: Որքանո՞վ է համոզիչ այս մոտեցումը:

— Չեմ կարծում, թե լուրջ արդարացում է, ընդամենը վարկած է: Իշխանությունը եթե ջարդելու հնարավորություն ունենա, երկու-երեք ուժին էլ հանգիստ կջարդի։ Ի՞նչ խնդիր ունի, եթե ջարդելով պիտի լինի:

«ՃԻՇՏ Է ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»

2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը վճռական էր տրամադրված, որ հաղթելու են: Բայց մոտավորապես պատկերը նույնն էր, ինչ հիմա՝ տասնյակ քաղաքական ուժեր առանձին-առանձին մտան ընտրապայքարի մեջ, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվեց: Ի՞նչ է փոխվել այսօր, որ էլի շատ ընդդիմադիր ուժեր համոզված են, որ այս անգամ ընտրություններին հաջողելու են:

— Եթե քաղաքական ուժը, կուսակցությունը ընտրություններին մասնակցում է, բնականաբար, անպայման պիտի լավատեսություն ունենա: Եթե չունենա, չի կարող մասնակցել ընտրություններին։ Այսինքն` գնում են ընտրության, որպեսզի հաղթեն։ Թե հետագայում ինչ է լինում, արդեն հետագան է ցույց տալիս։ Բայց այս անգամ հնարավորությունները հաղթելու, գոնե թվացյալ ինչ-որ առումով փոխված է, որովհետեւ ուժերի հավասարակշռությունն է փոխված։ Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժումն է մտել խաղի մեջ, որը բավականին մեծ ռեսուրս ունի: Մյուս կողմում Գագիկ Ծառուկյանն է՝ իր շուրջ հավաքված քաղաքական ուժերով, Ռոբերտ Քոչարյանը` իր շուրջ հավաքված կուսակցություններով ու քաղաքական գործիչներով։ Այսինքն` ստացվում է, որ նախկինները կան, նրանց ավելացել է նաեւ «Մեր ձեւով» շարժումը, հետեւապես կարող է իրավիճակը փոխվել: Համենայնդեպս, մարդիկ մտածում են, որ կարող են գնալ ընտրության եւ ժողովրդի քվեարկությունով բան փոխվի։

Դուք Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ուշագրավ հայտարարություն էիք արել` շեշտելով՝ «ո՛չ օլիգարխներին»։ Ո՞ւմ նկատի ունեիք՝ Ձեր նշած ուժերի՞ն:

Մենք մշտապես կողմնակիցն ենք եղել այդ գաղափարին, որ ոչ թե բարերարները, այլ կոնկրետ, վատ իմաստով օլիգարխները պիտի չմասնակցեն քաղաքական կյանքին: Քաղաքական պրոցեսները քաղաքական մարդկանց, կուսակցությունների համար են: Իսկ օլիգարխները, դրանք բիզնեսին խառնված եւ բիզնեսով տարված մարդիկ են, որոնք իրենց բիզնեսին են ծառայում։ Կարծում եմ՝ ճիշտ է ընդհանրապես օլիգարխները չլինեն քաղաքական դաշտում։ Շատ լավ է, երբ օլիգարխն ինչ֊-որ քաղաքական ուժի է սատարում, օգնում, բայց շատ վատ է, երբ ինքն է անմիջապես վերցնում այդ դերը պառլամենտում՝ քաղաքական գործընթացներ իրականացնելու համար։ Ես այդ կոնտեքստում եմ ասել, որ այս առումով ճիշտ է օլիգարխների մուտքը քաղաքականություն սահմանափակել: Խոսքս ավելի շատ վերաբերում է, օրինակ, Խաչատուր Սուքիասյանին, որը դասական իմաստով օլիգարխիայի ներկայացուցիչ է: Թե չէ, ասենք, Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ օլիգարխ: Եվ ընդհանրապես, մեծ հաշվով ճիշտ եմ համարում, որ նոր ուժերը պառլամենտ գան:

«ԿԱՌՉԱԾ ՄՆԱՑԻՆ ԱՅԴ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ, ՈՉԻՆՉ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՆԵԼ»

— Իսկ ի՞նչ եք կարծում՝ խորհրդարանական ընդդիմությունը կարո՞ղ է հավակնել իշխանության գալու, երբ, օրինակ, ամենամեծ ընդդիմադիր ուժը հայտարարում էր, որ մանդատները վերցնում են, որպեսզի այն օգտագործեն՝ որպես այս իշխանության հեռացման գործիք, մինչդեռ 8 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը՝ իր ՔՊ-ականներով, իշխանության է:

Որպես այդպիսին, այդ տիտղոսային ընդդիմությունը վաղուց կործանված, վերջացած է, ինքը չկա դաշտում: Ճիշտ կլիներ ընդհանրապես հրաժարվեին մանդատներից ու նոր իրավիճակ ստեղծեին, բայց իրենք վերջին վայրկյանը կառչած մնացին այդ մանդատներից: Իրենք այնտեղ ոչ մի բան չեն կարողանում անել եւ դրանով թուլացնում են նաեւ ամբողջ ընդդիմությանը:

Պարոն Ավետիսյան, առկա իրավիճակում ի՞նչ ձեւաչափով եք հնարավոր համարում «Համերաշխություն» կուսակցության մասնակցությունը ընտրություններին, օրինակ` առանձի՞ն, թե՞ դաշինքով եւ ընդհանրապես՝ ու՞մ հետ եք պատրաստ համագործակցել։

Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր ուզում են, որ այս իշխանությունը հրաժարական տա, այսինքն` այս իշխանությունը չլինի: Բայց մենք նաեւ ասում ենք` մեխանիզմն ինչպես ենք պատկերացնում: Այդ լայն կոնսոլիդացիան պիտի լինի, եւ բոլոր ուժերը պիտի հավաքվեն մի տեղ։ Մենք ընդհանրապես կողմնակից էինք, որ Վեհափառը կոնդակով հանդես գար, հավաքեր իր շուրջ քաղաքական ուժերի եւ մի միասնական մարմին ստեղծվեր, որը հետո կգնար ընտրությունների։ Դե հիմա եթե չեն ուզում քաղաքական ուժերը, մենք էլ ստիպված դրանից բխող արդեն այլ գործողություններով պիտի առաջնորդվենք եւ ուժերից մեկի հետ համագործակցենք:

«ԹԱԹՈՅԱՆԸ Ե՛Վ ՆԱԽԿԻՆ Է, Ե՛Վ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՀԵՏ ԷՐ ԱՇԽԱՏՈՒՄ»

— Ի դեպ, Դուք նշեցիք, որ ճիշտ եք համարում նոր ուժերի պառլամենտ գալը: Օրինակ, Արման Թաթոյանին՝ իր «Միասնության թեւերով», համարո՞ւմ եք նոր ուժ:

— Թաթոյանն ասում է՝ ո՛չ նախկին եմ, ՛ոչ ներկա եմ, բայց ե՛ւ նախկին է, ե՛ւ ներկաների հետ էր աշխատում։ Եղած նոր ուժերի մեջ ամենաազնիվը «Մեր ձեւով»-ն է: Թեկուզ ինչ֊-որ թերություններ ունի, բայց, ամեն դեպքում, ավելի ազնիվ է: Մյուսների պարագայում` ոչ մեկը չի կարող այդ տեսակ միտք արտահայտել, թե՝ ինքը նախկինների հետ կապ չունի: Բոլորին էլ նախկինում տեսել ենք, մեկի համար մեկն է աշխատել նախկինների ժամանակ, մյուսի տեղակալը ներկաների հետ է աշխատել։ Մարդիկ չեն մոռացել, բոլորին էլ հիշում են: Այլ բան է, որ, օրինակ, «Մեր ձեւով»-ի առաջնորդն ասում է՝ ես Հայաստանում չեմ եղել, դրսում եմ աշխատել, ու այդ ուժի շուրջ հավաքվել են մարդիկ, որոնց գրեթե ոչ մեկ չի ճանաչում: Այո՛, նոր դեմքեր են, նոր մարդիկ են:

— Հետեւապես նաեւ քաղաքական փորձառություն չունեն: Այս առումով որքանո՞վ եք ճիշտ համարում, որ լայն ընդդիմադիր դաշինք ձեւավորելու փոխարեն՝ գնացին նոր կուսակցություն ստեղծելու ճանապարհով:

Կարծում եմ` քաղաքականությունը կմտցնի իր շտկումները, եւ շատ հնարավոր է, որ առաջիկայում ինչ֊-որ քաղաքական հայտարարություններ արվեն, ինչ-որ բան փոխվի, որովհետեւ ճիշտ է` իրենք մտածում են, որ կհաղթեն, բայց հետո ամեն անգամ, երբ բախվում են պրոբլեմների, հասկանում են, որ այնքան էլ հեշտ չէ այդ ամենը, եւ պետք է լուրջ աշխատել։ Ըստ իս, իրենք հետեւություններ կանեն եւ ըստ դրա կշարժվեն։ Համենայնդեպս, մեր քաղաքական ուժը դրական է նայում այս ամեն ինչին, եւ կարծում ենք, որ եթե հնարավոր լինի կոնսոլիդացվելու, դա կարող է լինել «Մեր ձեւով»-ի շուրջ։ Այդ մասին նաեւ ՀՀ առաջին նախագահն ասաց:

— Եվ շատ տարօրինակ էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նման հայտարարություն անում է ՀԱԿ-ի կողմից Լեւոն Զուրաբյանին վարչապետի թեկնածու հայտարարելուց հետո…

— Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Այո՛, մինչեւ «Մեր ձեւով»-ի հետ միանալը Լեւոն Զուրաբյանն իրենց թեկնածուն է, բայց միանալուց հետո կարող է փոխեն իրենց կարծիքը։

«ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԻՆՉՊԵՍ ԷԼ ՊՏՏՎՈՒՄ ԵՆ, ՆՈՒՅՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԵՋ ԵՆ»

— Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, չե՞ք կարծում, որ ընդդիմությունն արդեն իսկ ուշացել է` ուժերը մեկտեղելու, կոնսոլիդացվելու հետ կապված: Հիմա ի՞նչ անել, որ 2021-ի ընտրությունների արդյունքը չկրկնվի հունիսի 7-ին։

Գիտեք, այս պահի դրությամբ ես իրենց փոխարեն չեմ կարող ասել` ով ինչ հաշվարկ ունի, ինչ է անում։ Մեր տեսանկյունից գուցե մի քիչ ուշանում է, բայց կարծում եմ՝ ինչ֊-որ ժամանակ դեռեւս կա որոշում ընդունելու: Առնվազն մինչեւ այս ամսվա կեսերը, հետո արդեն կսկսվեն շատ ակտիվ գործողությունները։ Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում նախընտրական փուլն արդեն շատ վաղուց սկսված է, եւ ակտիվ բոլորն աշխատում են։ Այնպես չէ, որ սպասում են օրինական ընտրական քարոզարշավը մեկնարկի: Ե՛վ «Մեր ձեւով»-ն է աշխատում, ե՛ւ Քոչարյանի դաշինքը, ե՛ւ «Թեւերը»։ Այնպես չէ, որ պարապ նստած են, տակից են անում մեծ մասը, ինչ անում են՝ մինչեւ օրինական ժամկետը կգա, արդեն կբացահայտեն իրենց ծրագրերը։

Ասացիք` «Քոչարյանի դաշինք», բայց այնտեղ մնացել է միայն ՀՅԴ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Ի՞նչ կասեք այն մասին, որ հենց ՀՀ երկրորդ նախագահն էր ասում, որ պետք է խոշոր նախընտրական բլոկներ ձեւավորվեն, բայց տեսանք, որ անգամ իրենք պատրաստ չէին այդ մեծ կոնսոլիդացիային, իրենք իրենցով են գնում ընտրությունների։

— Լրիվ համաձայն եմ Ձեզ հետ: Իհարկե, այդ դաշինքում ՀՅԴ-ից բացի, մեկ այլ կուսակցության անուն էլ է շրջանառվում: Բայց, միեւնույնն է, էլի նույն շրջանակներն են, ու սա շատ մեծ խնդիր է: Իշխանությունները հենց դրանով են հաշվարկում, որ իրենք հաղթելու են, որովհետեւ մտածում են` վերադասավորումները ինչպես էլ պտտվում են, նույն կոնտեքստում է, նույն շրջանակի մեջ է: Կարծես, մի սենյակում հավաքված մարդիկ, ուղղակի, տեղերը փոխում են, բայց իրականում այդ նույն մարդիկ են, նույն սենյակի մեջ: Նույն ընդդիմությունն է, ուրիշ ձայն չկա:

— Դրա համար էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ նման ընդդիմություն ունենալն Աստծո պարգեւ է…

Այո՛, բացառությամբ «Մեր ձեւով»-ի, որը կարող է իրավիճակը փոխել, որովհետեւ իրենք այդ ընդդիմադիր դաշտից չեն: Լրացուցիչ ինչ֊-որ ուժ է, որը նախկինում շատ հնարավոր է եղել է ՔՊ-ի կողմից, բայց հիմա իրենք կարող են ռեալ իրավիճակ փոխել: Իսկ այն մնացած ուժերը հիմնականում խաղում են նույն դաշտում, ոչ մի էական տարբերություն չկա։

«ՍԱ ՄԻ ՔԻՉ ՖԱՆՏԱՍՏԻԿ Է, ԲԱՅՑ ԳՈՒՑԵ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՌՆԱ»

Ի դեպ, այդպես էլ անհասկանալի մնաց. եթե «Մեր ձեւով»-ի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետ դառնալ՝ մինչեւ Սահմանադրության համապատասխան փոփոխություն չիրականացվի, հետեւապես՝ հաղթելու դեպքում ո՞վ է լինելու անցումային կառավարության ղեկավարը:

Տեսեք, սա մի քիչ ֆանտաստիկ է, բայց գուցե հնարավոր դառնա, որովհետեւ մեր իրականությունն այնպիսին է, որ ինչ ասես կարող է լինել։ Պարզ է, որ առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, նա էլ պիտի լինի: Սովորաբար, ով գեներացնում է շարժումը, նա էլ պիտի լինի ղեկավարը։ Ես կարծում եմ, որ Նարեկ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանից պակաս չէ, շատ ավելի լավ կարող է ղեկավարել այդ ամենը: Իսկ Սամվել Կարապետյանի պարագան, իհարկե, արդեն ուրիշ հարց է։ Ես կարծում եմ` հարցի երկրորդ մասն է, երբ ընտրությունները կվերջանան, կունենանք այդ սահմանադրական մեծամասնությունը, որ իրավունք ունենա Սահմանադրություն փոխելու, նոր կարելի է անդրադառնալ այդ հարցին: Արդեն հարցի երկրորդ մասն է, թե դա էլ կանեն, թե չեն անի: Բայց այս պահի դրությամբ պարզ է, որ այդ ամենը գլխավորելու է Նարեկ Կարապետյանը։ Դե, իհարկե, Սամվել Կարապետյանը կօգնի։ Համենայնդեպս, ես այդպես եմ տեսնում: Ցավոք սրտի, ուրիշ հնարավորություն մենք այսօր, այս պահին չունենք։ Ինչ ունենք, դրանով պիտի, այսպես ասած, խաղանք: Ուրիշ նոր բան չունենք: Այն նախկինում եղած ուժերը, ովքեր կան, դրանք առանձին-առանձին, որ միավորվում են, ավելի շատ վնասում են գործին, դրա համար ճիշտ կլիներ մեկ միասնական ցուցակով գնալ, որ ամեն մի հազար ձայնն էլ օգուտ լիներ գործին։ Իսկ հիմա փոշիանալու են այդ ձայները:

— Նիկոլ Փաշինյանի աչքը լույս…

— Իհարկե, այդ ձայները փոշիանալու են` հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Բայց մյուս կողմից Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նույնպես հասկանում են, որ իրենց շանսերն էլ է նվազել։ Իրենք լիքը ձայներ են կորցրել, հիմա փորձում են ինչ-֊որ ձեւով վերականգել: Թե ինչքանով իրենց կհաջողվի, ժամանակը ցույց կտա։ Այսօր շատ-շատ է չկողմնորոշվածների բանակը: Ով լավ աշխատեց, այդ ձայները կտանի իրեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում