Պայթյուններ Նախիջեւանում. ինչ էին դրանք հուշում
ՎերլուծությունԻհարկե, իրանական պատերազմը (Տելս նաեւ https://iravunk.com/?p=335838&l=am), որ կողմից էլ նայում ես, դեռ միայն վատագույն սցենարով է զարգանում Թրամփի համար: Բայց դրանով հանդերձ, որոշ փորձագիտական աղբյուրներ մեկ կարեւորագույն հանգամանքի վրա եւս կենտրոնացել են` հիշեցնելով, որ Թրամփն ամենեւին էլ միայն Իրանի դեմ չի կռվում, այլ հարվածի հիմնական թիրախը Չինաստանն էր` չինացիներին իրանական ռեսուրսներից եւս կտրելը:
Բնականաբար, ըստ նույն փորձագետների, Պեկինը ոչ մի պարագայում չէր կարող անտեսել այդ իրողությունը: «Այն փաստը, որ իրանական հրթիռները այդքան ճշգրիտ են հարվածում, թիրախներն ընտրվում են անհավանական ճշգրտությամբ, եւ արդյունքները շատ ավելի հաջող են, քան սպասվում էր, ենթադրում է, որ սա այլեւս չի պայմանավորվում Իրանի հնարավորություններով: Իրանը գիտի, թե որ հյուրանոցում եւ որ հարկում են գտնվում ԿՀՎ-ի եւ Մոսադի սպաները, եւ հարվածում է հենց այնտեղ։ Իրանը նույնականացնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի բոլոր թաքնված հետախուզական եւ ռազմական օբյեկտները եւ հարձակվում դրանց վրա։ Իրանը գիտի Իսրայելի հետախուզական եւ անվտանգության գործակալությունների ճշգրիտ հասցեները եւ հարվածում է այդ վայրերին... Ես կարծում եմ, որ Չինաստանը արդյունավետորեն ներգրավված է այս պատերազմում եւ օգնում է նույնականացնել ամերիկյան թիրախները արաբական երկրներում եւ տրամադրում է էլեկտրոնային հետախուզություն։ Իմ կարծիքով, Չինաստանը գտնվում է այս հակամարտության հենց կենտրոնում եւ լուրջ պատերազմ է մղում ԱՄՆ-ի դեմ Իրանի միջոցով։ Եթե սա ճիշտ է, ապա ԱՄՆ-ն եւ Իսրայելը լուրջ կորուստներ կունենան...»,– մեկնաբանում է փորձագիտական աղբյուրը:
Իհարկե, սա իր հիմքում լուրջ տրամաբանություն ունեցող եզրակացություն է: Անգամ չհիշեցնելով այն ծավալուն ռազմական օգնության մասին, որը Իրանը ստանում էր Չինաստանից եւ Ռուսաստանից մինչ պատերազմը, այդ թվում` Իրանի հետ համատեղ զորավարժությունների անվան տակ չինական եւ ռուսական մի շարք հատուկ նավերի մոտեցումն Իրանին, թերեւս կարելի է միայն ընդգծել փաստը, որ Իրանի պարտությունը Պեկինին դնում է չափազանց խոցելի վիճակում: Այսինքն, միանգամայն տրամաբանական կլիներ, որ Պեկինն այս փուլում ամեն բան աներ, որ Իրանը չպարտվի: Ու ավելին, քանի դեռ ԱՄՆ–ն իր ոտքով խրվել է ճահիճը, որքան հնարավոր է, պետք է նրան էլ ավելի խորտակել: Չնայած, իմաստով դրանք նույնն են. Իրանի չպարտվելը եւ հնարավորինս երկար պատերազմի մեջ ԱՄՆ–ին ներքաշած պահելը Պեկինի համար արդեն իսկ հաղթանակ է մեծ աշխարհաքաղաքական պայքարում: Եթե նաեւ աիռթից օգտվելով` վերցնի Թայվանը, հաղթանակը կդառնա ամբողջական: Ի դեպ, կարելի է նույնը ասել նաեւ Մոսկվայի մասին:
Ամեն դեպքում այն, որ Իրանը շարունակում է ընդլայնել հակամարտության մասշտաբները, նաեւ սկսելով որոշակի գործողություններ Հարավային Կովկասի ուղղությամբ, գալիս է եւս մեկ անգամ հաստատելու Թեհրանի այն նախնական մոտեցումը, որ թեեւ պատերազմ սկսելն ԱՄՆ–ի եւ Իսրայելի որոշելիք հարցն էր, սակայն նրանք չէ, որ կորոշեն դրա ավարտը:
Այսպիսով, երեկ հայտնի դարձավ, որ Իրանը մի քանի համեմատաբար փոքր հարված է հասցրել Ադրբեջանին` Նախիջեւանին: Ապա նաեւ խոսակցություններ ի հայտ եկան Վրաստանում Բաքու–Ջեյհան նավթամուղի խոցման մասին, որն ապահովում է Իսրայելի նավթի մատակարարումների մոտ 30 տոկոսը, անհրաժեշտության դեպքում` էլ ավելին: Բաքուն, բնական է, միանգամից հիստերիա սարքեց, թե` «Մենք խստորեն դատապարտում ենք», «Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին», «մեզ վերապահում են պատասխան հարվածի իրավունք» եւ այլն: Իհարկե, սա արդեն անլուրջ է. երբ Բաքուն նավթ է մատակարարում Իրանի հիմնական թշնամուն, իր տարածքում է տեղակայել թշնամական ուժեր, մի՞թե իրոք ենթադրում էր, որ «միջազգային իրավունքի նորմեր» ասվածը, որն արդեն գոյություն չունի, կխանգարի Իրանին, այն էլ բազում նախազգուշացումներից հետո գործողությունների չդիմել:
Իհարկե, դեռ պետք է սպասել հետագա զարգացումներին: Հաշվի առնելով, որ կա նաեւ հավանականություն, որ տեղի ունեցածը սովորական իսրայելյան պրովոկացիա էր: Այն իմաստով, որ եթե չեն կարողանում քրդերին մտցնել պատերազմի մեջ, կամ քրդական ուժերն անբավարար են, ապա կարելի է նաեւ Ալիեւին մղել` մտնել կռվի մեջ:
Չնայած` սա մի փոքր թույլ վարկած է: Իսրայելում էլ են հասկանում, որ Ալիեւը, հենց այն պահին, երբ հայտարարի պատերազմի մասին, դառնալու է լիակատար թիրախ: Ու Թեհրանը առաջնային զրոյացնելու է ադրբեջանական ամբողջ նավթա–գազային արդյունաբերությունը` հանքավայրերից սկսած: Գումարած` կասպյան գոտում պատերազմը հազիվ թե խաղի մեջ չքաշի նաեւ Մոսկվային: Արդյունքում, այն նավթը, որը դեռ կարող է գնալ Իսրայել, պատերազմի դեպքում հաստատ կանգնելու է: Իսկ փոխարինող մատակարարումներ գտնելն այս իրավիճակում կարող է նաեւ Իսրայելի համար անլուծելի խնդիր դառնալ:
Այս իմաստով, ավելի հավանական է թվում, որ դրանք իրանական հարվածներ էին, միգուցե`նախնական, նախազգուշացնող: Որ այդկերպ Թեհրանը մի վերջին մեսիջ հղեց Բաքվին. կողմնորոշվեք, ո՞ր դաշտում եք, եթե կարծում եք, որ կարող եք Իրանի հետ բարեկամությունից խոսել եւ նավթ տալ նրա թշնամուն` կերպար վերցնելով, թե չեզոք եք, այդպես չի լինի:
Իսկ եթե մեսիջ է, ապա ասել, որ այն ուղղված չէ նաեւ «Թրամփի ուղի» սարքող Նիկոլին, իր հերթին միամտություն կլիներ:
Ամեն դեպքում այն, որ կովկասյան տիրույթում պայթյուններ լսվեցին, դա արդեն մտահոգիչ է: Ներկա իրողություններն այնքան սուր են, որ մեկ–երկու պայթյունից մինչեւ մասշտաբային բախումները կարող է մեկ օր էլ չտեւեն:

