«ՀԱՐԱԶԱՏՆԵՐՍ ՇԱՏ ՏԽՐԵՑԻՆ, ԵՐԲ ԻՄԱՑԱՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԵՐԻ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՍպորտՎերջերս Երևանի «Սպորտի կառավարման կենտրոնում» կայացան Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Մ23 տարեկանների Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ծնունդով գյումրեցի, 24-ամյա ՄԵՐԻ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ Հայաստանի փոխչեմպիոն է դարձել մեծահասակների կազմում 86 կգ քաշային կարգում և հանել մարզակոշիկները, այդպիսով ակնարկելով մարզական կարիերան ավարտելու մասին։
Iravunk. com -ի մարզական լրագրողը բացառիկ զրույց է ունեցել Մերիի հետ։
- Ողջույն, Մերի։Որն է պատճառը այսքան վաղ մարզական կարիերան ավարտելու, քանի որ դեռ շատ ջահել ես։
- Հիմնական պատճառը վնասվածքներն են։ Ինձ շատ էին արդեն խանգարում ու չէի կարողանում ծանր կիլոգրամներ բարձրացնել։ Եթե չունենայի վնասվածքներ, բնական է, կշարունակեի մնալ հավաքականի կազմում ու գրանցել նոր նվաճումներ։ Ճիշտն ասած, դեռ անցած տարի էի ուզում թողնել սպորտը, թիմային հաշվարկում բարձր հորիզոնական գրավելու համար չէի թողնում։
- Որ տարիքից ես սկսել ծանրամարտի հաճախել, հետաքրքիր է հարազատներդ դեմ չէին, որ լինելով աղջիկ, այդքան դժվար ու ծանր մարզաձև ես ընտրել։
- 17 տարեկանից եմ հաճախել պարապմունքների։ Մեր հարևանուհու աղջիկը հաճախում էր ծանրամարտի, ես էլ նկատելով նրան, որոշեցի պարապել։ Նա, սակայն կարճ ժամանակ պարապելուց հետո, էլ չգնաց պարապմունքների։ Անկեղծ ասած, մայրս էր դեմ, ասում էր աղջիկ ես, այդքան ծանր կիլոգրամները շատ դժվար կլինի քեզ համար բարձրացնելը ու կտրականապես դեմ էր իմ այդ որոշմանը։ Բայց անձնական մարզիչս Քրիստինե Պետրոսյանը, եկավ ու տարավ իր մոտ պարապելու։ Այդպես սկսեցի նվաճումներ գրանցել ու մայրս էլ դեմ չէր, համակերպվեց ու հպարտանում է ինձանով։ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն եմ, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր ։Կարող էի նաև նվաճել ոսկե մեդալներ, ցավոք, չհասցրի զուտ վնասվածքների պատճառով։
- Մերի, ինչի համար ես ափսոսում, որ չհասցրիր իրականացնել քո մարզական կարիերայի ընթացքում։
- Մեծահասակների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը կուզենայի նվաճել։
- Իսկ ինչով ես զբաղվելու հիմա։ - Մտադիր եմ զբաղվել մարզչական գործունեությամբ, մատաղ սերնդին փոխանցել իմ մարզական հմտությունները։ - Մերի, ինչ տվեց քեզ ծանրամարտը։
- Սպորտային կյանքը ուրիշ է։ Տարբեր երկրներ եմ մեկնել, մրցաշարերի մասնակցել, բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել, շատ հարազատացել ենք ու շատ դժվար էր ինձ համար հեռանալ իմ երկրորդ ընտանիքից, սակայն միշտ նրանց հետ կապը կպահեմ։ Շնորհակալություն եմ հայտնում անձնական մարզչիս Քրիստինե Պետրոսյանին, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին, երկրորդ մարզիչ Տարոն Թովմասյանին, մշտապես իմ կողքին լինելու, աջակցելու համար։ Շնորհակալ եմ նաև ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիային։
- Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս արձագանքեցին ֆեդերացիայից քո այս որոշման մասին։
- Շատ մեծ ափսոսանք հայտնեցին։
- Իսկ ինչպե՞ս արձագանքեցին հարազատներդ, երբ իմացան ավարտում ես մարզական կարիերադ։
- Շատ հպարտանում էին ինձանով, բայց շատ տխրեցին, երբ իմացան այդ մասին։
- Շնորհակալություն, Մերի, մեզ ժամանակ տրամադրելու և բացառիկ զրույցի համար։ Քեզ մաղթում ենք հաջողություններ հետագա գործունեության մեջ։
- Ես էլ եմ շնորհակալ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

