Սումգայիթը դա երեւույթ է, որի դեմ մենք ոչինչ չարեցինք. Մարիամ Ավագյան
ՆերքաղաքականԼրացավ Սումգայիթի դեպքերի 38-րդ տարելիցը: Ինչպես տեսանք, պետական մակարդակով չեղավ ոչ մի անդրադարձ, ոչ մի հարգանքի տուրք զոհերին եւ պաշտոնական խոսք: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:
— Փետրվարի 28-ին լրացավ 1988 թվականին Սումգայիթում հայ բնակչության ջարդերի տարելիցը։ Սակայն հանրային եւ պետական մակարդակով այդ օրը կարծես լռությամբ անցավ. այն չհիշվեց եւ չբարձրաձայնվեց իշխանության կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը։
— Պետք է նշենք, որ փետրվարի 28-ը ընդունված է որպես Ադրբեջանում հայ բնակչության դեմ իրականացված բռնությունների եւ ջարդերի հիշատակի օր, որոնք տեղի ունեցան 1988–1992 թվականներին հայկական բնակավայրերում։ Ու դա պատահական չէ, ոչ թե նրա համար, որ Սումգայիթը առաջի նախերգանքն էր այդ ցեղասպանության փուլի, այլ նաեւ իր մասշտաբով, իր խորությամբ հայտնի էր բոլորին։ Ես չեմ կասկածում, որ մեր ԱԱԾ-ում էլ բազում փաստաթղթեր կան դրա մասին, որովհետեւ ինքն ահավոր մասշտաբների ոճրագործություն է եղել, որի մասին մեր հայկական կողմը այդպես էլ անտեղյակ մնաց։
Այդ օրը ես, անկեղծ ասած, ակնկալում էի, որ իշխանությունների կողմից ինչ-որ մի արարողակարգ կլինի, որովհետեւ պետական օրենքով է դա հաստատված։ Բայց այդպես էլ որեւէ բան չտեսանք եւ անգամ ծաղկեփունջ չտեսանք։ Միայն գիտենք, որ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն արեց։
Անկեղծ ասած, սա օրինաչափ է նաեւ ինձ համար, որովհետեւ սկզբունքորեն մեր այսօրվա վիճակը հետեւանքն է այն բանի, որ 1994 թվականի խայտառակ պարտությունից հետո ցեղասպան Բաքուն, որ չկարողացավ Սումգայիթը մտցնել Արցախ, ինքը «թեւերը քշտած» ամեն օր աշխատեց, որ գա 2020-ին ցեղասպանությունը մտցնի Արցախ։ Չխոսեմ, որ այնտեղ Բաքվի մեջքին ե՛ւ Անկարան էր կանգնած, ե՛ւ Իսրայելը...։ Բայց մենք ոչինչ չարեցինք, որ թույլ չտանք 2020-թվականի ցեղասպանությունը՝ Սումգայիթը մտավ Արցախ: Գրեթե 1992-ից հետո Թուրքիային մխրճեց Մինսկի խումբ: Այսինքն, Բաքուն մշտապես իր մեջքի հետեւում ուներ Թուրքիային, որից հետո՝ 1997 թվականից Անկարան ու Մոսկվան սկսեցին տանել Արցախի կարգավորման իրենց այլընտրանքային՝ Մինսկի խմբին զուգահեռ գործընթացը։
Եվ դրանից հետո Ադրբեջանը, պարբերաբար՝ 1996 թվականից արդեն հանձն առավ Նախիջեւանի խաչքարերի ջարդին։ Ջարդերը բերելով հասցրեց 2006 թվական եւ վերջացրեց։ Այդ ընթացքում ինքը արեց Սաֆարով։ Ինչպես նաեւ չմոռանանք, որ այդ շրջանում դիրքերում մեր տղաները զոհվում էին։ Եկավ 2016 թվականը, Քյարամ Սլոյանի գլուխը պտտացնում էին բնակավայրերում եւ ժողովրդի հրճվանքը վայելում: Հայկական իշխանությունները այդ փաստը բացարձակ չօգտագործեցին ի լուր աշխարհին, որ մենք կանգնած ենք այդպիսի ցեղասպան, մարդակեր ռեժիմի դեմ։
Եկավ 2020 թիվը։ Դա ոչ թե զինվորի պարտություն էր, այլ քաղաքական վերնախավի պարտությունն էր։ Եվ չորանա այն ձեռքը, որ ցեղասպանական հայտարարագրի՝ նոյեմբերի 9-ի տակ ստորագրեց եւ Հայկական կամավորական ջոկատների ցեղասպանությունը, կասեցրած ԼՂ-ի սահմաններից ներս, հայորդիների հաղթանակը 2020 թ. նոյեմբերի 9-ին մի ստորագրությամբ տվեց թուրքին։
Մենք սահմանադրություն ունենք չէ՞, որտեղ ասում է, որ Արցախը Հայաստանի մաս է։ Մենք հազար մի բան ունեինք, հետո ինքը վերցրեց ու շատ հանգիստ այդ հողերը տվեց ու հայկական զորքերը դուրս եկան Քարավաճառից ու Քաշաթաղից։ Ի՞նչի հիման վրա։ Որեւէ մեկը հարց տվե՞ց։ Ես ուսանող ունեի, ինքը պատերազմի մասնակից էր, ստուգարքը ինձ հանձնելուց հետո, երեւի զգալով բնույթս, գնաց հասավ դռների մոտ, հետ դարձավ եւ ասաց. «Տիկին Ավագյան, խնդրում եմ՝ միշտ հիշեք, մենք մի սանտիմետր անգամ հող Մարտակերտում չենք տվել։ Ինչ տվել են՝ գրչով են տվել»։
Սումգայիթ իրականացրած ռեժիմին փոխանակ 1994 թվականից քարշ տայինք Նյուրենբերգ, մենք դեռ մի բան էլ իրենց երես տվեցինք, ինքներս թուլացանք: Այո, մեզ այդ ընթացքում հյուծեցին, մեր տնտեսությունն ընկավ:
Ասեմ, որ զենքերից ես շատ լավ տեղյակ էի։ Ես գիտեի` Գառնիում ինչ է կատարվում, ես գիտեի` սահմանում կանգնած զինվորի ձեռքն ինչ կա։ Շատ բանից էի տեղյակ։ Այսինքն, պատերազմը երբ սկսվեց, մեր տղաները շարայինից բացի՝ որեւէ բանից տեղյակ չէին։ Կլուբնիկ էին ուտում ու շարային երգում: Բայց էլի եմ ասում՝ պատերազմը չի պարտվել զինվորը, այն պարտվել է քաղաքական վերնախավը։ Ու այսպես, եկանք, հասանք նոր Սումգայիթ՝ Արցախում, եւ դեմը չկարողացանք առնել։ Ի դեպ, միայն ես չեմ, որ ասում եմ՝ Սումգայիթ: Մի ադրբեջանցի կոչված ջարդուփշուր էր արել արցախցու ավտոմեքենան ու մեծ տառերով վրան գրել՝ Սումգայիթ։ Այսինքն, ինքը գիտեր՝ ինչ է կատարվել Սումգայիթում, բայց որեւէ հայ քաղաքական գործիչ, վերլուծաբան, պատմաբան, ազգագրագետ, հնագետ, քաղաքական վերնախավ չգիտի` ինչ է կատարվել Սումգայիթում։ Հենց հարցնես, կասեն՝ 26 հոգի են սպանվել։ Իսկ այդ ազերին, որը մտավ Արցախ, գիտի ինչ բան է Սումգայիթը։ Եվ այդ մեքենայի վրա մեծ տառերով գրված է Սումգայիթ։ Այսինքն, ինքը ցույց տվեց, որ՝ այո՛, մենք հասանք նրան, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ը Սումգայիթը մտցրեցինք Արցախ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը։
Սումգայիթը արդեն ոչ թե քաղաք է, այլ երևույթ է, որի դեմ մենք ոչինչ չարեցինք։ Ես, ճիշտն ասած, ահաբեկված եմ, որ դա կարող է արդեն այս կրծած տարածքի բեկորի վրա էլ կիրառվել...
— Մենք ինչի՞ վրա ենք զարմանում, եթե այս իրավիճակում, երբ հարեւան Իրանն այսօր պատերազմի մեջ է, իսկ մեր երկրի ղեկավարը «պերաշկի» ուտելով ման է գալիս: Մինչդեռ ամեն րոպե կարող է վտանգվել մեր երկրի անվտանգությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Այս պատերազմը մեզ պետք է զգաստացնի, մենք պետք է լինենք մաքսիմալ ճկուն, որովհետեւ մեծ համայնք ունենք ե՛ւ Իսրայելում, ե՛ւ Իրանում։ Մենք ունենք Երուսաղեմում հայկական կրոնի հիմնավորման բաժին, որն անընդհատ եղել է իսրայելական պետության, վստահ եմ՝ Բաքվից գրգռած թիրախ: Այնտեղ հայ համայնքին պետք է մաքսիմալ սատար կանգնենք, Իրանին` նույնպես։ Այսինքն, մենք այս երկու պետությունների արանքում շատ ճկուն պետք է լինենք։ Մենք պետք է շատ զգուշ լինենք, շատ հավասարակշռված: Թե ինչպես, չգիտեմ: Իսրայելն այսօր միանշանակ կարողանում է իրենով անել հզոր մի պետություն, ինչպիսին է օրինակ ԱՄՆ-ն: Եթե մենք Իսրայելի դեմ գնանք ինչ-որ առումով, ապա խնդիրներ կարող ենք ունենալ Ադրբեջանի հարցում՝ Միացյալ Նահանգների հետ: Պետք է այս հարցն էլ վերանայել: Մենք շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել:
Իմ հույսը իմ ժողովուրդն է, հանրությունը: Տեսեք, չեմ ասում իշխանությունը, ասում եմ՝ ժողովուրդը, ով պետք է կարողանա հասկանալ, որ Իսրայելում էլ հայեր ունենք, Իրանում էլ: Եվ նրանք երեկվա հայերը չեն, նրանք դարերով այնտեղ բնակվող հայ համայնքն է: Պետք է ընդունենք եւ չվախենանք ասել, որ եղել է պարսկահայաստան: Պատմությունը սա է: Ի վերջո, այնտեղի ժողովուրդը բավական հարգալից է վերաբերվում հայկական մշակույթին՝ այն, ինչ այնտեղ մնացել է իրենց վերահսկողության տակ, չի ավերվում: Մեր պայքարը պետք է լինի, որ այդ պատերազմը շուտ ավարտվի, եւ կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ: Իհարկե, մենք փոքր ենք, ու մեր խոսքը տեղ էլ չի հասնի, սակայն մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը պետք է լինի զգուշավոր:

