Ռեժիմը դրսից կոտրելու ցանկացած փորձ կհանգեցնի դրա արմատականացմանը, քան կապիտուլյացիայի. Իրանցի միջազգայնագետ
«ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ լայնածավալ պատերազմը ծանր սցենար է, բայց Իրանն այդտեղ անպատրաստ չի մտնում։ Իրանի առավելությունը աշխարհագրական դիրքն է, տարածքային խորությունն ու էներգետիկ երթուղիների վրա ազդելու հնարավորությունը,- նման դիտարկում է անում միջազգայնագետ Խայալ Մուազզինը՝ գնահատելով Իրանի պաշտպանունակությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների դեմ, որը սկսվել է փետրվարի 28-ին։
- Սպասվող ներքին քաոսի փոխարեն, որը կարող էր թուլացնել ռեժիմը ներսից, ամերիկյան վարչակազմը բախվեց իրանական հասարակության անսպասելի համախմբմանը։ Զոհված առաջնորդների սուգը, հակակառավարական ելույթների առիթ դառնալու փոխարեն, վերածվեց ազգային միասնության և արտաքին ագրեսիային դիմակայելու վճռականության ցուցադրության։ Առաջնորդի վերացման փորձը հոգեբանական շոկի և կառավարչական վակուումի վրա կատարված խաղադրույք է։ Սակայն Իրանը պատմականորեն համակարգը կառուցել է հենց արտաքին սպառնալիքների հաշվառմամբ։ Իշխանության իրանական մոդելը ոչ թե պերսոնալիստական է, այլ ինստիտուցիոնալ-գաղափարախոսական։ Գերագույն առաջնորդը կենտրոնական կերպար է, բայց կառավարելիության միակ աղբյուրը չէ։ Նրա վերացման դեպքում գործարկվում է Սահմանադրությամբ նախատեսված իրավահաջորդության մեխանիզմը Փորձագետների խորհրդի միջոցով, որն էլ որոշում է նոր ղեկավարին։ Զուգահեռաբար գործում են նախագահը, խորհրդարանը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Ազգային անվտանգության խորհուրդը։ Պետական մեքենան կապված չէ մեկ մարդու հետ։ Երկիրը տասնամյակներ շարունակ ապրում է պատժամիջոցների և սպառնալիքների ներքո, ուստի կայունության մեխանիզմները ներկառուցված են իշխանության ճարտարապետության մեջ։ Ավելին, խորհրդանշական կերպարի վերացումը հաճախ վերածվում է գաղափարախոսական մոբիզիլացման գործոնի։
Երկրի ճակատագիրը կարճաժամկետ հեռանկարում համախմբումն է, միջնաժամկետում՝ դերերի վերաբաշխումը էլիտաների ներսում, բայց առանց համակարգի փլուզման, երկարաժամկետում՝ արտաքին քաղաքականության մեջ «կոշտ գծի» ուժեղացումը։ Ռեժիմը դրսից կոտրելու ցանկացած փորձ կհանգեցնի ավելի շուտ դրա արմատականացմանը, քան կապիտուլյացիայի։
- ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ մարտական գործողությունները ներկայումս ընթանում են ողջ ծավալով, և դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև մենք չհասնենք մեր բոլոր նպատակներին։
- Թրամփի հայտարարությունը պատերազմը «մինչև բոլոր նպատակների իրագործումը» շարունակելու մասին ճնշման քաղաքական բանաձև է։ Սակայն պատերազմի իրական տևողությունը որոշվում է ոչ թե հայտարարություններով, այլ կողմերի՝ կորուստներ կրելու կարողությամբ։ Եթե հակամարտությունը վերածվի ձգձգվող փուլի՝ ենթակառուցվածքներին հասցվող հարվածներով և տարածաշրջանի համար տնտեսական հետևանքներով, ճնշումը կմեծանա նաև ԱՄՆ-ի ներսում։ Ամերիկա-իսրայելական տանդեմի նպատակները չեն սահմանափակվում միջուկային թեմայով։ Միջուկային ծրագիրը հարմար միջազգային փաստարկ է։ Ռազմավարական նպատակը Իրանի՝ որպես ինքնուրույն տարածաշրջանային ուժային կենտրոնի չեզոքացումն է։ Խոսքը էներգետիկ հոսքերի նկատմամբ վերահսկողության, Իրան-Ռուսաստան-Չինաստան առանցքի արգելափակման և Արևմտյան Ասիայում ամերիկյան ազդեցության պահպանման մասին է։ Ռեժիմի փոփոխությունը կամ պետականության թուլացումը ավելի լայն քաղաքական մտահղացում է, քան պարզապես ուրանի հարստացման դադարեցումը։ Եթե հարցը բացառապես տեխնիկական լիներ, այն կարելի էր լուծել տեսչությունների և համաձայնագրերի ձևաչափով։ Բայց հակամարտությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական ճարտարապետության համար մղվող պայքարի բնույթ է ստացել։
-Կա՞ նոր բանակցությունների հավանականություն։
- Այս պահին բանակցությունների սկսման հավանականությունը չափազանց ցածր է։ Իրանում հասարակական տրամադրությունները կողմնորոշված են ոչ թե ճնշման տակ փոխզիջման գնալուն, այլ հատուցմանը և ինքնիշխանության պաշտպանությանը։ Հարվածներից և ղեկավարության զոհվելուց հետո հասարակության զգալի մասը ցանկացած բանակցություն ընկալում է որպես կապիտուլյացիա պարտադրելու փորձ։ Իրանն արդեն երկու անգամ ցուցադրել է դիվանագիտական գործընթացի պատրաստակամությունը։ Սակայն հասարակական ընկալման մեջ ԱՄՆ-ն օգտագործել է բանակցային ձևաչափերը որպես ճնշման և ժամանակ շահելու գործիք, այլ ոչ թե որպես կարգավորման ազնիվ մեխանիզմ։ Դա խաթարել է վստահությունը։ Հակամարտության ընթացիկ փուլում բանակցությունների քաղաքական գինը Թեհրանի համար չափազանց բարձր է։ Առանց պայմանների փոփոխության և ուժային ճնշման դադարեցման՝ երկխոսության հավանականությունը նվազագույն է։ Հորմուզի նեղուցի փակումը համաշխարհային շոկ կդառնա. դրանով է անցնում համաշխարհային նավթի մատակարարումների զգալի մասը։ Էներգակիրների գները կտրուկ կաճեն։ Դա կհարվածի համաշխարհային տնտեսությանը և ճնշում կստեղծի արևմտյան կառավարությունների վրա։ Հենց Իրանի համար դա նույնպես տնտեսական կորուստներ են, սակայն ռազմավարական զսպման տրամաբանության մեջ նման քայլը դիտարկվում է որպես հակամարտության գինը ցուցադրելու գործիք։

