ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը
ՄիջազգայինՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի կողմից դաշինքի անդամ երկիր Թուրքիայի ուղղությամբ հարվածը. Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ իր օդային տարածք ուղղվող հրթիռը ոչնչացվել է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի կողմից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը։ ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողքին, մինչ Իրանը շարունակում է իր անխտիր հարձակումները տարածաշրջանում», – ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը։
«Մեր զսպման և պաշտպանության դիրքերը մնում են ուժեղ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ օդային և հակահրթիռային պաշտպանության», – հավելել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքները հատելուց հետո Թուրքիայի օդային տարածք հասած բալիստիկ հրթիռը ժամանակին վնասազերծվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Տուժածներ չկան։

