Հարվածները շատ ավելի նպատակային ու ինտենսիվ էին, առհասարակ փոխվել էր Իրանի տակտիկան․ Իսրայելն այսօր
Իսրայելի հայկական համայնքում զոհեր, տուժածներ չկան, ի տարբերություն 2023-ի, երբ հայկական համայնքը ունեցավ 2 զոհ։ Արդեն երկրորդ տարին է, բարեբախտաբար, հայկական համյանքը դիմանում է, փորձում ենք Իսրայելի ժողովրդի հետ դիմագրավել բոլոր փորձություններին, որոնք բաժին են ընկել մեզ այս տարիներին։ Շատ են խոսում տարհանումների մասին․ նախ ասեմ, որ Իսրայելի օդը փակ է, օդային փոխադրումներ գոյություն չունեն, հնարավոր է մոտ օրերս բացեն իսրայելական ավիափոխադրողների համար օդը, որոնց պաշտպանում է իսրայելյան օդուժը եւ իսրաելյան F-16-ը,-անդրադառնալով Իսրայելում հայ համայնքի վիճակին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը, ընդգծելով․
-Հայկական համայնքը շատ կուռ է եւ Իսրայելի ժողովրդի հետ հավասար պայքարում է , անգամ կարճ ժամանակով տեղի հայ համայնքը չի ցանկանում լքել Իսրայելը։ Այս պատերազմական իրողությունները, ցավոք, մեզ համար դարձել են առօրյա կյանքի մի փուլ, տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ նման սրացումների ականատեսն ենք դառնում։ Այ՛ո, պետք է խոստովանանենք, որ իսրայելա-իրանյան երկրորդ պատերազմը շատ ավելի դաժան էր, հարվածները շատ ավելի նպատակային ու ինտենսիվ էին, առհասարակ փոխվել էր Իրանի տակտիկան, բայց Իսրայելը, բարեբախտաբար, հրթիռների խոցելիության առումով շատ ավելի լավ է խոցում իրանական հրթիռները, քան նախորդ անգամները։ Ինչ վերաբերում է պատերազմի տարիներով ձգվելու, ապա վստահաբար ոչ մի կողմն էլ շահագրգիռ չէ պատերազմը տարիներով ձգելու, չկան նման ռեսուրսներ։ Իրանը պատերազմից առաջ խոսում էր 2500 հրթիռի մասին, որը նա բաժանել էր ըստ պետությունների, ըստ տարածքների, որով այս պահին էլ խոցում է բոլոր Պարսից ծոցի երկրները, այդ թվում ՝ Հորդանանը, հասել են մինչեւ Կիպրոս։ Հարվածները հասցվում են հիմնականում խաղաղ բնակչության վրա, ճիշտ Իրանում էլ խաղաղ բնակիչներ են զոհվում, որովհետեւ պատերազմը այնպիսի բան է, որ հնարավոր չէ առանց մարդկային զոհերի։ Իսրայելում կան հազարից ավել վիրավորներ։ Հիմնականում երկրի վրա ընկնում են խոցված հրթիռների կտորները, դրանից են մարդիկ հիմնականում վիրավորվում, այլ ոչ անմիջական հրթիռահարումներից։
Իսրայելի և ԱՄՆ-ի հզորությունը Իրանը չունի։ Նա մնացել է միայնակ, և մի քանի տեղեր, որ Իսրայելում պատահաբար հրթիռներ են ընկել կամ մի քանի շրջանների են հարվածել ԱԹՍ-երը, և «Հզբոլլահն» է հիմա միացել Լիբանանում, ես չէի նախանձի Իրանին՝ այաթոլլայի ռեժիմին, որովհետև նրանց հրամանատարական կազմի մեծ մասը արդեն սպանված է, այդ թվում այաթոլլա Ալի Խամենեին։ Այնպես որ այս իրենց հրամանատարական կազմի վերացումները շարունակվելու են հանձինս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների և նրանց ռազմական հենակետերի։ Այսօր արդեն Իրանի միջուկային օբյեկտներին շատ լուրջ հարվածներ են հասցվել։ Իրանը հնարավորություններ չունի շաբաթներ շարունակ խոշոր արաբական պետությունների՝ օրինակ ԱԷՄ-ի, Քաթարի, Հորդանանի հետ պատերազմելու։ Նրանք հարվածել են նաև ֆրանսիական և անգլիական ռազմական հենակետերին և կարող էին պատերազմի մեջ մտնի նաև Ֆրանսիան և Անգլիան։
Այաթոլլաները կարծում էին, որ նորից պետք է 5-6 փուլ ձգձգեն, և ոչինչ չանեն ԱՄՆ-ն ու Իսրայելը, իսկ պահանջները շատ հստակ էին, և այդ պահանջներից որևէ մի կետի համար Իրանը զիջումների չգնաց ոչ մի հարցում։ Այսինքն՝ մի ռեժիմ, որը սեփական ժողովրդին սպանում էր, մորթում, ապա այդ մարդկանց հետ ինչ պետք է միջազգային հանրությունը բանակցեր՝ հանձինս Իսրայելի ու ԱՄՆ-ի։
-Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի վրա հարձակման մասին։ Ի՞նչ էր կատարվել իրականում։
-Դրանք եղել են ֆեյք լուրեր։ Ես հիմա գտնվում եմ Թել Ավիվում, մենք ամեն օր անցնում դառնում ենք վարչապետի գրասենյակի կողքով, դրանք Իրանի կողմից համացանց սփրդած հերթակական կեղծ լուրերն էին։ Մեր ղեկավարները բունկերներում չեն թաքնվում, մեր վարչապետը բունկերներում պահ մտնողներից չէ։ Իսրայելը Հայաստանից շատ ավելի փոքր երկիր է, եւ մենք այս ամենի ականտեսն ենք, այնպես որ տարածվող հեքիրաթները եւ իրականությունը 360 աստիճանով տարբեր է։ Չգիտես ինչու շատ հայեր ուզում են, որ Իսրայելը կործանվի չգիտես ինչու։ Իսրայելը իր գոյաբանական կռիվն է տանում, ես զարմանում եմ նման մարդկանց վրա։ Հիմա ինչ անենք, որ Իսրայելը նորմալ պետություն է ի տարբերություն շատ այլ պետությունների, որն ունի աշխարհի ամենաուժեղ օդային եւ քաղաքացիական պաշտպանությունը։ Ես հասարակ օրինակ բերեմ, Աստված մի արասցե, եթե մի հատ հրթիռ ընկնի ՀՀ-ի վրա՝ հայերը գիտե՞ն, թե որտեղ են պատաստպարվելու, Դուք կոնկրետ գիտեք, թե որտեղ է գտնվում Ձեզ ամենամոտ ռմբապաստարանը, եթե հիմա տագնապ հնչի։ Արդյո՞ք Երեւանում լուցկու տուփերի նման կառուցվող շինությունները ունեն պաշտպանված սենյակներ, նկուղներ, որտեղ պատերազմի ժամանակ կարող են թաքնվել։
Հազարավոր հրթիռներ են ուղարկվում Իսրայել, բայց ընդամենը մեկ տասնյակ մարդ է մահանում, ինչո՞ւ, ոովհետեւ իսրայելի ցանկացած քաղաքացի գիտի, թե որտեղ է պատերազմի ժամանակ պատսպարվելու, ուր է մտնելու եւ ինչպես է պաշտպանվելու։ Այստեղ ցանկացած շենք ունի ռմբապաստարան եւ պաշտպանված սենյակ, որը 25 տոկոսով բարձրացնում է բնակարանի գինը, բայց փրկում մարդկային կյանքեր պատերազմի ժամանակ։

