«Ժողովուրդ». Կա քրեական վարույթ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի շուրջ աղմկոտ պատմությունը մտել է քրեական փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը չկատարելը)։
Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ այս փուլում «իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»։
Հիշեցնենք՝ հրապարակային տեղեկությունների համաձայն, գործընթացը մեկնարկել է Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա և վերաբերում է դատարանի որոշման ոչ նյութական մասին՝ հրապարակային ներողություն խնդրելու պարտավորությանը։
Արդյոք նախաքննությունը կհանգեցնի պատգամավորի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն, որի համար գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է Ազգային ժողով գնա՝ մեղադրանքի թույլտվության համար, պարզ կդառնա քննության հաջորդ փուլերում։
Ժողովուրդ օրաթերթը հետևողական է այս թեմային, և անհրաժեշտ է տեղեկացնել, որ Արթուր Հովհաննիսյանը իրավապահներին արդեն հայտնել է, թե դատավճիռն այնպես է կայացվել, որ 1-ին լրատվականի և ԱԺ լրատվականի միջոցով ներողություն խնդրելը ՔՊ խմբակցության քարտուղարի համար հասու միջոցներ չեն։ Մինչդեռ նա կարող է հանգիստ գրություն ուղարկել և լրատվամիջոցին, և ԱԺ լրատվական վարչությանը՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ կատարելու դատավճիռը։ Ինչու չի արել, ինչ պատասխան է ստացել՝ դեռ անհասկանալի է։
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանն այն անձն է, ում 2017-ին նրա ավտոմեքենայի միջից ոստիկանները գտել էին 0.24 մգ թմրանյութ, նրան ձերբակալել էին, հարուցվել էր քրեական վարույթ։ Հիմա Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ երկրորդ վարույթն է հարուցված՝ այս անգամ դատավճիռը չկատարելու հիմքով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

