ՇՏԱՊ. Վահագն Չախալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Ներքաղաքական«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ առողջական վիճակը: Այս մասին «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել նրա պաշտպաններից փաստաբան ՎՐԵԺ ԽԱՉԻԿՅԱՆԻ հետ զրույցում:
«Նախ նշեմ, որ Վահագն Չախալյանն իր առողջության վերաբերյալ չէր ցանկանում որեւէ տեղեկություն հրապարակել: Դատարանում մենք երբեւիցե չենք բարձրաձայնել այդ մասին: Բայց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ դեռ շաբաթ օրվանից: Նա ենթադրում է, որ երիկամի քարն է շարժվել: Մարդն արյուն է միզում», - ասաց փաստաբանը:
Ի դեպ, դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը մարտի 4-ին լրանում է եւ նրա խափանման միջոց կալանքը պետք է փոխարինվի տնային կալանքով:
«Պատկերացրեք, թե վիճակն ինչքան վատ է, որ մարդը չի համբերել գա տուն: Ստիպված դիմել է, որ շտապօգնություն կանչեն: Մինչդեռ այսօր՝ առ ժամը 14:00-ի դրությամբ շտապօգնություն չէին կանչել: Բուժօգնություն չեն ցուցաբերում: ՔԿՀ-ում կա բուժծառայություն, բայց այդ անձիք դրսեւորել են անգործություն բառիս բուն իմաստով: Պետք չէ բժիշկ լինել՝ հասկանալու համար, որ եթե մարդն արդեն արյուն է միզում, ուրեմն՝ գործ ունենք կյանքին սպառնացող հանգամանքների հետ», - ընդգծեց Խաչիկյանը:
Փաստաբանը նշեց, որ ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն մինչ այս պահը տեղեկացված չէ՝ որեւէ քայլ ձեռնարկել են, թե՝ ոչ:
«Հիմա պատրաստվում եմ ՔԿՀ գնալ, որովհետեւ այլ տեղեկություն չունեմ»,- հավելեց փաստաբանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

