Մեր հարեւան երկիրը կենաց մահու կռիվ է տալիս, իսկ մեր իշխանության ղեկին հայտնված խեղկատակը նարդի է խաղում. Դավիթ Ջամալյան
Ներքաղաքական«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆՆ անդրադարձել է Իրանում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին եւ դրա անմիջական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության վրա:
«ԹՐԱՄՓԸ ՇԱՏ ՄԵԾ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏՎԵԼ»
— Պարոն Ջամալյան, Իրանը ռմբակոծվեց Իսրայելի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:
— Վստահաբար կարող ենք ասել, որ ԱՄՆ նախագահ Թրամփը շատ մեծ սխալ է թույլ տվել: Արդեն իսկ այս պահին առկա տվյալներն իմի բերելով գալիս ենք այն հետեւության, որ առաջին կաթվածահար անող հուժկու հարվածը իր նպատակին չի հասել: Հուժկու եղել է, սակայն ոչ կաթվածահար անող: Իրանական պետական համակարգը աշխատում է, առ այս պահը որեւէ ներքին խժդժություններ չկան, քանի որ Իրանի մեր բարեկամները ճշգրիտ հետեւություններ են արել եւ երկրի թիկունքը ապահովել էին ամեն տեսակ դավադիր լրտեսական խափանարար գործողությունների հեռանկարից: Ուղղակի մաքրել էին երկիրը ամեն հնարավոր լրտեսական դիվերսիոն գործողություններից, ամերիկական, բրիտանական լրտեսական տարերից:
Այս պահին երկրում ընդհանուր առմամբ վիճակը խաղաղ է: Այո՛, իրանական կողմն ունի մեծ կորուստներ, սակայն ագրեսորին՝ Իսրայելին ու Միացյալ Նահանգներին, չի հաջողվել կաթվածահար անել Իրանական պետականությունը: Ռազմական մեքենան գործում է եւ ամենից կարեւորը, հիմա մենք տեսնում ենք, որ անմիջապես իրանական կողմը պատասխան շատ ցավոտ հարվածներ է հասցնում, ընդ որում՝ ոչ միայն Իսրայելին, այլ նաեւ ամերիկյան կողմին: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Միացյալ Արաբական Էմիրությունների գլխավոր շտաբը խոցվել է՝ շատ ճշգրիտ հարվածով, իսկ այնտեղ առնվազն տասնյակ բարձրաստիճան զիվորականներ կարող էին լինել: Այն, որ այդ օբյեկտը խոցվել է, նշանակում է, որ իրանական կողմն ունեցել է ստույգ տվյալներ, որ այնտեղ միայն արաբական Միացիալ Էմիրությունների զինվորականությունը չէ, որ ներկա է եղել: Հավանաբար այնտեղ ներկա են եղել Միացիալ Նահանգների ներկայացուցիչներ, եւ ճշգրիտ հարվածով խոցվել են: Բայցի այդ, մենք տեսնում ենք ամերիկյան բազաները կրակի մեջ՝ Քաթարում, տարբեր հատվածներում եւ այլն:
Այնպես որ, Իրանը պատրաստ է, հարվածում է եւ այս պահի դրությամբ, ըստ իս, բարոյահոգեբանական առավելություն ունի, քանի որ երբեւէ Միացիալ Նահանգները միաժամանակյա այսպիսի հարվածների տակ չի եղել, ու դա իրենք էլ են խոստովանում: Չեմ կարծում, թե երկար կտեւի այս ագրեսիան, որովհետեւ Թրամփը թեպետ մեծ սխալ է գործել ու տեղի է տվել հրեական ճնշումներին եւ գնացել է այդ արկածախնդրությանը, բայց իրենք շատ լավ հասկանում են՝ Վաշինգտոնում երկարատեւ պատերազմի ո՛չ բարոյահոգեբանական, ո՛չ էլ տնտեսական ռեսուրս չունեն: Հատկապես հոգեբանորեն պատրաստ չեն մեծ կորուստների ո՛չ ամերիկյան հասարակությունը, ո՛չ էլ Թրամփի վարչակազմը: Իսկ Թրամփի ներքաղաքական հակառակորդները անհամբերությամբ սպասում են վերջինիս ձախողմանը: Հատկապես հիմա: Նոյեմբերին Նահանգներում միջանկյալ ընտրություններ են լինելու եւ Թրամփը շատ մեծ ռիսկի գնաց՝ դիմելով արկածախնդրության: Հիմա մենք կարող ենք ասել, որ իրանական կողմը շատ տպավորիչ պատասխան է տալիս:
— Այսինքն՝ գոնե այս պահի դրությամբ կարո՞ղ ենք ասել, որ իսրակելա-ամերիկյան ագրեսիան իր նպատակին չի հասել:
— Կարծում եմ՝ իրադարձությունները զարգանում են Նահանգների համար շատ անցանկալի: Նաեւ Իսրայելի համար անցանկալի սցենարով: Իրանական կողմը չի կանգնելու եւ, ըստ իս, այդ առաջին տպավորիչ հաջողություններն ավելի են ոգեւորելու իրենց: Տեսնենք, թե ինչ ընթացք կստանա իրադարձությունների զարգացումները: Համենայնդեպս, Իրանը ոչ միայն կարողացավ այս պահի դրությամբ դիմակայել, այլ նաեւ շատ լուրջ պատասխաններ է տալիս: Արդեն իսկ շատ ու շատ մեծ կասկածի տակ է՝ առհասարակ իրանական կողմին կկարողանա՞ն զգալիորեն թուլացնել: Կարծում եմ՝ կորուստներ կլինեն, բայց կաթվածահար չի լինի իրանական պետությունը:
Ամեն դեպքում, բռնի իշխանափոխության սցենարի որեւէ նախադեպ առ այս պահը չենք տեսնում: Այնպես որ, իրադարձությունների զարգացման վեկտորն արդեն այս պահին ի վնաս ամերկա-իսրայելական ագրեսիվ կոալիցիայի է: Նույնիսկ Եվրոպայից են հնչում բավականին ոչ հաճո հայտարարություններ Վաշինգտոնի համար: Օրինակ, Իսպանիան է հայտարարել, որ իրենք դեմ են այս ամենին եւ այլն: Մի խոսքով, շատ տպավորիչ է իրանական պատասխանն ու Իրանի կեցվացքը:
«ՍԱ ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ՉԻՄԱՆԱԼ ՈՒ ՉԿԱՆԽԱՏԵՍԵԼ»
— Եթե, այնուհանդերձ, շարունակվի այս պատերազմը, ի՞նչ ազդեցություն կունենա այն մեր տարածաշրջանի, տնտեսության վրա, եւ արդյոք իրադարձությունները կհասնեն մինչեւ Մեղրի:
— Հենց այդ նպատակն էլ ի սկզբանե հետապնդել են իսրայելա-ամերիկյան ուժերը: Եթե նկատել եք, անգամ կոչ է հնչել, այսպես կոչված, Իրանի հյուսիսում գտնվող ադրբեջանցիներին ոտքի կանգնել, իսկ դա մեր պետականության համար կատարյալ աղետ է նշանակում: Դա նշանակում է, որ մենք թուրքական կապով փակվում ենք եւ մեր շրջափակումը դառնում է ամբողջական: Աստված չանի, Իրանի պետականությունը թուլանա եւ անկում ապրի ու անջատողական շարժումները թափ հավաքեն: Այն ինչ հիմա տեղի է ունենում Իրանում, նաեւ մեծապես ձեռնտու է Թուրիային եւ Ադրբեջանին: Հիմա նրանք սպասողական վիճակում են՝ կեղծավոր դիվանագիտություն են խաղում, բայց փաստ է մի բան, որ, Աստված չան,ի եթե Իրանի հյուսիսը անջատվի այդ պետությունից եւ թուլանա իրանական կենտրոնական իշխանությունը, մենք կհայտնվենք կատարյալ շրջափակման մեջ:
Ի դեպ, օրվա իշխանության ամենամեծ հանցանքներից մեկը, մեր պետականության հանդեպ հենց այն է, որ հուսալի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ, իրենք վերջին տարիների նպատակաուղղված նվազագույնի են հացրել՝ իբրեւ այլընտրանք, առաջին պլան բերելով Հնդկաստանը, եւ ինչ-որ զինատեսակներ են բերում, որոնց մի մասը անգամ հնդկական բանակում դեռեւս կիրառված չէ: Այդ սպառազինությունը մենք պետք է ստանանք միայն Իրանի տարածքով: Չկա երկրորդ երկիր, որի օդային կամ ցամաքային տարածքով մենք այդ զինատեսակների ռազմամթերքները կարողանանք ստանալ: Հիմա եթե Իրանի հյուսիսը ապակայունանա, այստեղ նշանակում է թուրքերն են առաջին պլան գալիս, ու դա նշանակում է, Հնդկասատնի զենքի մատակարարումներն ու սպառազինության մատակարարումներն ուղղակի կանգնելու են: Սա չէր կարելի չիմանալ ու չկանխատեսել:
Սակայն օրվա կառավարիչներն իրենց տերերի կողմից հակառուսական մաղձով պատված ու ուղորդված, պետականությունը դնելով լրջագույն ռիսկերի տակ՝ գնացել են այդ քային: Այո՛, Ռուսաստանից էլ սպառազինությունների մատակարարումն Իրանի տարածքով է եղել եւ, իհարկե, Իրանին եթե բան պատահեր, այստեղ խնդիրներ կառաջանային ռուսական զենքի մատակարարման հետ կապված, բայց քանի որ մեզ ու ռուսներին կապում է հեռահար ռազմավարական շահը, մեր այստեղ լինելը՝ տարածաշրջանում Հայաստանի սյուբեկտաինությունը կենսականորեն պետք է Ռուսաստանին, ապա, բնականաբար, ընդհանուր կենսական շահերից ելնելով՝ ռուսները միշտ էլ կգտնեն մի ոչ ստանդարտ ճանապարհ՝ անհրաժեշտ զենքն ու զինամթերքը Հայաստան տեղ հասցնելու համար: Իսկ հնդիկներին բացի կոմերցիայից ոչինչ մեզ իրար հետ չի կապում: Եվ այն, ինչ կարող է անել Ռուսաստանը նման իրավիճակում, որպեսզի անհրաժեշտ ապրանքը ուղարկի Հայաստան, երբեք չի անի Հնդկաստանը, քանի որ սա իրենց համար կոմերցիա է, որպեսզի ռազմական արտադրանքը միջազգային շուկայում առաջ մղեն: Եթե սա համագործակցաբար արվեր, եթե լրացնելու տրամաբանությամբ բացի ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հիմնական խողովակներից նաեւ որպես լրացում մենք Հնդկաստանից ինչ-որ բան ձեռք բերեինք, ապա՝ բրավո, ոչ մի խնդիր, բայց այդպիսի պետականակենտրոն մտածելակերպով մարդիկ չէն այսօր Հայաստանի իշխանության ղեկին: Դրա համար մեր անվտանգությանը մեծագույն սպառնալիքներ են ստեղծել իրենք:
Ի դեպ, մեր հարեւան երկիրը կենաց մահու կռիվ է տալիս, իսկ մեր իշխանության ղեկին հայտնված խեղկատակը նարդի է խաղում: Օրինակ, 2008-ին, երբ Վրաստանը հարվածեց հարավային Օսիային ու սկսվեց վրաց-ռուսական հակամարտությունը, հնարավոր չէ որեւէ կերպ պատկերացնել, որ այդ պահին Սերժ Սարգսյանը կարող էր գնալ ինչ-որ մի «բեսեդկայում» շախմատ խաղալ:
«ԿՐԿԵՍ ԳՆԱՑԵՔ, ԲԱՅՑ ԾԱՂՐԱԾՈՒԻՆ ՄԻ՛ ԲԵՐԵՔ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱԹՈՌԻՆ ԴՐԵՔ»
— Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունն իրականացվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի եւ միջազգային իրավունքի ցինիկ խախտմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ նիստ գումարելու կոչ է արել, Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ չի մասնակցելու ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածներին: Ի՞նչ կասեք աշխարհի արձագանքի մասին:
— Նրանք բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ իրանական հակահարվածը իսկապես շատ տպավորիչ է: Այս հայտարարություններն ուղղակի հաստատումն են նրա, որ իրանական կողմը շատ լուրջ հակահարված է տալիս: Ի պատիվ մեր իրանական բարեկամների՝ասենք, որ այս վերջին տարիներին իրենք իրենց երկիրն ինքնաբավ են դարձրել, ունիկալ կառավարման համակարգ են ստեղծել, եւ հիմա մենք տեսնում ենք, որ իրանական պետականությունը շատ արժանապատվորեն դիմակայում է այդ մարտահարավերներին եւ հայտարարություններն այս ու այն կողմից արված հուշում են, որ իրանական պատասխանը լուրջ է, քան կարող էին սպասել:
Կցանկանայի նաեւ ասել, որ կրկին ու կրկին մեր ժողովուրդը թող համեմատի՝ 2018-ին ում էին մերժում եւ ում բերեցին: Ում մերժում էիք, ինչպես էր իրեն դրսեւորում, Հայաստանի համար շատ վտանգավոր այդ օրերին: Ողջ մեր դիվանագիտությունն աշխատում էր՝ ինչ-որ կերպ հնարավոր նվազագույնի հասցնելու բացասական հետեւանքները, իսկ այսօր թիվ մեկ կապիտուլյանտն ու խեղկատակը նարդի է խաղում:
Ժողովուրդ ջան, եթե ձեզ զվարճություն է պետք, կրկես գնացեք, բայց ծաղրածուին մի բերեք երկրի ղեկավարի աթոռին դրեք: Գնացե՛ք կրկես, ձեր ժամանցն ապահովեք:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

