Այս երկիրը վերածվում է միջազգային մասշտաբի խուլիգանի. Աղմկահարույց գործերով փաստաբանը ԱՄՆ գործողությունների մասին
Կարծիք հայտնելու իրավունքը մարդու բնական և անօտարելի իրավունք է։ Այն ամրագրված է թե՛ ազգային սահմանադրություններով, թե՛ միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով։ Մարդկային արժանապատվության և իրավահավասարության սկզբունքը վեր է քաղաքական կոնյունկտուրայից և ուժային հարաբերություններից։
Սակայն միջազգային հարաբերություններում հաճախ գործարկվում է ոչ թե իրավունքի գերակայության, այլ ուժի գերակայության տրամաբանությունը։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը բազմիցս խախտվել է քաղաքական նպատակահարմարության պատրվակով։ Երբ ռազմական, տնտեսական կամ քաղաքական լծակներն օգտագործվում են որպես ճնշման միջոց՝ շրջանցելով միջազգային իրավական ընթացակարգերը, դա այլևս չի կարող դիտարկվել որպես «աշխարհակարգի պահպանում»։
Միացյալ Նահանգները, որը երկար տարիներ ներկայացվել է որպես «ազատ աշխարհի առաջնորդ» և միջազգային անվտանգության համակարգի երաշխավոր, մի շարք դեպքերում հանդես է եկել ոչ թե որպես իրավակարգի պահապան, այլ որպես միակողմանի որոշումներ պարտադրող սուբյեկտ։ Միջազգային իրավունքի ընտրովի կիրառումը, պատժամիջոցների ինստիտուտի քաղաքականացումը, այլ պետությունների ներքին գործերին միջամտության պրակտիկան հակասում են թե՛ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի ոգուն, թե՛ jus cogens նորմերի տրամաբանությանը։
Պետություն, որը պահանջում է մարդու իրավունքների պահպանում այլ երկրներից, բայց սեփական քաղաքական շահից ելնելով անտեսում է նույն սկզբունքները, փաստացի ձևավորում է երկակի ստանդարտների համակարգ։ Իսկ երկակի ստանդարտը միջազգային հարաբերություններում իրավական կատեգորիա չէ․ դա քաղաքական հեգեմոնիայի գործիք է։
Եթե միջազգային հարաբերություններում հաստատվում է «ուժն է ծնում իրավունք» բանաձևը, ապա քանդվում է ամբողջ իրավական ճարտարապետությունը, որի հիմքում դրված էր Նյուրնբերգյան սկզբունքներից հետո ձևավորված պատասխանատվության գաղափարը։ Այդ դեպքում միջազգային իրավունքը դառնում է ոչ թե պարտադիր նորմերի համակարգ, այլ ընտրովի կիրառվող քաղաքական գործիք։
Պատմությունը ցույց է տալիս, որ գերիշխանության ցանկացած ձև, որը դուրս է գալիս իրավունքի սահմաններից, ենթարկվում է հակազդեցության։ Բումերանգի օրենքը քաղաքական գործընթացներում հաճախ գործում է ավելի անխուսափելի, քան դիվանագիտական հաշվարկները։ Մեծ ուժը չի ազատում մեծ պատասխանատվությունից։ Ընդհակառակը՝ այն բազմապատկում է այն։
Իրավունքի ուժը պետք է վերականգնվի ուժի իրավունքի փոխարեն։ Հակառակ դեպքում միջազգային համակարգը կշարունակի սահել դեպի վերահսկվող քաոսի մոդել, որտեղ փոքր պետությունները դառնում են մեծերի շահերի բախման առարկա։
ԱՄՆ ն իմ պատկերացումներով եղել է իրավական ,գերհզոր երկիր։ Ցավոք,այս երկիրը վերածվեւմ է միջազգային մասշտաբի խուլիգանի' բխող բոլոր կործանարար հետևանքով այդ երկրի համար։
Փաստաբան' Լևոն Բաղդասարյան

