ԱՐԹԻԿԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
ՄշակութայինՕրերս տոնական տրամադրություն էր տիրում Հայաստանի վարդագույն տուֆով հայտնի քաղաք Արթիկում։ Գեղարվեստի դպրոցն անվանակոչվեց Հայաստանի վաստակավոր և ժողովրդական նկարիչ, Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ /ԹԱԹՈՍ /անվամբ։ Այս առթիվ կայացավ շատ գեղեցիկ միջոցառում, բացվեց անվանատախտակ։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Միջոցառմանը ներկա էին Վարպետը Հրանտ Թադևոսյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, գրականագետ Սամվել Մուրադյանը, ճանաչված արվեստագետներ, մտավորականներ, հյուրեր։
Բացելով անվանատախտակը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը նշեց, որ դպրոցի անվանակոչությունը հարգանքի տուրք է ուղղված վրձնի մեծ վարպետին, երախտիքի և գնահատանքի քայլ նրա անցած ստեղծագործական ուղու նկատմամբ, նաև շատ կարևոր իրադարձություն Արթիկ համայնքի մշակութային կյանքում։ Ըստ համայնքի ղեկավարի մեղատաղանդ նկարչի աշխատանքների ոգեշնչման աղբյուրը հայրենի բնաշխարհն է, նրա կտավները պատկերավոր են, անկեղծ, գունային ընկալումները խիստ անհատական։ Անան Ոսկանյանը վստահեցրեց, որ գեղարվեստի դպրոցի հիմնանորոգումը Արթիկ համայնքի օրակարգում է։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանի խոսքով, հաճելի է նման պատվի արժանանալ ողջության օրոք, ինչը նաև շատ պարտավորեցնող է կապը դպրոցի հետ ավելի սերտացնելու, իսկական բարեկամության վերածելու առումով։ Սիրելի գեղանկարչին իրենց սրտի խոսքն ուղղեցին հայտնի արվեստագետներ Երվանդ Բիչախչյանը, Մեխակ Էլբակյանը, Սամվել Մարտիրոսյանը, Դավիթ Դավթյանը, անվանի գրականագետ Սամվել Մուրադյանը։ Միջոցառմանը հաջորդեց Գեղարվեստի դպրոցի այն սաների պարգևատրման արարողությունը, որոնք հաղթական տեղեր էին զբաղեցրել Unisef Art - 2026-ում, 86 սան գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը, նրանց մրցանակները հանձնեց անձամբ Վարպետը։ Անդրադառնալով օրվա խորհրդին Հրանտ Թադևոսյանը ընդգծեց իր կապը հայրենի եզերքի հետ։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նա նշեց. «Ավանդույթները մեր համայնքի գոյության առանցքն են, իսկ մեր Արթիկի տարածաշրջանում ապրում է իր մեջ ներուժ կրող, ստեղծարար ու հնագույն ժողովուրդ։ Այդ ներուժը պետք է գնահատել, պահպանել ու ներկայացնել ամբողջ աշխարհին։ Իմ և իմ անունը կրող դպրոցի կապը շատ ամուր է լինելու։ Հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեմ, որ դպրոցի կողքին լինեմ»։
Գեղարվեստի դպրոցի տնօրեն ԱՐԱ ՄԵՐԳԵԼՅԱՆՆ էլ ողջունելով ներկաներին ընդգծեց, որ դպրոցը տարիների ընթացքում ձևավորել է բազմաթիվ անվանի արվեստագետների, որոնք այսօր շարունակում են աջակցել կրթօջախին։ Նրա խոսքով, դպրոցի անվանակոչությունը Հրանտ Թադևոսյանի անունով, կնպաստի արվեստագետների և կրթական հաստատությունների համագործակցության առավել ամրապնդմանը, կրթական մակարդակի շարունակական բարձրացմանը և նոր ստեղծագործական ձեռքբերումներին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

