Լոնդոնի եւ Փարիզի միջուկային ավանտյուրան չաշխատե՞ց
ՎերլուծությունԹրամփի համար ներկա փուլում, իհարկե, խնդիր են դարձել նաեւ Զելենսկու կամակորությունները: Այսպես, պայմանավորված էր, որ այս օրերին Ժնեւում պետք է կայանար ՌԴ–ԱՄՆ–Ուկրաինա վերջին բանակցային փուլը: Ամերիկացիներն Ուիտկոֆի, ասենք նաեւ պետքարտուղար Ռուբինոյի մակարդակով լավատեսորեն սկսել էին խոսել նաեւ Պուտին–Թրամփ–Զելենսկի հանդիպումից: Բայց ահա պարզվեց` Ժնեւում եռակողմ հանդիպումը հետաձգվում է եւ, հավանաբար, կլինի մարտի առաջին օրերին: Վերջին պահին միայն հայտարարվեց, որ ամերիկացիները կհանդիպեն ուկրաինացիների հետ. երեւի առանձին ասելիք կա:
Պատճառը եւս դժվար չէ հասկանալ. Զելենսկին նորից հանդիպեց եվրագլոբալիստների հետ եւ սկսեց խոսել` ոչ մի Դոնբաս էլ չի հանձնի թեմայով: Հաջորդեց Թրամփի եւ Զելենսկու հեռախոսազրույցը, որը, դատելով Axios-ի փոխանցած լուրերից, ծանր է անցել: Ըստ աղբյուրի. «Թրամփը Զելենսկուն ասել է, որ ցանկանում է տեսնել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ավարտը մեկ ամսվա ընթացքում: Հաջորդեց պետքարտուղար Ռուբինոյի զգուշացումը` ԱՄՆ-ն չի ցանկանում հեռանալ Ուկրաինայում հակամարտության կարգավորումից, սակայն Թրամփի համբերությունն անսահման չէ: Այսինքն, այս ամենը գալիս է հուշելու, որ Վաշինգտոնը գործընթացի նման վիճակի մեղավոր շարունակում է դիտարկել բացառապես Զելենսկուն` շարունակելով ճնշումները նման ուղղությամբ: Ամբողջ հարցն այն է, թե այդ ճնշումները բավարա՞ր են, կան, որ ավելի վատ է, դրանք իրականում է՞լ կան:
Սակայն մեկ գործոն եկավ հուշելու, որ իրականում իրավիճակը մի փոքր ավելի բարդ է, քան երեւում է: Խոսքը ռուսական հետախուզության հայտարարության մասին է, որ Լոնդոնն ու Փարիզը մտածում են Ուկրաինային միջուկային զենք փոխանցել, որը նրանց պատկերացմամբ Զելենսկու համար կդառնա Թրամփի ասած այն խաղաթուղթը, ինչը կարող է իրավիճակ փոխել: Այն, որ ռուսները բացեցին այդ տեղեկատվությունը, իհարկե, պատահական չէ: Թերեւս, իմաստը հետեւյալն է. միջուկային զենքի փոխանցումը եւ Ուկրաինայի կողմից դրա տնօրինումը նախ` հակասում է միջուկային զենքի չտարածման պարտավորություններին: Երկրորդը, Ռուսաստանը դա կդիտարկի իր դեմ ուղղված հարձակում, ընդ որում, հարձակում նաեւ զենք տվողի կողմից: Խորքային իմաստով, դա կասկածի տակ է առնում, որ Մոսկվայի հնարավոր պատասխանի դեպքում Ֆրանսիայի եւ Բրիտանիայի համար կգործի ՆԱՏՕ–ի 5–րդ հոդվածը: Կարճ ասած, Մոսկվան պարզ ակնարկեց, որ նման դեպքում կարող է դիմել միջուկային զենքի, որի պարագայում ԱՄՆ–ն հազիվ թե Ֆրանսիայի եւ Բրիտանիայի թիկունքին կանգնի:
Մակրոնն ու Սթարմերը շտապեցին հերքել, թե ինչ եք ասում, նման բան չկա: Բայց հետեւեց նաեւ Կրեմլի ռեակցիան. «Այս դեպքում տարօրինակ կլիներ ենթադրել, որ նրանք միաձայն կհաստատեն դա: Բայց, իհարկե, մեզ համար այստեղ ամենակարեւորը մեր հետախուզական ծառայության ունեցած տեղեկատվությունն է: Սա անհիմն տեղեկատվություն չէ: Եվ հաշվի առնելով մինչ այժմ տեղի ունեցած ամեն ինչի փորձը, մենք կարող ենք բարձր աստիճանի վստահությամբ ենթադրել, որ դա իսկապես այդպես է: Սա հենց այն սպառնալիքն է, որը գոյություն ուներ: Հուսանք, որ այս հետախուզական տեղեկատվության ժամանակին հրապարակումը, ի վերջո, կկանխի այս խելագար, լիովին խելագար պլանների իրականացումը»:
Կարճ ասած, Մոսկվան սպասում է, որ Լոնդոնի եւ Փարիզի այս հերթական խաղի բացահայտումը եւ կանխարգելիչ պատասխանի սպառնալիքը կկանխի այդ քայլը: Բայց նաեւ, իհարկե, Մակրոնն ու Սթարմերը հասկանում են, թե ինչ ավանտյուրայի մեջ են մտել եւ որը կարող է լինել դրա դիմաց հատուցումը: Առավել եւս, հաշվի առնելով, թե երկուսն էլ սեփական երկրում ինչ կարգի խայտառակ վարկանիշ ունեն: Բայց, երբ չնայած այդ գիտակցմանը, նրանք գնացել են այդ ավանտյուրային, նշանակում է, որ ամենավերին տիկնիկավարներն իրավիճակից դուրս գալու այլ տարբերակ չեն տեսել կամ չունեն, քան միջուկային շանտաժի գնալը:
Կշարունակե՞ն այդ խաղը, իրավիճակը կարող է հասնել Արմագեդոնի: Չե՞ն շարունակի, կարելի է մտածել, որ Թրամփի վերջին գոռգոռոցներից հետո Զելենսկին ստիպված կլինի տեղավորվել սահմանված մեկամսյա ժամկետի մեջ:
Մոսկվան էլ, թերեւս, դեռ կսպասի, թե մարտի սկզբներին բանակցությունները կշարունակվե՞ն եւ ի՞նչ արդյունքով: Միաժամանակ շարունակում է հրթիռային հարվածներն Ուկրաինային, արդեն նաեւ սկսելով էներգետիկայից զատ, նաեւ գազային համակարգը զրոյացնել:

