Նիկոլը շարունակում է դատաիրավական համակարգի պաշտոնյաներին իրեն հանցակից դարձնելու քաղաքականությունը. Մաս 4-րդ
ՆերքաղաքականԵրբ Հայաստանը խորապես թաղված է քաղաքական ու համակարգային կոռուպցիայի մեջ, Նիկոլ հայադավի կողմից դատական համակարգն ուզուրպացված է, իրավապահ համակարգը գրպանված, այդ նույն իրավապահ համակարգում հանցագործությունների մասին հաղորդումներին համապատասխան ընթացք տալու փոխարեն, ոմանք առերեւույթ կերպով իրենք են կատարում հանցագործություններ:
Փետրվարի 14-ին Հայաստանի բռնապետության դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ, իսկ Քննչական կոմիտեի կողմից, որպես խափանման միջոց, արգելվել է Հայաստանից Վեհափառ Հայրապետի ելքը:
Վեհափառ Հայրապետը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու այն նույն ակնհայտ անհիմն, շինծու եւ անհեթեթ մեղադրանքով, ինչով ավելի վաղ մեղադրանք էր ներկայացվել Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) անդամ հոգեւորականներին: Կատարվածը բացի Եկեղեցու ներքին գործերին ուղիղ միջամտություն լինելուց, բացի Ավստրիայում փետրվարի 16-17-ը նախատեսված Եկեղեցական մեծ ժողովի (եպիսկոպոսաց ժողովի) կայացմանը, ամենայն հավանականությամբ, խոչընդոտելու նպատակն ունենալուց, նշանակում է, որ Հայաստանի դատախազությունում, ինչպես եւ քննչական կոմիտեում անտեսում, արհամարհում ու դյուրությամբ խախտում են Հայաստանի Սահմանադրությունը, մարդու իրավունքներին առնչվող միջազգային պարտավորությունները, ՄԻԵԴ համապատասխան նախադեպային որոշումները, Քրեական ու Քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան դրույթները:
Դե եթե քննիչներին, դատախազներին, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին այս ամենը կարելի է, այլոց օրենքից հարկադրաբար դուրս գործելու եւ քրեական օրենսդրության որոշ դրույթներ զանց առնելու առումով չի՞ կարելի: Այնպես որ, բնավ չզարմանաք ու չբողոքեք կամ չոռնաք, երբ մի գեղեցիկ օր կվայելեք ձեր ցանած սերմերի դառը պտուղները…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կատարված հանցագործության առնչությամբ նույն օրը՝ փետրվարի 14-ին, հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է եւ խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:
Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական եւ կրում են ընդգծված քաղաքական բնույթ։
Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական եւ հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։
Այս ամենը նաեւ անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների եւ դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել եւ մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների եւ քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը» (նույն հայտարարությունը հրապարակվել է նաեւ անգլերենով ու ռուսերենով)։
Որեւէ կասկած չունեմ, որ Նիկոլ հայադավի, նրա ուզուրպացրած դատական համակարգի եւ գրպանած իրավապահ համակարգի համար Մայր Աթոռի վերոնշյալ հայտարարությունը լինելու է ձայն բարբառո անապատի, ինչպես եղավ տվյալ հայտարարությունից 4 օր առաջ՝ փետրվարի 10-ին, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի կողմից հրապարակված Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետեւյալ խոսքը. «Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջեւ է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում եւ հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։ Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը եւ լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգեւոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգեւորականներ՝ սարկավագներից մինչեւ եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ «Եկեղեցին բոլորիս հոգեւոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է եւ պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջեւ»։
Արձագանքելով Հայաստանի դատախազության կողմից Վեհափառ Հայրապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում նույն օրը գրել է՝ «Ազգային խայտառակություն ու իրավունքի եղծում. սեւ օր Հայոց պատմության մեջ» ,եւ հանդես եկել մի քանի մեկնաբանություններով ու դրանք ներկայացրել տեսագրությամբ:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ընդգծել է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելու փաստը, մեղմ ասած, ամոթալի է.
«Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։
Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց բացակայելու արգելք խափանման միջոց։
Սա պատմական խայտառակություն է։ Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է»,- Newday.am-ի փոխանցմամբ, ասել է Մելիքյանը:
Կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի դատախազության կողմից քրեական հետապնդումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաեւ իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, հայտնի իրավաբան, փաստաբան Արամ Վարդեւանյանը եւ ուրիշներ:
Նկատի ունենալով վերոշարադրյալը, հոդվածագրիս գնահատողական դատողությամբ, Հայաստանը խորապես ախտահարած քաղաքական ու համակարգային կոռուպցիայի պայմաններում, ելնելով խմբային շահերից, Հայաստանի դատախազությունում ու Քննչական կոմիտեում առերեւույթ կատարվել է Քրեական օրենսգրքի 480-րդ հոդվածի («Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը») 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, որի վերաբերյալ հանցագործության մասին սույն հրապարակային հաղորդմամբ դիմում եմ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին ու պահանջում ձեռնարկել Հայաստանի օրենսդրությունից բխող համապատասխան միջոցներ:
Սույն հաղորդումն անտեսելու դեպքում այս ամենից գլխավոր հետեւությունն այն է լինելու, որ Նիկոլ հայադավի, նրա ուզուրպացրած դատական համակարգի եւ գրպանած իրավապահ համակարգի համար Մայր Աթոռի առնչությամբ Սահմանադրություն, օրենք եւ օրինականություն գոյություն չունեն, ինչպես եւ գոյություն չունեն հայադավի իշխանության քաղաքական ընդդիմության հարցում, հետեւաբար չպետք է սին հույսեր կապել նրանց կողմից օրենսդրության պահանջները կատարելու, հանցագործությունների մասին հաղորդումներին համապատասխան ընթացք տալու կամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, եւ պետք է միավորված անցնել երկրում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանը: Թե ինչպե՞ս՝ դա էլ ժողովուրդը կորոշի, որին այնքան հղումներ էր կատարում Նիկոլ հայադավը 2018-ին:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

