Հետեւողական եմ լինելու, որպեսզի մեղավորները պատասխան տան. Նաիրի Սարգսյան
Հասարակություն«Իրավունք»-ը ամիսներ առաջ անդրադարձել էր Փաշինյանի նախկին օգնական ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեսանյութին, որում խոսվում է Հյուսիս-Հարավ մայրուղու շինաշխատանքների կասեցման մասին: Սարգսյանը լինելով հետեւողական` կրկին տեսանյութ է հրապարակել, այս անգամ այն վերնագրելով դրական տեղաշարժ: Այս մասին վերջինս առավել մանրամասն խոսեց մեզ հետ զրույցում:
— Դուք կրկին անդրադարձել եք Հյուսիս-Հարավ մայրուղու շինաշխատանքներին եւ, կարծես թե, դրական տեղաշարժ նկատել: Կմանրամասնեք, ինչի՞ մասին է խոսքը:
— Այո, վերջապես լավ լուր ունեմ Հյուսիս-Հարավ ճանապարհի ընդհատվող հատվածից: Երեք տարի չորս ամիս քննվող դատն ավարտվեց: Եվ սա նախնական արդյունքով դրական տեղաշարժ է, քանի որ դատավորը մերժել է հողի սեփականատեր, նախկին ազատամարտիկ Արշակ Արշակյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության: Հայցվորը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Նա ուներ 15 օր ժամանակ, սակայն այնքան ձգձգեց, դիտավորյալ սպասելով վերջին օրվան, նոր բողոքարկեց, որպեսզի կրկին երկարացվի շինարարության պրոցեսը:
Ինչպես գիտենք, 2022 թվականից շինարարությունը կանգ է առել, եւ ոչ մի աշխատանք չի կատարվում: Պարզապես կցանկանամ ասել, որ առաջին ատյանով դատական գործը ավարտվեց, որը համարում եմ դրական տեղաշարժ: Հիմա եթե Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները ուժի մեջ թողնեն այս ատյանի վճիռը, շինարարությունը կլինի մոտ ժամանակում: Այսինքն, եթե որոշումը շուտ կայանա, ապա ամռանը քաղաքապետարանը կարող է շարունակել շինարարական աշխատանքները: Ես հետեւողական եմ լինելու այս հարցում եւ մինչեւ վերջ գնալու եմ: Նաեւ պիտի հետեւեմ, որ մեղավորները պատասխան տան, ում պատճառով այսքան տարի ձգձգվել է այս ճանապարհի կառուցումը:
— Անդրադառնանք նաեւ քաղաքի ասֆալտին: Շատերը խոսում են, որ շինարարական աշխատանքները՝ ասֆալտապատումը, դիտավորյալ կատարում են գիշերային ժամերին, որպեսզի չնկատվի, որ չեն օգտագործում բիտում: Սրան ի՞նչ կասեք:
— Դա իրականության հետ ոչ մի աղերս չունի: Կարծում եմ, որ նման աշխատանքները պետք է գիշերն անել, որպեսզի չխանգարի երթեւեկությանը: Ինչ վերաբերում է բիտում օգտագործել-չօգտագործելուն, ապա ասեմ, որ քաղաքապետարանը պետք է խիստ վերահսկողություն սահմանի: Հիմա նաեւ ակտիվ քաղաքացիներն են վերահսկում ասֆալտապատման աշխատանքները, որը, կարծում եմ՝ արդյունավետ է: Քանի որ գտնվում են անբարեխիղճ շինարարներ, որոնք չեն վախենում քաղաքապետարանի վերահսկողներից, սակայն բլոգերներից վախենում են, որ հանկարծ չգան եզրաքարերը պոկեն, նկարեն եւ հրապարակեն: Ցավոք, չեն ասում՝ որակով անենք, որ քաղաքացու համար լավ լինի, այլ զուտ վախենում են հանրային պարսավանքից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

