«ԿԱՇԽԱՏԵՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԵՎՍ ԿՐԿՆԵԼ ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍպորտՎերջերս Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացել է Քրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի 37-րդ հուշամրցաշարը։ Մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները ազատ և հունահռոմեական ոճերում նվաճելով 26 մեդալ։Մասնակցել են 14 երկրի ըմբիշներ։
Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել ոսկե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ծնունդով Արմավիրից ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Նարեկ, հաղթանակի առթիվ։
- Շնորհակալ եմ։ 74 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Ընդհանուր անցկացրել եմ չորս գոտեմարտ։ Այնպես ստացվեց, որ բոլոր հակառակորդներիս կարողացա հաղթել բացարձակ առավելությամբ, առանց որևէ միավոր զիջելու։ Առաջին գոտեմարտում 10։0 հաշվով հաղթեցի Լատվիայի ներկայացուցչին, երկրորդ ու երրորդ գոտեմարտերում պարտության մատնեցի Լեհաստանի ներկայացուցիչներին, եզրափակչում 9։0 հաշվով պարտության մատնեցի մյուս լեհ մրցակցիս։ Ամենաբարդը առաջինը ստացվեց լատվիացու հետ պայքարը, մի քիչ լարվածություն կար ինձ մոտ, քանի որ առաջինն էր։ Կաշխատեմ Եվրոպայի առաջնությանը ևս կրկնել այս հաղթանակը։
- Նարեկ, ինչ խնդիրների ես բախվել սպորտում։
- Երկու անգամ ծնկի վիրահատության եմ ենթարկվել ու ապաքինվել, փառք Աստծո, հիմա լավ մարզավիճակում եմ գտնվում։ Մրցաշարի ժամանակ էլ շատ լավ մարզավիճակում էի գտնվում, մարտական էի միայն տրամադրված։ - Շնորհակալություն, Նարեկ, հաճելի զրույցի համար։ Սպասենք արդեն քո հաջորդ հաղթանակին։
- Զգացված եմ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

