Թրամփին արդեն բացահայտ սպառնում են Քենեդու ճակատագրով
ՎերլուծությունԱյսպիսով, Թրամփը չի՞ կարող, թե չի՞ ուզում ավարտին հասցնել ուկրաինական գործընթացը (Տես նաեւ https://iravunk.com/?p=335064&l=am): Թերեւս այն, ինչ ներկա պահին կատարվում է Իրանի շուրջ, իր հերթին է հարցեր առաջացնում Թրամփի իրական հնարավորությունների մասին:
ԱՄՆ գործող նախագահն իրեն շատ է սիրում ներկայացնել որպես հաղթող: Այն կարգի, որ արդեն, Թրամփի խոսքով, անգամ «ինքն է հոգնել հաղթելուց»: Իրականում այդպես է, թե` ոչ, ամերիկացիները կիմանան: Առավել եւս, որ ԱՄՆ Գերագույն դատարանը օրերս «ջուրը լցրեց» Թրամփի «հաղթանակների» առնվազն կեսը` ապօրինություն հայտարարելով Թրամփի ամենասիրելի խաղալիքներից մեկը` այս–այն երկրին սեփական քմահաճույքով գերբարձր մաքսատուրքեր սահմանելը: Այս փաստը եկավ հուշելու, որ իրականում ներամերիկյան լարվածությունը գտնվում է եռացող մակարդակի վրա, եւ այնպես չէ, որ Թրամփն ունի հակառակորդների հանդեպ էական առավելություն: Իսկ դա, ըստ էության, շատ լուրջ ազդակ է ողջ աշխարհի համար. կպահի՞ Թրամփն իր ներկայիս դիրքերը գոնե մինչեւ այս տարեվերջ, երբ ծրագրված են Կոնգրեսի ընտրություններ, ու կա այդ կարեւոր կառույցը կորցնելու ռիսկ: Իսկ եթե չպահի, հաջորդ նախագահական ընտրություններին նա կունենա՞ անձամբ կամ միջնորդավորված վերարտադրման հնարավորություն:
Առավել եւս, որ մի շարք այլ խնդիրներ եւս գնալով տեսանելի են դառնում: Նախ, Թրամփն ակնհայտորեն կորցրել է իր հիմնական բազայի` MAGA-ի ամբողջական աջակցությունը։ Եվրոպան բացահայտորեն չի ճանաչում նրան: Նա փոխում է իր որոշումները մի քանի ժամը մեկ, եւ դրանք ավելի ու ավելի աբսուրդային են դառնում, եւ այսպես շարունակ: Բանը հասավ նրան, որ ռոտշիլդական The Economist-ի շապիկին ներկայացվեց Թրամփի դեմքը` Քենեդիի նկարը վրան (լուսանկարում): Իսկ սա արդեն անթաքույց ակնարկ է` Թրամփին սպառնում են Քենեդիի ճակատագրով։
Այսինքն, եթե դրսում կան կասկածներ Թրամփի քաղաքական ճակատագրի հետ կապված, ուրեմն միայն սրվելու է հարցը, թե իմաստ ունի՞ նրա հետ ինչ–որ լուրջ, առավել եւս` ճակատագրական հաշվարկներ կապել: Ամենաթարմ օրինակը. Գերագույն դատարանի այդ որոշումը բավական էր, որ Հնդկաստանը, որի հետ Թրամփը դժվարությամբ սկսել էր առեւտրային մեծ պայմանագրի նախապատրաստման գործընթաց, հիմա արդեն հրաժարվում է դրանից:
Ահա այս ամբողջական ֆոնին էլ, Թրամփի համար իսկական փորձադաշտ է դառնում Իրանի հետ կապված իրավիճակը:
Արեւմտյան աղբյուրների կողմից փետրվարի 21-ին խոստացված Իրանի դեմ հարձակումը տեղի չունեցավ: Բացատրում են` վերջին պահին ԱՄՆ-ն որոշեց օրը տեղափոխել: Նույնիսկ նոր օր են նշում` փետրվարի 23–ին կամ 24–ին: Սակայն մեկ բան հաստատ է. Իրանի վրա հարձակվելու որոշում Թրամփն այդպես էլ դժվարանում է կայացնել, չնայած այն մեծ ուժերին, որոնք կենտրոնացրել է: Ընդ որում, այստեղ կա նաեւ այն հարցը, թե արդյոք հենց այդ տատանումների համար չէ՞, որ Թրամփին սպառնում են Քենեդու ճակատագրով: Մոտավորապես նման գնահատում է տիրում նաեւ իրանական փորձագիտական շրջանակների մոտ: Այն է` «Թրամփը հիանալի հասկանում է, որ այս պատերազմից արժանապատվորեն դուրս չի գա: Սակայն նա պարզապես այլ ընտրություն չունի, քանի որ սիոնիստական ռեժիմը կամ կվերացնի նրան սպանության միջոցով, կամ կհրապարակի Էպշտեյնի մնացած փաստաթղթերը՝ լիովին վարկաբեկելով նրան եւ նետելով պատմության աղբանոցը»։
Իսկ հարձակվելու դեպքում այլ հետեւանքներ կարող են լինել: Նախ` նոր խնդիրներ ներամերիկյան դաշտում: Այսինքն, ինչ անուն էլ որ Թրամփը փորձի տալ Իրանի վրա հարձակմանը, իրողությունն այն է, որ նա այս պահին այստեղ ավելի մեծ ուժեր է կենտրոնացրել, այդ թվում` ամերիկյան ավիացիայի մոտ կեսը, քան իրաքյան պատերազմի ժամանակ: Այսինքն, Իրանի վրա հարձակումը չես գրանցի «պատժիչ օպերացիա» կամ նման այլ տերմինով. սա պատերազմ է` ամերիկյան օրենսդրությունից բխող իմաստով: Մինչդեռ առանց թույլտվության նախագահը եթե պատերազմի մեջ է մտնում, դա ոչ թե մեկ, այլ մի քանի իմպիչմենտի առիթ է:
Առավել եւս, որ այդպես էլ կասկածի տակ է մնում այդ պատերազմի արդյունավետության հարցը: Իրանցի փորձագետը կարծում է, որ այս շաբաթ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կարող են հարձակում սկսել Իրանի վրա, որով, ըստ էության, Թրամփը «կստորագրի իրենց սեփական մահապատիժը»: Սա ակնարկ է, որ առանց մեծ կորուստների այս պատերազմից Թրամփը դուրս չի գա: Ու ի՞նչ կլինի, եթե հանկարծ նա մի քանի նավ, էլ չասած` ավիակիր կորցնի: Անգամ մի քանի տասնյակ զինվորական կորցնելը Թրամփը դժվար թե մարսի, եթե անգամ հաղթական պատերազմ ունենա: ԱՄՆ–ում, իհարկե, լիբերալներն էլ շատ կցանկանային իրանական խնդրից ազատվել, առավել եւս` Թրամփի ձեռքով: Բայց նաեւ, ազատվելով Իրանից, նրանք հաստատ առիթը բաց չեն թողնի, որ նաեւ Թրամփից էլ ազատվեն` ապօրինի պատերազմի, եւ հանուն դրա, ամեն մի զինվորականի կորստից իսկական ողբերգական շոու կկազմակերպեն:
Կարճ ասած, Թրամփն ի վիճակի՞ է իր համար նման բարդ, մի քանի ուղղությամբ ճնշումների պարագայում գլոբալ հարցեր լուծել, այդ թվում` ուկրաինական պատերազմի: Դրա նախադրյալները դժվար է տեսնել:
Բայց մյուս կողմից էլ կան տեղեկություններ, որ Թրամփի մերձավորներն արդեն իսկ խոշոր բիզնես–նախագծեր են սկսել ռուսների հետ: Այսինքն, իրականում կարող է այս խաղը մի քանի շերտով ավելի խորքային լինի, քան կարելի է տեսնել Թրամփի` ի ցույց դրվող պարզունակ գլուխգովանի կերպարի տակ:

