Երբ հայը զգում է, որ իր ցավը դարձել է քաղաքական հաշվարկի մաս, նրա և պետության միջև վստահությունը սկսում է նվազել
Տպավորություն է ստեղծվել, որ կարծես թե քաղաքական ուժերը արդեն իսկ պատրաստվում են հունիսին կայանալիք ընտրություններին։ Կան հայտարարություններ, որոնք խոսում են ապագայի մասին, կան նաև այնպիսիք, որոնք պարզապես ուշադրություն են հրավիրում ներկայիս ոչ հուսալի քաղաքական վիճակի մասին։ Հետևապես, բոլոր խոսույթները հանրագումարելով, հարց է առաջանում, թե Պետության գոյությունը սահմանների պահպա՞նումն է, թե՞ արժանապատիվ գոյության ապահովումը, և արդյո՞ք մենք կարող ենք ապահովել երկուսն էլ առանց Արցախի ճակատագիրը զոհաբերելու հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից.
- Ձեր հարցը բազմավեկտոր բնույթի է, հետևապես, փորձենք պատասխանի մեջ ներառել բոլոր իմաստները,իսկ դրա համար, կարծում եմ ողջամիտ կլինի, եթե նախքան հիմնական եզրակացության գալը, մի քիչ հեռվից գանք։
Պետության մասին խոսելիս մենք հաճախ սահմանափակվում ենք իրավական կամ քաղաքական սահմանումներով։ Պետությունը տարածք է, սահման է, կառավարություն է, բանակ է, միջազգային սուբյեկտ է։ Սակայն այս բոլոր սահմանումները վերաբերում են ձևին, ոչ թե էությանը։ Մինչդեռ ամենաառանցքային հարցը մնում է անպատասխան․ ինչո՞ւ է պետությունը գոյություն ունենում։
Դասական քաղաքական փիլիսոփայությունը պետության առաջացումը կապում է անվտանգության խնդրի հետ։ Մեծ մտածողները պետությունը տեսնում են որպես մեխանիզմ, որը կանխում է մարդկանց փոխադարձ ոչնչացումը։ Անվտանգությունը՝ որպես առաջնային պայման, որտեղ մարդը զիջում է իր ազատության մի մասը, որպեսզի պաշտպանված լինի ։Սակայն կան նաև այլ մտածողներ, որոնք պնդում են,որ պետության նպատակը միայն անվտանգությունը չէ, այլ նաև ազատության և արժանապատիվ գոյության ապահովումն է ։Այստեղ պետությունը դառնում է արժեքային կառույց։
Այս տարբերությունը տեսական չէ։ Այն որոշում է պետության բարոյական բնույթը։
Եթե պետությունը սահմանափակվում է ֆիզիկական գոյության ապահովմամբ, ապա այն վերածվում է կառավարման տեխնիկական համակարգի։ Այն պահպանում է կյանքը, բայց չի պաշտպանում իմաստը։ Այն պահպանում է մարմինը, բայց չի երաշխավորում արժանապատվությունը։Եթե օրինակ գնահատենք ՀՀ պետության դերը, ապա այն համապատասխանում է նշված բնութագրիչին։ Սակայն, այստեղ պետք է նկատել, որ մարդը միայն կենսաբանական էակ չէ։ Նրա գոյությունը ներառում է հիշողություն, ինքնություն, պատկանելություն, պատմություն։Այստեղ առաջանում է սկզբունքային հարց․ արդյո՞ք պետությունը պարտավոր է պաշտպանել նաև այդ ոչ նյութական չափումները։Արժանապատվությունը քաղաքական հռետորաբանության բառ չէ։ Այն քաղաքացու և պետության միջև բարոյական պայմանագրի հիմքն է։ Երբ քաղաքացին վստահում է պետությանը, նա հավատում է ոչ միայն իր ֆիզիկական պաշտպանությանը, այլ նաև այն բանին, որ իր ինքնությունը և պատմական արժանապատվությունը չեն դառնա հաշվարկի նյութ։ Եթե այդ վստահությունը խաթարվում է, պետությունը սկսում է քայքայվել ներսից՝ նույնիսկ եթե արտաքինից շարունակում է գոյություն ունենալ։Այդպիսի վիճակում էր Արցախը,որը կործանվեց,իսկ Հայաստանը չեղավ այն պետությունը, որը կարող էր շրջել այդ ցավալի իրողությունը։Ահա թե ինչու այս համատեքստում, Արցախի փորձությունը դառնում է չափորոշիչ կետ։ Խնդիրը տարածքային չէ միայն։ Տարածքները քաղաքական պատմության մեջ փոխվել են բազմիցս։ Սակայն, երբ հարցը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի պատմական ինքնությանը, հիշողությանը և հայրենազրկմանը, այն դուրս է գալիս զուտ աշխարհաքաղաքական հաշվարկի շրջանակից։Եթե պետության գոյության նպատակը սահմանների մեխանիկական պահպանումն է, ապա հնարավոր է որոշ հարցեր դիտարկել որպես փոխանակման առարկա։ Բայց եթե պետությունը նաև արժանապատվության պաշտպան է, ապա իրավիճակը փոխվում է։ Այդ դեպքում պետությունը չի կարող բարոյապես չեզոք լինել ազգի պատմական հայրենիքի կորստի նկատմամբ։ Անգամ եթե քաղաքական հանգամանքները սահմանափակում են գործնական հնարավորությունները, բարոյական դիրքորոշումը չի կարող վերացվել առանց հետևանքի։Պետությունը կարող է գոյատևել վախի հաշվին։ Կարող է պահպանել լռություն, կոչ անել համակերպման, ինչպես ներկայում։ Սակայն համակերպումը չի վերացնում ներքին ճգնաժամը։ Երբ հայը զգում է, որ իր ցավը դարձել է քաղաքական հաշվարկի մաս, նրա և պետության միջև վստահությունը սկսում է նվազել։ Իսկ վստահությունը պետականության ամենանուրբ, բայց ամենակարևոր հենասյունն է։
Անվտանգությունը պետության նվազագույն պայմանն է։ Առանց դրա պետությունը չի կարող գոյություն ունենալ։ Սակայն արժանապատվությունը նրա գոյաբանական նպատակն է։ Առանց արժանապատվության անվտանգությունը դառնում է ժամանակավոր և փխրուն։ Այն չի ստեղծում ներքին համախմբում, չի ձևավորում երկարաժամկետ կայունություն։Պետության ուժը չափվում է ոչ միայն բանակի թվով կամ դիվանագիտական հաջողություններով, այլ նաև այն բանով, թե որքանով է այն պաշտպանում իր քաղաքացիների ինքնության ամբողջականությունը։ Երբ պետությունը կանգնում է ընտրության առաջ՝ անվտանգությո՞ւն, թե՞ արժանապատվություն, իրականում հարցը ձևակերպված է սխալ։ Երկուսն էլ անհրաժեշտ են։ Սակայն եթե առաջինը դառնում է միակ չափանիշը, երկրորդի կորուստը անխուսափելիորեն հանգեցնում է առաջինի խոցելիությանը։ Արցախի փորձությունը մեզ ստիպում է վերանայել պետության մասին մեր պատկերացումը։ Պետությունը միայն գոյատևման գործիք չէ։ Այն պետք է լինի արժեքային համակարգի արտահայտություն։ Եթե այն դադարում է այդպիսին լինելուց, ապա նույնիսկ պահպանված սահմանները չեն ապահովում ներքին ամբողջականությունը։Ինչպիսին մենք տեսնում ենք։Մեր հայրենիքում չկա ներքին ներդաշնակություն։Գոյաբանական հարցը մնում է բաց, բայց անխուսափելի․մենք ուզում ենք ապրել պարզապես ապահով, թե՞ արժանապատիվ։ Պատասխանը որոշում է ոչ միայն քաղաքական ուղեգիծը, այլ նաև մեր պետականության ապագա որակը։ Անվտանգությունն առանց իրավական հիմքի՝ ընդամենը «դադար» է երկու պատերազմների միջև։ Արցախցիների վերադարձի իրավունքը և սեփականության պաշտպանությունը պետք է դառնան Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ թե բեռը, այլ գլխավոր լծակը։ Մենք չենք խնդրում խաղաղություն, մենք պահանջում ենք իրավունքների վերականգնում, որն էլ հենց խաղաղության միակ երաշխիքն է։

