Ոստիկանությունը զբաղված է միայն ՔՊ անդամներին պաշտպանելով. Կյուրեղյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ, անդրադառնալով Աջափնյակում տեղի ունեցած մարտական ֆիլմ հիշեցնող դեպքերին, ընդգծեց, որ այսօր հնարավորինս ավելանում է նման հանցագործությունների, գործողությունների թիվը։
— Ինչո՞ւ, որովհետեւ ոստիկանությունն այսօր զբաղված է միայն ՔՊ-ին, Նիկոլին ու նրա ընտանիքի անդամներին պաշտպանելով: Ոստիկանությունն այլ գործ չունի, քան հարյուրներով ու հազարներով ուղեկցի որեւէ ՔՊ-ականի, ուղեկցի Նիկոլ Փաշինյանին, նրա ընտանիքի անդամներին; Եվ, իհարկե, ժամանակ չունի հանրապետության, Երեւանի փողոցներում հետեւելու կարգ ու կանոնին։ Իսկ ոստիկանության թիվն օրեցօր ավելանում է, եւ արդյունքում ոստիկանության, պարեկների թվի ավելացումը դառնում է ուղիղ համեմատական այն քրեական հանցագործություններին, որ կատարվում են այսօր մեր երկրում ամեն օր:

