Նիկոլը շարունակում է դատաիրավական համակարգի պաշտոնյաներին իրեն հանցակից դարձնելու քաղաքականությունը. մաս 3-րդ
ՀրապարակախոսությունՀունվարի 31-ի առավոտվանից Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) եպիսկոպոս անդամներին ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել որպես մեղադրյալ նույն օրը Քննչական կոմիտե (ՔԿ) ներկայանալու համար: Հանրային քրեական վարույթում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներ են կայացվել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս ԳՀԽ-ի ոչ հոգեւորական անդամների նկատմամբ, որոնք քվեարկությամբ նույնպես մասնակից են եղել Մասյացոտնի թեմի նախկին թեմակալ առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ անելու հիմք հանդիսացած 27.01.2026թ․ որոշման ընդունմանը:
Վերոնշյալ քննչական գործողություններն առանձնացել են ոչ միայն ակնհայտ ապօրինությամբ, այլեւ այն աստիճանի ծայրահեղ հապճեպությամբ, որ որպես մեղադրյալ են ներգրավվել անգամ նիստերի սղագրության համար պատասխանատու քարտուղարին։ Վերջինս նույնպես ստացել է ծանուցագիր եւ որպես մեղադրյալ ներկայացել Քննչական կոմիտե։
ՔԿ-ում նմանաբնույթ որոշում է կայացվել նույնիսկ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ, որը, ընդառաջ Գերագույն հոգեւոր խորհրդի վերոնշյալ որոշմանը, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին։
Նրանք բոլորը վարույթում որպես մեղադրյալ են ներգրավվել Հայաստանի քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի («Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը») 2-րդ մասի հատկանիշներով՝ այն դեպքում, երբ նրանց արարքում տվյալ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը պարզապես չկա, գոյություն չունի՛: Ինչպես ԳՀԽ-ի անդամները, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսը գործել են բացառապես դավաբանական եւ կանոնական իրավունքի հենքով, իրենց իրավասության, իրենց լիազորությունների շրջանակում, ինչը հնարավոր չէ ասել քննիչի առնչությամբ:
Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունեցել, նախ նշենք, որ 2026թ. հունվարի 10-ին Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը ԳՀԽ-ի որոշմամբ ու Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, բացառապես դավանաբանական եւ կանոնական հիմնավորումներով հեռացվել է Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից: Սարոյանը, այնուհետեւ իր ավազանի անունով, որպես աշխարհիկ անձ, քաղաքացիական հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ իրեն Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցապահանջով:
Դատարանը, որը նկատի ունենալով Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածը (1-ին մաս. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը», 2-րդ մաս. «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»), տվյալ հայցը, որպես Եկեղեցու ներքին գործերին առնչվող, ընդհանրապես չպետք է ընդուներ վարույթ, այն զարմանալիորեն ընդունել է վարույթ:
Ավելին. դատավորն անտեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը, որն սպառիչ հստակեցնում է դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը եւ հիմքերը. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար»։
Ակնհայտ է, որ նախկին եպիսկոպոսի ենթադրյալ իրավունքը տվյալ դեպքում սահմանված չէ ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ որեւէ օրենքով, ավելին՝ վերջինս եպիսկոպոսի իր երբեմնի կարգավիճակը չի ստանձնել որեւէ պայմանագրի հիմքով, քանզի Եկեղեցու կանոնական իրավունքն ընդհանրապես չի նախատեսում այդպիսի կարգավորում։
Արտաքուստ այն տպավորությունն է, որ դատավորը գործել է Նիկոլ հայադավի կամ Նիկոլի հանձնարարությամբ իր ոհմակից մեկ ուրիշի պահանջով...
Դատարանը հայցը ոչ միայն վարույթ է ընդունել, այլեւ իր միջանկյալ որոշմամբ Հայաստանի Սահմանադրության, ՄԻԵԴ նախադեպային որոշումների, ընդհանրապես մեր երկրի օրենսդրության վերոհիշյալ դրույթների կոպտագույն խախտմամբ ու դրսեւորելով անսովոր հապճեպություն, անհապաղ բավարարել է հայցվորի կողմից հայցին կից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պարտավորեցրել է չխոչընդոտել Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի գործունեությանը, մինչեւ տվյալ վարույթով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի հրապարակումը, ապահովել Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Եվ, ահա, Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ անելու հիմք հանդիսացած ԳՀԽ-ի 27․01․2026թ․ որոշումից եւ նրան կարգալույծ անող Ամենայն հայոց կաթողիկոսի հիշյալ տնօրինությունից հետո Հայաստանի քննչական կոմիտեում նույն աննախադեպ շտապողականությամբ նախաձեռնվել է հանրային քրեական վարույթ, եւ ոմն քննիչ Սահմանադրության, ՄԻԵԴ նախադեպային որոշումների, ընդհանրապես մեր երկրի օրենսդրության համապատասխան դրույթների կոպտագույն խախտմամբ ԳՀԽ-ի նախագահ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ ԳՀԽ-ի մյուս անդամներին քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել: Որոշման հիմքում դրվել է այն շինծու մեղադրանքը, թե նրանք Սարոյանին կարգալույծ անող որոշմամբ ու տնօրինությամբ իբր խոչընդոտել են դատական ակտի (վերոնշյալ միջանկյալ որոշման) կատարմանը:
Իսկ ինչպե՞ս են խոչընդոտել, երբ ԳՀԽ-ի 27․01․2026թ․ որոշումը եւ իրեն կարգալույծ անելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը Սարոյանի համար բնավ չէին կարող խոչընդոտ լինել Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում իր` թեկուզ ապօրինի գործունեությունը շարունակելու համար: Ի՞նչ է՝ քննիչը պետք է փաստարկի, թե քանի որ Սարոյանը վերոնշյալ որոշմամբ եւ տնօրինությամբ այլեւս կարգալույծ էր արված, Մայր Աթոռի կողմից հոգեւորական չէր համարվում, չէ՞ր կարող շարունակել Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում իր գործունեությունը… Նույնը Սարոյա՞նը պետք է ասի... Չե՛ն կարող:
Չեն կարող այն պարզ պատճառով, որ Սարոյանը մինչեւ կարգալույծ արվելն էլ անտեսել, արհամարհել է մի շարք հոգեւորականների, ներառյալ եւ իր հակականոնական, խոտոր ու դատապարտելի վարքի, դրա պառակտիչ հետեւանքների վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությունները, դիրքորոշումը, նկատառումները, մտահոգությունները, հորդորները՝ արտահայտված նաեւ ԳՀԽ-ի 2025թ. դեկտեմբերի 18-ի եւ 2026թ. հունվարի 13-ի ժողովներում:
Ավելին. Սարոյանը, դեռ կարգալույծ արվելուց առաջ, անտեսել է նաեւ իրեն Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ԳՀԽ-ի 2026թ. հունվարի 10-ի որոշումը եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունը, եւ Նիկոլ հայադավի, մի շարք ոստիկանների եւ այլ անձանց հանցավոր միջամտությամբ Մասյացոտնի թեմում շարունակել հանդես գալ իբրեւ թեմակալ առաջնորդ՝ Նիկոլ հայադավի եւ այլոց հետ միասին հենց ինքն ապօրինաբար խոչընդոտելով թեմի բնականոն եւ օրինական գործունեությանը, ինչի համար նրանք պետք է հրավիրվեին ՔԿ, եւ պետք է հարուցվեր հանրային քրեական վարույթ:
Հետեւաբար, վերոնշյալ իրողությունը կամ նախադեպը նկատի ունենալով, Արման (կարգալույծ արվելուց հետո Գեւորգ Սարոյանի ավազանի անունը) Սարոյանին ԳՀԽ-ի 27․01․2026թ․ որոշումը եւ Վեհափառի տնօրինությունը նույնպես չէին կարող խոչընդոտել, որ շարունակեր Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում 2026թ. հունվարի 10-ից հետո իր թեկուզ եւ ապօրինի գործունեությունը: Իր նախկին նստավայր Սարոյանի մուտքը եւ այնտեղ վերջինիս ապօրինի գործունեությունը Ամենայն հայոց կաթողիկոսը եւ ԳՀԽ-ի մնացյալ անդամներից որեւէ մեկը ֆիզիկապես կամ տեխնիկապես չեն խոչընդոտել:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

