ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՎԻՎՏԱՇԻ «ՁՅՈՒԹԵ ՏՈՒՆԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՄշակութայինՕրերս տոնական տրամադրություն էր տիրում Գյումրիում, Շիրակի մարզային գրադարանը հյուրընկալել էր «Վիվտաշի արկածները» հաղորդաշարի հեղինակ և վարող ԱՆԱՍՏԱՍԻԱ ՎԻՎՏԱՇԻՆ և նրա ամուսնուն ԱՐՄԱՆԻՆ։
Կայացավ Անաստասիայի «ՁՅՈՒԹԵ ՏՈՒՆԸ» գրքի շնորհանդեսը։
Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Ընթացավ քննարկում, հանդիպման ընթացքը շատ հետաքրքիր էր ու անկեղծ, անկաշկանդ։ Հեղինակին ուղղված հարցերի պատասխաններում ներկաները շանս ունեցան ավելի լավ ճանաչելու թե գրքի գաղափարական ասելիքը, թե դրա ստեղծման պատմությունը։ Վիվտաշը նշեց, որ ճակատագրի հայեցողությանը հանձնված փոքրիկների ծանր կյանքի նկարագրի միջոցով, գիրքը պատգամում է ընտանիքներում ստեղծել ծնող ֊երեխա ամուր, փոխադարձ սիրո վրա հիմնված փոխհարաբերությունները։ Ծնողական հոգածությունը պետք է նեցուկ լինի երեխաներին, նրանց կյանքի ողջ ընթացքում երեխաները պետք է ապրեն առողջ ու ամուր ընտանիքներում» ։ Քննարկման ժամանակ բացահայտվեցին նաև հեղինակի կյանքի, ընթերցողներին մինչ այդ անհայտ հետաքրքիր պատմություններ։ Հանդիպումն առավել տպավորիչ ու անմոռանալի դարձրեց աճպարար ԱՐՄԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ, ով հանդես եկավ իր աճպարարական գեղեցիկ հնարքներով, լցնելով գրադարանի սրահը զարմանահրաշ ժպիտներով։ Օրվա մտերմիկ ու հետաքրքիր միջավայրը ևս մեկ առհավատչյան է այն բանի, որ գիրքն ու ընթերցանությունը կարող են միավորել մարդկանց։ Գիրք նվիրելու օրվա առթիվ Վիվտաշը իր գրքից նվիրեց Շիրակի մարզային գրադարանին, ինչպես նաև Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցին նվիրեց մակագրությամբ։ Միջոցառմանը ներկա էին գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը, Գյումրեցի անվանի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, դպրոցների աշակերտներ, հյուրեր։ Վիվտաշը իր գրքից նվիրեց նաև Գյումրիի թիվ 3 Արհեստագործական պետական ուսումնարանին։
«Ձյութե տունը» վիպակը հեղինակի առաջին գիրքն է։ Պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա։ Գիրքը պատմում է աշխարհիկ կյանքից կտրված մի վայրի մասին, որտեղ երեխաներն ապրում են առանց ծնողների դառնալով անծանոթ տիրուհու սահմանած օրենքների պատանդը։ Ծավալվող իրադարձությունները լի են առեղծվածներով, երբեմն դաժան փորձություններով և փրկության վերջին հույսով։ Վիվտաշի «Ձյութե տունը» վեպը խոր և հուզիչ պատմություն է, որտեղ մանկությունը չեղարկված է, իսկ սպասումը դառնում է գոյության միակ ձևը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

