Ամեն ինչ կախված է ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքից. Իսրայելյան
ՆերքաղաքականԻրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերի՝ հայտարարել է, որ չի հաջողվի կործանել Իսլամական Հանրապետությունը, ինչպես դա չի հաջողվել ԱՄՆ նախկին առաջնորդներից ոչ ոքի: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, իրանագետ ԱՐՄԵՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ասաց, որ Ալի Խամենեին միշտ էլ աչքի է ընկել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ կոշտ եւ անզիջում հռետորաբանությամբ: Նա իր կեցվածքով եղել է ծայրահեղ անհանդուրժողական ու իր վերաբերմունքը չի թաքցնում այդ երկու երկրների նկատմամբ:
— Քանի որ ներկայումս Թրամփը սպառնում է, որ կարող է ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ, Իրանի առաջնորդը կոշտ է մոտենում՝ այդ կերպ ցանկանալով զսպել ԱՄՆ-ին Իրանի դեմ հնարավոր ագրեսիայից զերծ պահելու համար: Պետք է ասել, որ արդեն Ժնեւում սկսվել են ԱՄՆ եւ Իրան բանակցություններն Իրանի միջուկային հարցով եւ շատ բան կախված կլինի դրանից: Եթե կողմերը հաջողության հասնեն ու գործարք կնքեն, ապա որեւէ ռազմական գործողություն Իրանի դեմ չի լինի: Իսկ եթե բանակցությունները տապալվեն, ապա շատ հավանական է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը նոր ռազմական հարվածներ հասցնեն Իրանին, ինչպես եղավ նախորդ տարի: ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է դադարեցնի միջուկային ծրագիրը, ուրանի հարստացումը եւ պաշարները դուրս բերի երկրի ներսից: Մինչդեռ Իրանը դրա դիմաց պահանջում է, որ իր վրայից հանեն պատժամիջոցները: Այսինքն, Իրանը պատրաստ է սահմանափակել իր միջուկային ծրագիրն ու ուրանի պաշարները երկրից դուրս հանել, սակայն փոխարենը ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները: Քանի որ Իրանը հիմա շատ ծանր վիճակում է գտնվում տնտեսական առումով, այդ պատժամիջոցների չեղարկումը օդ ու ջրի նման հարկավոր են իրեն: Տեսնենք, թե ինչպես կընթանան բանակցությունները: Ամեն ինչ կախված է այս բանակցությունների արդյունքից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

