Համապետական ընտրություններում «Գյումրի-2» չի լինելու, որքան էլ անդոները երազեն. Անի Խաչատրյան
ՆերքաղաքականՄամուլում եւ քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն ի սկզբանե մտադիր է եղել Նիկոլ Փաշինյանի հետ մեկ ցուցակով մասնակցել համապետական ընտրություններին, սակայն նրա առաջարկը մերժվել է:
Ըստ նույն աղբյուրների, մերժումն ունեցել է երկու պատճառ. առաջինը, որ Արամ Զավենիչը Վեհափառ Հայրապետի աջը համբուրել է, ինչն իշխանության կողմից չի ներվել նրան՝ անկախ հետագայում հնչեցված արդարացումից: Եվ հաջորդ պատճառը, որը շրջանառվում է, այն է, որ երկրորդ ուժ է Փաշինյանը փորձում մտցնել Ազգային Ժողով, որպեսզի անհրաժեշտության դեպքում՝ կոալիցիա կազմեն ու իշխանություն վերցնեն, ինչպես եղավ Երեւանի ավագանու պարագայում:
Մինչդեռ մամուլում կան պնդումներ, թե Արամ Զավենի Սարգսյանը կարծում է, որ իշխանությունը «քցում» է իրենց, քանի որ նույն էլեկտորատն ունեն, Երեւանի ավագանիում գրեթե մեկ միասնական ուժ են ներկայանում եւ քիչ հավանական է, որ իրենք անցողիկ շեմը հաղթահարեն. իշխանություն ընտրող մարդիկ «Քաղաքացիական պայմանագիր» են ընտրելու, ինչո՞ւ պետք է «Հանրապետությանը» ձայն տան։
Այս հարցերին պարզաբանման համար «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Հանրապետության» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
«ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԼԱՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՌՆՎԱԶՆ ԾԻԾԱՂԵԼԻ ԵՆ»
— Որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, որ Արամ Զավենիչին մերժել է Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ մեկ ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
— «Ելք» դաշինքից հետո՝ երբեւէ մեր եւ «Քաղաքացիական պայմանագրի» միջեւ ընտրություններին դաշինքով կամ մեկ ցուցակով մասնակցելու խոսակցություն չի եղել: Մենք որոշում ունենք, որոշումը թիմային է՝ մասնակցել «Հանրապետություն» կուսակցությունով, որովհետեւ մեր ուժերի, հնարավորությունների եւ քաղաքացիների քվեի վրա վստահ ենք ու նաեւ մեր վստահության քվեն չենք պատրաստվում ոչ ոքի հետ կիսել: Այնպես որ, մենք իշխանության հետ դաշինքի քննարկում չենք ունեցել:
— Տիկին Խաչատրյան, իսկ առհասարակ ինչպիսի՞ հարաբերություններ ունեն Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը:
— Վարչապետի եւ իր ղեկավարած ուժի հետ մենք եղել ենք մի թիմ, ունենք բազմաթիվ ընկերներ՝ մեր երկու թիմերից ընկերություն անող, այդ ընկերների շարքում է նաեւ վարչապետը: Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ մենք ընկերներ ենք եւ ոչ միայն «Քաղաքացիական պայմանագրի» հետ, բազմաթիվ այլ կուսակցություններ էլ կան, որոնց հետ ընկերություն է անում «Հանրապետություն»-ը: Արամ Սարգսյանի եւ Վարչապետի լարված հարաբերությունների մասին խոսակցությունները, առնվազն ծիծաղելի են մեր երկու թիմերի համար էլ, իրենց համար էլ: Հարաբերությունները մարդկային նույն ձեւաչափում են, ինչպես եղել է ընդիմադիր Փաշինյանի ժամանակից մինչեւ այսօր՝ վարչապետ Փաշինյան:
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԻՏԻ ՈՐՈՇԻ՝ ՁԱՅՆ Է ՏԱԼԻՍ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՍՈՒՐԲ ԱԿՏ ՀԱՄԱՐՈՂՆԵՐԻՆ, ԹԵ՝ ՈՉ»
— Ինչպես գիտենք, Դուք եւս ընդգրկված եք «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում: Հավատո՞ւմ եք հաղթանակին՝ այս աննախադեպ բարդ պայքարում, երբ ձեւավորվում են խոշոր նախընտրական դաշինքներ:
— Այո, ես լինելու եմ «Հանրապետության» ցուցակում եւ ասեմ ավելին, ոչ միայն հավատում եմ, այլ վստահ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության քվեն ստանալու ենք:
Ինչպես ասել եմ եւ կրկին ասում եմ, այս ընտրություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեախցիկ մտնելով, այդ 10 վայրկյանների ընթացքում պիտի քաղաքական աղբամանը նետի ռոբադաշնակադոնբասիանդոյաձեւիստախառը բոլորին: Պիտի որոշի՝ ձայն է տալիս հոկտեմբերի 27-ը սուրբ ակտ համարողներին, թե՝ ոչ: Պիտի որոշի Հայաստանի անկախությունը փոխում է ռուսական գուբերնիայի հետ, թե՝ ոչ: Պիտի որոշի՝ ուզում է ապրել խաղաղ եւ անկախ Հայաստանում, թե՝ ոչ: Ես վստահ եմ, որ այս ամենը վերլուծելով է ՀՀ քաղաքացին մոտենալու քվեախցիկին եւ ընտրելու է մեզ:
Հարկ եմ համարում շեշտել, որ համապետական ընտրություններում «Գյումրի-2» չի լինելու, որքան էլ անդոները երազեն: Այնպես որ, կարող են իրենց քարոզարշավը ռուսական RTR-ով անել, միեւնույնն է՝ իրենց Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չի լսելու:
— Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելուց հետո` ո՞րն է լինելու Ձեր կուսակցության առաջին քայլը:
— Հայաստանի Հանրապետության մտավոր, տնտեսական եւ բնական ռեսուսների հաշվառումը։ Նաեւ շատ կարեւորում ենք համաներումը, որը պիտի լինի պարտադիր օրենք՝ կոնկրետ ժամանակում եւ ոչ թե ըստ ցանկության:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

