Ո՞ւմ դիրքորոշումն է ներկայացնում Տեր Մանուկը, Ալլահշուքյուր Փաշազադեի՞. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՈւշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհին՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նա մասնավորապես գրել է. «Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե՛լ զուսպ, լինե՛լ կոռեկտ։ Շնորհակալություն»: Այս երկիմաստ հայտարարությունն արդեն իսկ դարձել է լայն քննարկման առարկա: Շատերը գտնում են, որ «Կրթվելը նորաձեւ է» արշավի համակարգող Հակոբյանը հաստատ գիտի, որ քաղաքացիական ամուսնությունը ԶԱԳՍ-ն է, հետեւաբար, եթե այն ավարտվել է, ուրեմն՝ կա՛մ բաժանվել են, կա՛մ ամուսնական զույգից մեկը մահացել է: Բայց ամբողջ հարցն այն է, որ սույն զույգը երբեք էլ չեն եղել ԶԱԳՍավորված, համենայնդեպս, այդպես էր պնդում Փաշինյանը: Մյուս կողմից, եթե խոսքը ճիշտ հակառակը՝ օրինական ամուսնության մասին է` օրենքի առաջ կամ եկեղեցու խորանի, թեկուզ տիրադավ մի քահանայի կողմից, ապա հաստատ առիթը բաց չէին թողնի՝ լուսանկարներով ու տեսանյութերով ողողելու համացանցը: Առաջ քաշված վարկածներից ամենադիպուկը թերեւս անվանի գրող Սերո Խանզադյանի թոռան՝ 44- օրյա պատերազմի մասնակից Արամ Խանզդադյանի կեսկատակ դիտարկումն է. «Փաստորեն, իմ թեզը որ Աննա Հակոբյանը ջհուդ ա, արդեն փաստացի ապացույցներ ա ստանում: Ըստ երեւույթին, Նիկոլը հրաժարվել ա Իրանի դեմ ագրեսիայի ժամանակ տարածք տրամադրել, դրա համար ջհուդները իրենց հարսին տարան: էս ազգը հլը շատ ժողովուրդներ ա կզցնելու…»: Ինչեւէ, թե, ի վերջո, ինչո՞ւ Աննա Հակոբյանը որոշեց մատի եւ մատանու արանքը տեղավորել հասարակության ուշադրությունը, եւ հիմա ինչի՞ց են փորձում շեղել, պարզ կլինի կարճ ժամանակ անց:
Իսկ դատավոր ՍԻՄԱ ԱԲՈՎՅԱՆԸ, կարծես թե, իրեն Ամենայն Հայոց կաթողիկոս է երեւակայում: Կարգալույծ քահանաներից Ստեփան Ասատրյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը եւ իրեն վերականգնել Հովհաննավանքի հոգեւոր հովվի պաշտոնում։ Եվ ահա Ամենայն Հայոց դատավոր Աբովյանը կիրառել է հայցի ապահովման միջոց ու պարտավորեցրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը եւ այլ անձանց ամբողջությամբ ու առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգեւոր հովվի պաշտոնում՝ մինչեւ սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Եվ այստեղ արդեն հարց է ծագում՝ Նիկոլստանում արդեն դատարա՞նն է որոշում եկեղեցական կարգը։ Արդյո՞ք վաղը նույն տրամաբանությամբ դատավորը չի որոշի, թե ով պետք է պատարագ մատուցի Մայր Աթոռում, կամ ում ձեռամբ պետք է օծվի սրբապատկերը։ Փաստացի դատավորը մտել է այն տարածք, որը Սահմանադրությամբ եւ ավանդույթով վերապահված է բացառապես եկեղեցուն։
Ի դեպ, կարգալույծության մասին. Միացյալ Նահանգների Բըրբանքի հոգեւոր հովիվ ՏԵՐ ՄԱՆՈՒԿ քահանա ՄԱՐԳԱՐՅԱՆԸ տպավորություն է, որ ինքնառաջադրվել է, որպեսզի իրեն էլ կարգալույծ անեն: Հայ քրիստոնյաների արդարացի բողոքի ակցիայի ժամանակ վերջինս հայտարարել է, թե չի տեսնում, որ եկեղեցուն հալածում են: Երբ համայնքը բողոքում է, երբ մարդիկ բարձրաձայնում են իրենց ցավն ու վրդովմունքը, հոգեւոր հովվի առաջին պարտականությունը գոնե լսելն է, ոչ թե նրանց զգացողությունները չեղարկելը։ Իսկ երբ հովիվը փաստացի հակադրվում է իր հոտի զգալի հատվածին, հարց է առաջանում՝ նա ո՞ւմ դիրքորոշումն է ներկայացնում, գուցե Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՞:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

