Կարեւորն ուտելն է, ուտե՛լը. Վահագն Խաչատուրյանը հերթական սկանդալի կիզակետում
ՆերքաղաքականՊարզվում է՝ թյուր կարծիք կար, թե ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ուշքումիտքը միայն դաշնամուր նվագելն է ու թանկ մեռելների հետ սելֆի անելը, կարեւորը՝ ուտելն է, ուտե՛լը… Արդեն ութ տարի է իշխանություն են, բայց այդպես էլ չկշտացան եւ ահա այդ մասին բարձրաձայնում են անգամ Հունաստանում: Պաշտոնական միջոցառման ժամանակ, երբ խոսափողը պատահմամբ միացված է եղել, ՀՀ նախագահն իր ելույթից առաջ դժգոհել է, որ հիմա պետք է խոսի, բայց չգիտի ինչ խոսի, հետո էլ նշել է. «էս խեղճ մարդկանց սոված ենք պահում»: Տեսանյութն էլ հրապարակվել է հենց ո՛չ ավել, ո՛չ պակաս նախագահականի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։ Փաստորեն, ո՛չ նախագահի աշխատակազմն է իր տեղում, ո՛չ նախագահը:
«Հայաստանի նախագահի աշխատակազմին 2026 թվականի բյուջեով հատկացված է ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամ, բայց նա, փաստորեն, չունի համապատասխան արարողակարգային ծառայության աջակցություն, որը պաշտոնական ճաշի կամ ընթրիքի ժամանակ նրան կհուշի արարողակարգը, նախատեսված ելույթների հերթականությունը, որպեսզի չստեղծվեն այնպիսի հիմար վիճակներ, ինչպես Հունաստանում… Իսկ ընդհանրապես, նախագահական ինստիտուտը Հայաստանում ներկայումս բացարձակ ավելորդություն է, այն ավտորիտարիզմի պայմաններում, որ հաստատում է Նիկոլ Փաշինյանը: Հետեւաբար, կամ պետք է խնայվի տարեկան 1 ու կես միլիարդ դրամից ավելի ծախսը՝ լուծարելով այդ ինստիտուտը, կամ պետք է Հայաստանում հաստատվի քաղաքական այնպիսի համակարգ, որտեղ նախագահը հարկատուների հաշվին պահվող ու շրջագայող «դեկորատիվ« միավոր չէ», - ընդգծել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

