Եվ փրկեա զմեզ ի ՄԻՊեն...
ՆերքաղաքականԿառավարության նիստից հետո լրագրողները Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ ճեպազրույցում հետաքրքրվեցին. «Կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ»: Սակայն, վերջինս ոչ միայն չպատասխանեց հարցին, այլեւ բառացիորեն հրաժարվեց այն իր իրավասության շրջանակում դիտարկել։
«Ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես մարդու իրավունքների պաշտպան եմ, ոչ թե կրոնական կազմակերպությունների»,- արձագանքեց նա։
Տպավորություն է ստեղծվում, թե խոսքը ոչ թե կոնկրետ անձի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այլ վերացական մի կառույցի մասին էր։ Մինչդեռ հարցը հնչեց ոչ թե եկեղեցական վարչարարության, այլ իրավունքների հնարավոր խախտման մասին։ Իսկ եթե երկրի ամենաբարձր հոգեւոր առաջնորդի իրավունքների խախտման մասին հարցը ՄԻՊ-ի օրակարգում չէ, ապա ո՞ւմ օրակարգում է այն։
Ավելին՝ երբ լրագրողները փորձեցին հստակեցնել՝ ո՞վ է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր համար, Մանասյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե որպես ՄԻՊ, պիտի պատասխանեմ նման հարցերի։ Ես ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպություն, որն օրենքով սահմանված կարգով գրանցված է… Ես այն մարդը չեմ, որը կարող է միջամտել այդ հարցերին»։
Ստացվում է՝ ՄԻՊ-ը «ճանաչում» է գրանցված կրոնական կազմակերպությունները, բայց ո՛չ տեսել, ո՛չ լսել է ՀՀ Սահմանադրության մասին, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, եւ նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Նաեւ ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: Ավելին՝ ՀՀ նախագահը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխ ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհում է ՀՀ քաղաքացիություն, եթե նա ՀՀ քաղաքացի չէ»:
Այսքանից հետո՝ համաձայնեք, որ հասարակությունը իրավունք ունի պարզ պատասխան լսելու հենց ՄԻՊ-ից՝ Կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ: Մինչդեռ ՄԻՊ-ը ոչ միայն չունի վերջնական եզրակացություն, այլ անգամ պատրաստակամություն չի հայտնում ուսումնասիրելու հարցը, նա մարդու իրավունքների պաշտպանն է միայն, ըստ օրվա քաղաքական կոնյուկտուրայի: Թեպետ ինչի՞ ենք զարմանում, եթե ՄԻՊ-ը Աջափնյակում կրակոցների ժամանակ էլ հայտարարում է, որ մարդու իրավունքների խախտում չի տեսել: Այսքանից հետո՝ մեզ մնում է միայն հավելել՝ եւ փրկեա զմեզ ի ՄԻՊեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

