Գերիների թեման Վենս-Ալիեւ առաջնային քննարկման առարկա չի եղել. Աբրահամյան
ՆերքաղաքականԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ նա քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ հայ գերիների հարցը, Ալիեւի հայտարարությունները որոշակի առումով զարմանալի են:
— Ադրբեջանի ղեկավարը, ըստ էության, ցույց տվեց, որ գերիների թեման առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետեւ հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հարաբերությունների ֆոնին, չէր կարող լինել: Էլ չենք խոսում այն մասին, որ սա եւս մեկ արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունների համար սա առաջնային օրակարգային հարց չի եղել: Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում սա հրատապություն ներկայացնող թեմա չի եղել։ Եվ ըստ այդմ` սա գալիս է լրացնելու բոլոր այն դրույթների շարքը, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանն իր համար կարեւոր հարցերն անընդհատ բերում ու դրա մասով անընդհատ լուծումներ է ստանում, իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ի համար կարեւոր դրույթներին, դրանց մասին առանձնապես բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում:
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում շարունակում է ոչ միայն գերիների հարցը օդում կախված լինել, այլ նաեւ ադրբեջանական զորքերի մխրճվածության հարցը ՀՀ ինքնիշխան տարածքներում։ Հայաստանի իշխանությունների համար այս հարցերն առաջնահերթ չեն։ Թեեւ ՀՀ իշխանությունը խոսում է այն մասին, թե այս թեման քննարկվում է դելիմիտացա-դեմարկացիայի շրջանակներում, բայց ակնհայտ է, որ այս թեման կարճ հանգուցալուծում չունի: Էլ չեմ խոսում այն մասին, որ բոլոր այն ուղղություններում, որտեղ Ադրբեջանը մխրճված է ՀՀ տարածքում, այդ ուղղություններում նաեւ ամրաշինական ու ընդլայնողական քաղաքականություն է վարվում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

