Փախստականների հարցը. իրավունքների վերականգնում, թե՞ քաղաքական շանտաժ
ՎերլուծությունՉնայած խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելուն և Հայաստանի կողմից այն նախաստորագրելու պատրաստակամությանը, փաստաթղթում դեռևս բացակայում են փախստականների վերադարձի վերաբերյալ կետերը։ Ադրբեջանը ձգձգում է ստորագրումը՝ պատրվակ բերելով ՀՀ Սահմանադրությունը, սակայն միևնույն ժամանակ քաղաքական ասպարեզում ակտիվորեն շահարկում է փախստականների թեման։ Ակնհայտ է, որ սա Ադրբեջանի կողմից քաղաքական ճնշում է՝ բանակցություններում առավելություններ ստանալու համար։
Որպեսզի Հայաստանը կարողանա ճիշտ դիրքավորվել և պաշտպանել իր շահերը, անհրաժեշտ է հարցը քննարկել փաստերի և իրավական հիմքերի լույսի ներքո։
Հարցի արմատները գալիս են 1988 թվականից, երբ ԼՂԻՄ-ի արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը պետական մակարդակով որդեգրեց էթնիկ զտումների քաղաքականություն։ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը և «Կոլցո» (Օղակ) օպերացիան, որով հայաթափվեցին Գետաշենն ու Մարտունաշենը, հատուկ կազմակերպված հանցագործություններ էին քաղաքացիական բնակչության դեմ։ Այս փաստերն արձանագրված են միջազգային հեղինակավոր կառույցների՝ Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցներում։
Բաքուն պարբերաբար հնչեցնում է փախստականների ուռճացված թվեր՝ միտումնավոր չհստակեցնելով նրանց կարգավիճակը կամ այն, թե նրանցից քանիսն են ողջ, նրանցից քանիսի ժառանգներն են այս պահին ողջ, նրանցից ում իրավունքներն են սպառված, և քանիսի հանդեպ պետությունները դեռևս ունեն չկատարած պարտավորվածություններ։
Տեղահանման պայմանները․
Վիճակագրությունը խոսուն է և անհերքելի։ 1989 թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանի տարածքում (առանց ԼՂԻՄ-ի) ապրել է ավելի քան 390,505 հայ, մինչդեռ 1979-ին այդ թիվը կազմել է մոտ 475,000: Նրանք բոլորը հետագայում բռնի տեղահանվել են։ Ի հակադրություն սրա՝ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների թվաքանակի դինամիկան այլ պատկեր է տալիս. եթե 1979-ին նրանք կազմել են 160,841, ապա 1989-ին՝ 84,860: Սակայն էական է տեղահանման որակական տարբերությունը։ Ինչպես նշում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, «Նախ ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը Հայաստանից հեռացել են բավականին քաղաքակիրթ ճանապարհով։ Կարող եմ նաև թվեր ներկայացնել․ 100 ադրբեջանցի ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, 12 000-ից ավելին փոխանակել են իրենց բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ, 160 000-ից ավելի մարդ փոխհատուցում է ստացել Հայաստանի կառավարությունից։ Հետևաբար՝ այստեղ իրավունքներն էլ են սպառված»
ԵԽԽՎ 1995 թ. զեկույցները հաստատում են, որ ադրբեջանցիները ստացել են շուրջ 71 միլիոն ռուբլու փոխհատուցում, մինչդեռ Ադրբեջանից մազապուրծ եղած հայերը զրկվել են ամեն ինչից՝ չստանալով ոչ մի փոխհատուցում կամ էլ շատ չնչին։ Նույն զեկույցի փախստակնների վերաբերյալ հատվածում նշվում են հետևյալ թվերը․
Հայաստանի կառավարությունը գրանցել է ավելի քան 360․000 փախստականների։
1994 թվականի օգոստոսի 26-31ը ընկած ժամանակահատվածում նշվում է փախստականների մեծ հոսքի 3 ալիքները դրանք են․
1․ 1988թ մայիսին Սումգայիթի ջարդերից
2․ 1991թ մայիսին Լեռնային Ղարաբաղից
3․ 1992թ հունիսից- հուլիս ընկած հատված
ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի 1993թվականի արձանագրության համաձայն, արձանագրված 140․000 դեպքերը բաժանվում են երկու մասի
1․1988-1991թթ փախստականները բացառապես եղել են Սումգայիթի Բաքվի և այլ շրջաններից։
2․ 1992թ․ Լեռնային Ղարաբաղից և Շահումյանի ու Մարտակերտի շրջաններից։
Համաձայն ԵԽԽՎ զեկույցների Հայերը ադրբեջանում թողել են ավելի քան 92․000 տուն և փոխհատուցում չկա։
Հայաստանից հեռացած ադրբեջանցիները թողել են 32․000 տունը իսկ 1989թվականին
Հայաստանի կողմից ստացել է փոխհատուցում վերևում նշված 71 միլիոն ռուբլու չափով։
12․000ը փոխանակել են հետևաբար կոպիտ հաշվարկով կարելի է ենթադրել, որ դեռևս 80․000 տան փոխհատուցում պետք է լինի ադրբեջանի կառավարությունից։
Բռնի տեղահանվածների հարցը կարգավորելու համար անհրաժեշտ է տալ հետևյալ հստակ հարցադրումները.
- Իրավական կարգավիճակ. Այդ ժամանակ հեռացածները կամ ներքին տեղահանվածները ներկայումս ի՞նչ իրավական կարգավիճակ ունեն, և արդյո՞ք նրանք կամ իրենց հաջորդները ֆիզիկապես կան։
- Փոխհատուցում. Ովքե՞ր են արդեն ստացել փոխհատուցում։
- Գույքային իրավունքներ. Ովքե՞ր ունեն դեռևս պահպանված գույքային իրավունքներ։
- Կամքի դրսևորում. Արդյո՞ք գույքը վաճառվել է սեփական կամքով, թե՞ ուժի սպառնալիքի տակ։
- Գնահատում. Որքա՞ն է գնահատվում սեփականությունը այն ժամանակ և հիմա։
- Եկամտի կորուստ. Որքա՞ն է կազմում այն եկամտի կորուստը, որը սեփականատերը կարող էր վաստակել, եթե չտեղահանվեր։
- Անվտանգություն. Արդյո՞ք փախստականների վերադարձի համար առկա են անվտանգության կայուն երաշխիքներ։
- Բնակարանային խնդիր. Եթե նրանց բնակարանները չեն ոչնչացվել և այնտեղ այլ մարդիկ են ապրում, ինչպե՞ս պետք է այս խնդիրը կարգավորվի։
Այս խնդրի կարգավորումը ենթադրում է հսկայական ռեսուրսներ՝ թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք երկրների ռեսուրսները ներում են նման հսկայական հոսքին ապահովել սննդով, կացարանով և հետագայում նաև աշխատանքով։ Ի՞նչ երկրի անձնագիր պետք է կրեն այդ մարդիկ։ Իսկ եթե նրանք նախընտրեն դրամական փոխհատուցում ստանալ և հրաժարվել սեփականությունից (ինչի հավանականությունը մեծ է), արդյո՞ք պետությունները ունակ են փոխհատուցելու այդ ամենը։
Այս ամենի մեջ պետք է ներառվեն նաև 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվածները։ Եթե առանց այն էլ դանդաղ ու խճճված բանակցություններին գումարվի սա, կարելի է ենթադրել, որ իրական խաղաղությունը դեռ շատ հեռու է մեզնից։
Արդյունքում ինչ է ստացվում․ Հայաստանի Հանրապետությունը ավելի շատ պահանջների իրավունք ունի քան հենց ինքը Ադրբեջանը։ Սակայն Ադրբեջանի օրեցօր աճող պահանջները մտորումների տեղիք են տալիս Հայաստանի դիվանագիտական լծակների ոչ արդյունավետ կիրառման վերաբերյալ։ Փախստականների հարցը, «Արևմտյան Ադրբեջան» թեզի անարգել տարածումն ու այդ թեմայով ֆորումների հրավիրումը փաստում են, որ Ադրբեջանը, խնդրի հանգուցալուծումից խուսափելու փոխարեն, ճնշում է գործադրում Հայաստանի վրա և շարունակում է հոխորտալ ՀՀ կառավարության վրա։
Հայաստանի Հանրապետությունը պետք է փաստաթղթավորի այս ամենը և բանակցություններում գործադրի հնարավոր բոլոր ջանքերը՝ Ադրբեջանից զիջումներ կորզելու համար, մանավանդ որ դրա համար առկա են բոլոր հիմքերն ու փաստերը։ Պետական շահն անտեսող միակողմանի փոխզիջումների գնալը՝ հարցն օր առաջ փակելու նպատակով, անթույլատրելի է։
ՌՈՒԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

