Աղն ա կերել ասֆալտը

Վերլուծություն

Երեւանը վաղուց չէր հայտնվել այսպիսի խորհրդանշական ճգնաժամի առաջ․ մայրաքաղաքի փողոցները բառացիորեն վերածվել են քաղաքական օրակարգի հայելու։ Ամեն մի փոս դարձել է ոչ միայն ենթակառուցվածքային խնդրի, այլեւ կառավարման որակի ցուցիչ։ Եվ որքան իշխանությունը փորձում է տեխնիկական բացատրություններով մեղմել իրավիճակը, այնքան խորանում է անվստահության փոսը։

«Սիրելի՛ երեւանցիներ, գիտենք, որ այս պահին Երեւանում առկա է փոսերի խնդիրփոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել-հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման եւ աղի ազդեցության հետեւանքով», - հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ազդարարելով 200 հազար քմ ծավալով փոսային նորոգման լայնածավալ ծրագրի մասին։ Քաղաքապետը խնդրում է «համբերատար լինել»՝ խոստանալով գիշերային ինտենսիվ աշխատանքներ բոլոր վարչական շրջաններում։

Թղթի վրա ամեն ինչ հնչում է տրամաբանական․ կտրում, նոր ծածկ, միջին նորոգում, դիտահորերի նիշերի ուղղում։ Բայց խնդիրն այն է, որ երեւանցին այլեւս միայն տեխնիկական բացատրություններ չի ցանկանում լսել: Նա հիշում է, թե նույն քաղաքային իշխանությունն ամիսներ առաջ նույն եռանդով ինչպես էր խոսում «նախադեպը չունեցող որակի» մասին։

Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Գեւորգ Ստեփանյանը կոշտ է արձագանքում․«Չէ՛, Ավինյան, կռուտիտդ չանցավ, բոլորը հասկացել են ձեր գործելաոճը։ Անորակ, անբիտում ասֆալտը նույն տեղում մի քանի անգամ քանդել ու նորից անել՝ այ դրա մեջ է փողը։ 1 մլրդ 128 մլն պարգեւավճար՝ նրա համար, որ փոսալցման համար նախատեսված 4 մլրդ լավ եք մսխել»։

Սա արդեն ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական մեղադրանք է՝ ուղղակի կոռուպցիոն ենթատեքստով։ Իշխանության բացատրությունը` «աղն է մեղավոր», ընդդիմադիրների համար վերածվում է կառավարման ձախողման սիմվոլի։

Երբ քաղաքապետը գործակարգավարական նիստում ասում է՝ «կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք», դա հնչում է ուշացած հրահանգի պես։ Քաղաքապետարանի շինարարության վարչության պետ Անդրանիկ Թեւոսյանը փորձում է թվերով մեղմել իրավիճակը«Ուրբաթ, շաբաթ, կիրակի՝ 2100 քմ ասֆալտապատում, 1000-ից ավելի տեղային լուծումներփորձել ենք փոսալցում անել, անձրեւ է եկել, լվացել, տարել է»։ Իսկ երեւանցուն մնում է երգել. «Ուրբաթ, շաբաթ, կիրակի՝ մեր փողոց արի»:

ՓՈՍԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵՅՏԻՆԳԻ ՃԵՂՔ

Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը հարցը տեղափոխում է փաստաթղթերի դաշտ. «Գայի պողոտայի ասֆալտը, ըստ փաստաթղթերի, պետք է լինի 5 սմ հաստությամբ, այլ ոչ թե 2.5-ից 4 սմԵթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է»։

Նա հրապարակում է գնման ծածկագիրը եւ պնդում, որ խնդիրն աղը չէ, այլ խտեցման, բիտումի եւ որակի վերահսկողության բացակայությունը. «Ասֆալտը 5 սմի փոխարեն 4 սմ են փռում, առանց նորմալ խտեցման, հետո ասում են՝ աղն է մեղավոր»։

Սա արդեն համակարգային մեղադրանք է՝ ուղղված ոչ միայն քաղաքապետարանին, այլեւ քաղաքական հովանավորչությանը։ Չախոյանը հիշեցնում է նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի դերակատարությունը քաղաքապետի ընտրության հարցում՝ պատասխանատվության շղթան ընդլայնելով։

Բայց այստեղ կա եւս մեկ, առավել վտանգավոր շերտ։ Երբ քաղաքացին տեսնում է, որ նույն փողոցը մի քանի տարվա ընթացքում վերանորոգվում է կրկնակի կամ եռակի, նա սկսում է կասկածել ոչ միայն կատարողի, այլեւ վերահսկող մարմինների գոյությանը։ Որտե՞ղ է տեխնիկական հսկողությունը։ Որտե՞ղ է պայմանագրային պատասխանատվությունը։ Որտե՞ղ են տույժերն ու տուգանքները անորակ աշխատանքի համար։

Եթե, ինչպես պնդում է Արթուր Չախոյանը, փաստաթղթերով նախատեսված է 5 սմ հաստություն, բայց իրականում փռվում է պակաս, ապա դա այլեւս «աղի ազդեցություն» չէ։ Դա կա՛մ վերահսկողության բացակայություն է, կա՛մ դիտավորյալ անփութություն, կամ շատ ավելի լուրջ բան։ Եվ եթե քաղաքապետարանը չի նախաձեռնում անկախ փորձաքննություն՝ հանրությանը ներկայացնելով իրական տվյալներ, ապա մեղադրանքները մնում են օդում կախված, բայց հասարակական ընկալման մեջ՝ հաստատված։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը նկատում է«Քաղաքապետարանը լայնորեն քարոզում է մեկնարկած փոսալցումըբայց հարցը փոսալցումը չէ։ Հարցը աշխատանքի որակն է»։

Սա է առանցքային կետը։ Որա՛կը։ Ո՛չ թե ծավալը, ո՛չ թե քառակուսի մետրը, այլ արդյունքի կայունությունը։ Երբ երեք ամիս առաջ արված գծանշումը «ձյան հետ անհետանում է», երբ նոր ասֆալտը մեկ սեզոն չի դիմանում, քաղաքացին սկսում է հաշվել ոչ թե փոսերը, այլ իր վճարած հարկերը։

Հասարակական հեգնանքն արդեն բացահայտ է: «Մտածում եմ՝ էս փոսերը որ աղով բացում են, կարող ա՞ Աջափնյակի մետրոյի մուտքն են ման գալիս», - գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։ Մեկ ուրիշն էլ հավելում է. «Երեւանի փողոցներում առաջացած փոսերը նոր ամրաշինական կառույցներ են քաղաքային մարտերի համար»։

Կատակը կատակ, բայց հիշենք, որ սարկազմը միշտ քաղաքական անվստահության նախանշան է։

ՓՈՍԻՑ ԽՈՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Ու այս ամենը տեղի է ունենում այն փուլում, երբ երկրում քաղաքական մրցակցությունը սրված է։ Փոսերը դառնում են նախընտրական գործիք։ Իշխանությունը շտապում է գիշերային աշխատանքներով մեղմել աղմուկը։ Ընդդիմությունը՝ դրանք ներկայացնել որպես համակարգային կոռուպցիայի ապացույց։

Եվ այստեղ էլի ենք շեշտում՝ հարցը նույնիսկ տեխնիկական չէ։ Եթե ամեն ձյունից հետո մայրաքաղաքը վերածվում է «հալվող ենթակառուցվածքի», ապա խնդիրը նախագծման, վերահսկողության եւ քաղաքական պատասխանատվության մակարդակում է։

Այս պատմությունը միայն ասֆալտի մասին չէ։ Այն վստահության մասին է։ Երբ իշխանությունը մեղքը դնում է եղանակի ու աղի վրա, իսկ ընդդիմությունը՝ կոռուպցիայի, քաղաքացու մոտ ձեւավորվում է երրորդ եզրակացությունը՝ համակարգը չի աշխատում։

Երեւանի փոսերը այսօր ֆիզիկական են, բայց դրանց քաղաքական խորությունը շատ ավելի մեծ է։ Եվ որքան իշխանությունը երկար փորձի խնդիրը ներկայացնել որպես «սեզոնային բնական երեւույթ», այնքան խորանալու է այն ընկալումը, որ խնդիրը ոչ թե ձյունն է, այլ կառավարման որակը։ Ի վերջո, եթե ասֆալտը ամեն գարուն քանդվում է, ապա հարցը միայն ճանապարհինը չէ։ Հարցը իշխանության դիմացկունության մասին է։

Մայրաքաղաքի կառավարումը միշտ էլ եղել է իշխանության արդյունավետության ցուցիչը։ Եվ երբ մայրաքաղաքի փողոցները դառնում են սոցիալական ցանցերի ամենօրյա ծաղրի թեմա, դա նշանակում է, որ PR-ն այլեւս չի կարող ծածկել բիտումի պակասը։

Եթե այս փուլում չլինի թափանցիկ հաշվետվություն՝ կոնկրետ թվերով, կոնկրետ պատասխանատուներով եւ իրական երաշխիքներով, ապա յուրաքանչյուր նոր անձրեւ ոչ միայն ասֆալտ կլվանա, այլ նաեւ իշխանության վարկանիշից հերթական շերտը։

Երեւանի փողոցներն այսօր պարզապես երթեւեկելի գոտիներ չեն։ Դրանք քաղաքական վստահության փորձադաշտ են։ Եվ եթե այդ փորձությունը կրկին չհանձնվի, ապա հաջորդ ընտրական ցիկլում հենց այդ փոսերը կարող են դառնալ քաղաքական ամենախոր ճեղքերը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում