Փոսն ենք ընկել ու դուրս չենք գա մինչ ծառերի ծաղկելը
ՆերքաղաքականԱսֆալտը քանդվում է, սակայն շատ պետք չէ հուսահատվել, քանի որ առջեւում ընտրություններն են, եւ կրկին կասֆալտապատվի քաղաքը: Այլ հարց է ծագում, թե քանի ամիս կմնա բարվոք վիճակում, եւ արդյոք եւս մեկ տեղումներից հետո Երեւանը առհասարակ չի հայտնվի մեծ փոսի մեջ: «Իրավունքն» այս մասին զրուցեց Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Սարգսյան, ողջ քաղաքն այլեւս անանցանելի են դարձել՝ մեծ փոսերի պատճառով, որոնք ավելի շատացան առատ տեղումներից հետո: Ինչո՞ւ է քաղաքն այսչափ բարձիթողի վիճակում, եւ ովքե՞ր են դրա համար պատասխանատվություն կրելու:
— Քաղաքապետն արդեն գործակարգավարական նիստի ընթացքում ներկայացրեց, թե քանի ընկերություններ են այս պահին աշխատում եւ ինչ ձեւաչափով: Մի քանի օր առաջ արդեն իսկ սկսվեցին ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Սա տեղային լուծում է` մինչ կսկսվի հիմնական աշխատանքները հենց կոնկրետ այդ հատվածներում: Քաղաքի տարբեր այլ հատվածներում էլ արդեն ընդհանուր ասֆալտապատման աշխատանքներն ընթանում են, եւ կան կազմակերպություններ, ովքեր տենդերներ են շահել, ու կատարում են աշխատանքները:
— Քանի՞ տարվա երաշխիք է տալիս ասֆալտապատման աշխատանքները կատարող ընկերությունն ասֆալտապատման համար՝ ըստ պայմանագրի:
— Ցավոք, պայմանագրերը չեմ ուսումնասիրել, դա այդքան էլ իմ ոլորտը չէ, որ մանրամասն ուսումնասիրեմ, սակայն, ամեն դեպքում, կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքում էլ նման խնդիրներ լինում են, ուղղակի, հարկավոր է մաքսիմալ արագ փորձել կարգավորել ստեղծված խնդիրները:
Ինչ վերաբերում է պատճառներին, ապա ասեմ, որ դրանք կարող են լինել շատ տարբեր՝ այս տարի ձյան ծավալն էր ուրիշ: Մաքրման որակը բավականին լավն էր, միայն մեկ օր ենք ունեցել խնդիրներ, որ ցերեկվա ժամին սկսվեց մաքրման աշխատանքները: Դրան պատճառ հանդիսացան խցանումները, քանի որ օրվա ընթացքում մեքենաները շատանում են, եւ ձյուն մաքրող տեխնիկան մի քիչ ուշ հասավ տեղ, չնայած նրան, որ քաղաքի տարբեր վարչական շրջաններում սպասում էին առատ ձյանը: Ուզում եմ ասել, որ՝ այո՛, ունեցել ենք խնդրահարույց օր, բայց լուծում եղել է: Կարծում եմ՝ նորմալ է, որ բոլոր քաղաքներում էլ ձյուն կգա, փոսեր կառաջանան: Շատ կարեւոր է նաեւ այն, որ հնարավորինս արագ այդ հարցերի լուծումը տրվի:
— Անշուշտ, ձյունը նորմալ է, սակայն արդյոք սա վատ ասֆալտապատման հետեւանք չէ, քանի որ ամեն տարի բյուջեից ահռելի գումարներ են հատկացվում ասֆալտապատման համար, բայց ունենում ենք զրո արդյունք:
— Անկեղծ ասեմ, որ ցանկացած պետական կատարված աշխատանք ունենում է նաեւ հսկիչներ: Հսկիչներն էլ են մարդիկ, ովքեր հաղթում են մրցույթում, որ իրենք գան եւ որոշակի աշխատանքներ հսկեն, վերջում տան քաղաքապետարանին եզրակացություն, որ նորմալ է կամ պահանջներին համապատասխանում է, թե՝ ոչ: Այդ մարդիկ քաղաքապետարանի ենթակայության տակ չեն աշխատում ու նման դեպքում իրավապահներին կարող է հետաքրքրել այդ հարցերը, որպեսզի պարզեն, թե ինչպես է ստացվել, որ հսկիչը, օրինակ, ինչ-որ մի հատվածի համար չի կրում պատասխանատվություն կամ ուշադիր չի եղել:
Կոնկրետ մեղադրանք չեմ ցանկանում հնչեցնել, բայց սա է իրականությունը: Սա ասում եմ, որպեսսզի պարզ լինի, որ ոչ ամեն ինչն է քաղաքապետարանի ուղիղ ենթակայության տակ: Այսինքն՝ ասֆալտապատման աշխատանքի մասին ազդարարվում է, դրան նաեւ ավելացվում է հսկիչի ծառայություն, ով էլ վերջում տալիս է եզրակացություն, որի հիման վրա մենք ստորագրում ենք ակտը:
— Հետեւաբար, ո՞վ պետք է պատասխան տա ստեղծված իրավիճակի համար, եւ արդյոք չեն տուգանվելու այն անձինք եւ կառույցները, ովքեր տվել են դրական եզրակացություն:
— Կրկնում եմ, դա իրավական մարմինների աշխատանքն է, որը պահանջելու է ուսումնասիրություն: Ցանկանում եմ շեշտել, որ քաղաքապետարանը չունի ասֆալտապատման տեխնիկա: Այսինքն՝ այդ ամենը ներգրավվում է տարատեսակ տենդերների մեջոցով: Հաղթում են, գալիս են ու գործն անում են: Ցանկանում եմ ասել, որ շինբարեկարգումը մեր համակարգում է՝ ցանկը, թե որտեղ ինչ պետք է անել եւ այլն, սակայն անում են այդ կազմակերպությունները:
— Այսինքն՝ այս ողջ խայտառակ իրավիճակի համար քաղաքապետարանը բացարձակ պատասխանատվություն չի՞ կրում:
— Չէ, ես չեմ ասում չի կրում պատասխանատվություն: Որպես կառավարիչ կողմ, մենք, անշուշտ, պատասխանատու ենք, եթե կան խնդրահարույց վայրեր: Այստեղ կարեւորը ժամանակին եւ արագ արձագանքելն է: Տեսեք, օրինակ, անձրեւոտ եղանակ է, եւ այդ ընթացքում մենք ժամանակավոր լուծում ենք տալիս, որը կարող է տեւել մի քանի օր, որից հետո էլ կունենանք նույն պատկերը: Այսինքն՝ մի քիչ էլ եղանակային պայմանները պետք է նպաստեն, որ կարողանանք, հիմնական աշխատանք տանել: Դա փոխկապակցված է եւ ոչ մի կերպ միակողմանի չի լինում: Չես կարող պարզապես անես ու գնաս: Սովորաբար, գարնանն են սկսում ասֆալտապատման աշխատանքները, որ եղանակային պայմանները նպաստեն դրան: Նույն ասֆալտն ունի չափանիշներ, թե քանի աստիճանի դեպքում կարող ես փռել, որ ինքը երկար ծառայի:
— Իսկ ո՞վ է տալիս երաշխիք:
— Այդ հարցին ավելի հստակ, կարծում եմ, շինբարեկարգման բաժինը կպատասխանի: Նաեւ ցանկանում եմ շեշտել, որ ասֆալտի վնասվելուն նպաստում է «Վիոլա ջրի» անկազմակերպ աշխատանքը: Պատկերացրեք՝ կատարվում է չափանիշներին համապատասխան ասֆալտապատում ու հանկարծ մի խողովակ է պայթում: Գալիս, փորում են: Ստացվեց, որ ասֆալտն այլեւս ամբողջական չէ: Իհարկե, նրանք հետո դա փակում են իրենց ձեւով, բայց ստացվեց, որ քանդվում է նոր արած ասֆալտը: Այսինքն՝ խնդիրը գլոբալ է: Մինչեւ ջրագծերը ամբողջությամբ չփոխվեն, հարցը լիարժեք լուծում չի ստանա:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

