Նիդեռլանդները սպառնում են ԱՄՆ-ին` կոտրել F-35 ինքնաթիռի համակարգչային կոդը
ՄիջազգայինՆիդեռլանդները սպառնում են ԱՄՆ-ին` կոտրել F-35 ինքնաթիռի համակարգչային կոդը։
Նիդեռլանդների պաշտպանության նախարար Գեյս Թույնմանը հայտարարել է, որ հոլանդացիները ստիպված կլինեն կոտրել F-35-ի ներքին համակարգիչը, եթե ԱՄՆ-ն հետաձգի ծրագրային ապահովման թարմացումները։
F-35-ի ծրագրային ապահովումը համարվում է ավիացիայի պատմության մեջ ամենաբարդներից մեկը։ Դրա կոդային տողերի (SLOC) քանակը անընդհատ աճում է, քանի որ թողարկվում են նոր թարմացումներ և ընդլայնվում է դրա ֆունկցիոնալությունը։ Ներկառուցված ծրագիրը պարունակում է ավելի քան 8 միլիոն տող կոդ, ու դրանից զատ` մոտ 15 միլիոն տողը գրված է աջակցության համակարգերի համար։
Միացյալ Նահանգներից դուրս միակ երկիրը, որին թույլատրվում է օգտագործել իր սեփական ծրագիրը F-35-ի վրա, Իսրայելն է։ Իսրայելի պաշտպանության բանակի ծրագրավորողներին հասանելիություն չի տրվել Lockheed Martin-ի սկզբնաղբյուր կոդին։ Դրա փոխարեն, իսրայելցի ինժեներներին թույլատրվել է ստեղծել իրենց սեփական ծրագրային շերտը, որը գործում է ինքնաթիռի հիմնական օպերացիոն համակարգի վերևում՝ նման սմարթֆոնի հավելվածին։ Սա թույլ է տալիս Իսրայելին ինքնուրույն թարմացնել ծրագիրը՝ առանց սպասելու Միացյալ Նահանգներից թարմացումների։
Ինչ-որ առումով, F-35-ը պատմության մեջ ծրագրային ապահովումից կախված առաջին կործանիչն է, քանի որ Միացյալ Նահանգների համար սկզբնաղբյուր կոդի նկատմամբ վերահսկողությունը աշխարհաքաղաքական ազդեցության գործիք է։ Առանց Վաշինգտոնի հաստատման դաշնակիցները չեն կարող ինտեգրել իրենց զենքերը կամ, օրինակ, թարմացնել սպառնալիքների գրադարանները (թշնամու ռադարների և համակարգերի վերաբերյալ տվյալներ)։
Սա ստեղծում է ռիսկ, որ քաղաքական հակամարտության դեպքում դաշնակից ինքնաթիռները կարող են դառնալ «թանկարժեք աղյուսներ»՝ թարմացումների կամ սպասարկման համակարգին մուտք գործելու արգելափակման պատճառով։ Օրինակ Դանիան թեեւ հայտարարեց Գրենլանդիան պաշտպանելու համար այնտեղ F-35 ինքնաթիռնյեր տեղակայելու մասին, հազիվ թե կարողանա դրանից օգտվել, եթե ԱՄՆ–ն իրականում էլ ներխուժի կղզի:

