Ալենը չմարսեց լավրովյան «կլիզման»
ՆերքաղաքականՏպավորություն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ չի մարսել Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի շրջանակում լավրովյան «կլիզմաները», եւ շարունակում է այն ցավոտ տանել: Դրա արտացոլումն է այն, որ վերջինս իր ռուսաստանյան այցը որոշել է ամփոփել` ռուսական իշխանություններին թունդ ընդդիմադիր, ըստ շրջանառվող լուրերի, բրիտանական հովանավորչության ներքո գտնվող ռուսալեզու «Дождь» (TV Rain) հեռուստատեսությանը հարցազրույց տալով: Մի հեռուստաալիք, որը 2022 թվականից ՌԴ-ում արգելափակված է՝ համարվելով արտասահամյան գործակալ. այն տեղափոխվել է նախ Ռիգա (Լատվիա), իսկ հետո Ամստերդամ:
Ինչ խոսք, Ալեն Սիմոնյանից ավելին չէր կարելի սպասել, սակայն ուշագրավը ոչ թե սա է, այլ այն, որ իր հանդեպ ռուսաստանյան շրջանակների վերաբերմունքից սրտնեղելուց հետո՝ ԱԺ նախագահն իր հարցազրույցում անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ իրենց իսկ սկսած արշավին: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս մեղադրել է մի քանի բարձրաստիճան հոգեւորականների մանկապղծության (պեդոֆիլիա) մեջ՝ այն փաթեթավորելով իբրեւ համեմատություն, թե մանկապղծության դեմ պայքարը չի կարելի համարել Եկեղեցու դեմ արշավ:
Նշենք, որ արդարացումները, թե սա բերվել է պարզապես իբրեւ օրինակ, բոլորովին համոզիչ չեն կարող լինել, որովհետեւ հոգեւորականներին մանկապղծության մեջ անհիմն մեղադրանքները դարձել է այս իշխանության սիրելի թոփ թեման, որը ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում է, բայց դրա տակ ո՛չ փաստ կա, ո՛չ հարուցված քրեական գործ: Դե կարեւորը ցնցող վերնագիր կունենան, ո՞վ է խորանալու հանգամանքների մեջ:
Օրինակ, ներկուսակցական ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար 94 քվե ստացած ՔՊ-ական Նաիրի Փեթակչյանը ամիսներ առաջ սոցցանցում գրել է. «Ես ապշած եւ վրդովված եմ։ Ինչպե՞ս է հնարավոր պաշտպանել հոգեւորականների, որոնք համարվում են հավատացյալների հոգեւոր հովիվները, բայց հայտնվում են ամենաանթույլատրելի մեղքերի ու հանցագործությունների ցանցում՝ քեռակնոջ հետ սեռական կապ, թմրանյութերի օգտագործում, հայհոյախառը խոսք, մանկապղծություն, գողական վարքագիծ եւ այլ ամոթալի դրսեւորումներ»։
Այս թեման, իհարկե, առաջինը շրջանառվեց դեռեւս նախորդ տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհի Աննա Հակոբյանի կողմից:
«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են: Դե, իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին», - նշել էր նա։
Աննա Հակոբյանն այդպես էլ անուններ չտվեց, իսկ իրավապահ մարմինները չնայած մեր ուղղված հարցումներին, այդպես էլ որեւէ սպառիչ պատասխան չտվեցին, թե ինչու գործ հարուցված չէ, եթե ոչ այս մեղադրանքով, ապա գոնե զրպարտության համար: Ակնհայտ է, որ հնարավոր ու անհնար ամեն ինչի մեջ հոգեւորականներին մեղադրող իշխանությունը, եթե ձեռքի տակ ունենար գեթ մեկ մի քիչ ճշմարտության նմանվող փաստ, ապա հաստատ բաց չէր թողնի հնարավորությունը` մի քրեական գործ էլ հարուցել մանկապղծության հոդվածով:
Առհասարակ, այն, որ Ալեն Սիմոնյանն է ապահովում այս հարցում Աննա Հակոբյանի «բեքվոկալը», հատկանշական է: Հիշեցնենք, որ նույն մանկապղծության մեջ միջազգային մամուլը մեղադրում էր հենց Ալեն Սիմոնյանին: «Հայազգի Ջեֆրի Էփշթեյն. ինչպես է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը մանկաբարձ-կայսրություն կառուցել բարձրաստիճան պաշտոնյաների համար» վերնագրով հոդված էր հրապարակվել VT Foreign Policy/Veterans Today հարթակում, որտեղ պնդում կար, թե Ալեն Սիմոնյանը եւ երկրի բարձրագույն ղեկավարները ներգրավված են մանկապղծության ցանցում։ Ի դեպ, այս հոդվածը հրապարակվել է նաեւ Եվգենի Պրիգոժինի հիմնադրած «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում։ Եվ զարմանալի է, որ Ալեն Սիմոնյանը, ով ընդամենը «հետույք» բառի համար դատի է տալիս «Իմինեմնի» պոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին, քրեական հետապնդում սկսում նրա դեմ, հասնում նրան, որ ամիսներով կալանավորեն, որեւէ իրավական գործընթաց չի սկսում այս դեպքով: Համենայնդեպս, այդ մասին նման փաստ մեզ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Ջեֆրի Էփշթեյնն ամերիկացի ֆինանսիստ էր, ով հայտնի դարձավ բարձր մակարդակի քաղաքական եւ բիզնես կապերով։ Իսկ հետո նա դատապարտվեց անչափահասների սեռական շահագործման համար: Վերջերս հրապարակված դատարանի փաստաթղթերում, որոնք մամուլում անվանվեցին «Էփշտեյնի ցուցակներ», բացահայտվեցին նոր զարհուրելի մանրամասներ եւ հայտնի անձանց անուններ, ովքեր գործակցել են նրա հետ: Եվ ուրեմն՝ ո՞վ է հայկական Էփշտեյնը:
Ի դեպ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն ուղղված հարվածների ֆոնին՝ կրակից շագանակներ հանել փորձող ու ազգային Եկեղեցին կաթոլիկացնել ձգտողներին, որպես ի գիտություն, տեղեկացնենք՝ ժամանակին մամուլում մեծ սկանդալ պայթեց այն մասին, որ վերջին 50 տարում ԱՄՆ-ի ավելի քան 11 հազար երեխաներ դարձել են կաթոլիկ հոգեւորական մանկամոլների սեռական նկրտումների օբյեկտներ: Այդ մասին են վկայում այն խորհրդապահական հետազոտության մամուլ թափանցած տվյալները, որն անցկացվել է ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցու ղեկավարության պատվերով: Ինչպես պարզվել է, մանկապղծության հետ կապված սկանդալներին մեղսակից են եղել մոտ 4400 սուրբ հայրեր: Նրանց կեսից ավելին մեղադրվում է երեխայի նկատմամբ առնվազն մեկ հանցավոր արարք կատարելու համար: Հոգեւորական մանկամոլների 25 տոկոսի դեմ երկու-երեք համանման մեղադրանքներ են առաջադրվել, 13 տոկոսի դեմ՝ չորսից մինչեւ տասը, իսկ 3 տոկոսի դեմ՝ տասը եւ ավելի մեղադրանքներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

