Բարձունքի քանդակներն անեմ, նոր իջնեմ ներքեւ. տարեվերջին Ալեքյանի Հրեղեն Ձին կցուցադրվի Երեւանում
Մշակութային«Իրավունք»-ը հյուրընկալվել է Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ ԱՐԱ ԱԼԵՔՅԱՆԻ արվեստանոցում՝ զրուցելու նրա նոր ստեղծագործությունների, ժամանակի մարտահրավերների եւ տարիներով հղկված այն ձեռագրի մասին, որը շարունակում է խոսել երկաթի լեզվով։
«ԱՐԱ՛, ՔԵԶ Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ, ՆՈՒՅՆ ԱՌԱՋՎԱ ՋԱՀԵԼՆ ԵՍ, ՍԿՍԻ՛»
— Այս տարի կենդանակերպի նշաններից Ձիու տարի է: Ըստ աստղագետների, Ձիու էներգիան ուժի մեջ է մտել փետրվարի 17-ից: Ձեր արվեստանոցում տեսանք, որ 2026 թվականը սկսել եք երկաթե ձի պատրաստելով: Սա նաեւ մեսի՞ջ է, որ մեզ երկաթե ձի է պետք՝ դիմանալու համար խառնիճաղանջ այս ժամանակաշրջանում։
— Այս աշխատանքը, երբ սկսեցի, նույնիսկ չգիտեի, որ 2026 թիվը Ձիու տարի է: Հետաքրքիր զուգադիպություն եղավ: Հիմա Հրեղեն Ձի եմ քանդակում: Մեկ էլ ձի 20 տարի առաջ եմ քանդակել։ Այն ժամանակ թեթեւ էի, թռնում էի վերեւ-ներքեւ, արագ բարձրանում-իջնում էի, հիմա մի քիչ դժվարացել է շարժումներս: Վախ էլ կա, որ հանկարծ այս տարիքում չընկնեմ, հազար փորձանք կարող է լինել: Դրա համար միշտ երկմտում էի` սկսե՞մ, թե՞ չսկսեմ:
Մտքիս կար՝ կա՛մ ռնգեղջյուր անել, կա՛մ ձի։ Ռնգեղջյուրը հեշտ էր, որովհետեւ իմ բոյին քանդակ կլիներ, կանգնած տեղում ձեռքս կհասներ, կանեի, բայց ձին այնքանով է դժվար, որ աստիճանի ծայրին եմ բարձրանում, նոր գլխին եմ հասնում։ Ինքս ինձ համոզեցի, թե՝ Արա՛, քեզ ի՞նչ է եղել, նույն առաջվա ջահելն ես, սկսի՛: Այդպես ինձ «դուխ» տվեցի ու սկսեցի աշխատանքը: Կարծես թե, ստացվում է, իհարկե, հիմա ստիպված եմ դադար տալ, մեկնում եմ ուղեւորության՝ երեխաներիս մոտ: Երբ վերադարձա, կշարունակեմ, ինձ թվում է՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կվերջացնեմ։
— Պարոն Ալեքյան, արդեն պայմանավորվածություններ ձեռք բերե՞լ եք կամ ունե՞ք նախնական ցանկություն, թե որտեղ է հանգրվանելու Ձին:
— Հետաքրքիր հարց եք տալիս, որի պատասխանը ես էլ չգիտեմ։ Բոլոր իմ մեծ գործերը, որոնք արել եմ, առանց պատվերի են եղել: Եվ ստացվում է այնպես, որ երբ պատրաստ է լինում, իր ճակատագրով ամեն մեկն իր տեղն է գտնում: Հիմա այս աշխատանքն էլ ուղղակի կավարտեմ եւ կցուցադրեմ Երեւանում՝ բացումն անելով, ինչպես միշտ, կրակով։ Ճակատագիրն ինչպես կլինի, կմնա Հայաստանում կամ կգնա դուրս, չգիտեմ, դրա մասին չեմ էլ մտածել, Աստված գիտի... Շատ հնարավոր է հենց Հյուսիսային պողոտայում տեղադրվի, տեսնենք՝ ինչպես կստացվի: Մի ժամանակ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Շառլ Ազնավուրի հրապարակը, կարծես, իմ քանդակների հրապարակը լիներ: Հիմա նեղվածք է, այնտեղ որ հաստատ չի լինի:
«ԿԱՐԳԱՎՈՐՎԵՑ, ՍԱՐԴԻՆ ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ»
— Անդրադարձաք քանդակների ճակատագրերին. Ձեր հայտնի Սարդը շարունակում է «զբոսնել» քաղաքում՝ Ազնավուրի հրապարակից տեղափոխվեց Հյուսիսային պողոտա: Նոր միջավայրին Սարդը «համակերպվե՞լ» է:
— Միշտ մտածում էի, որ Ազնավուր հրապարակում Սարդը ժամանակավոր է։ Մի ժամանակ ուզում էին «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում, հենց հրապարակում ավտոկանգառ անել: Առաջին վախս այդ ժամանակ էր, սպասում էի, որ կասեն՝ Սարդին վերցրու այդտեղից, բայց դա տեղի չունեցավ: Հետո եկավ երկրորդ վախը, երբ որոշում կայացվեց Շառլ Ազնավուրի հրապարակում դնել Ազնավուրի քանդակը: Թերթում գրվեց, որ Սարդն այդտեղից պետք է դուրս գա: Ես արդեն ընկա մտածմունքների մեջ, որ եթե դուրս գա, ի՞նչ եմ անելու, չունեմ տեղ, որ տեղափոխեմ: ԱՄՆ-ում էի, երբ զանգ ստացա, որ արդեն ժամանակն է տեղափոխելու։ Ինձ քաղաքապետարանից խոստացան, որ Հյուսիսային պողոտայում հարմար տեղ են հատկացնելու եւ ասացին՝ եթե ինձ դուր չի գալիս այդ միտքը, ասեմ, թե որտեղ եմ ուզում տեղափոխենք:
Այդպես ընկերներիս խնդրեցի, ուղղակի, տեղափոխել Նկարիչների միություն։ Դրանից հետո երբ վերադարձա, քաղաքապետի հետ համաձայնության եկանք ու տեղափոխեցինք իմ ուզած տեղը։ Հիմա շատ գոհ եմ այնքանով, որ վախերս լրիվ ավելորդ էր. հիմա Հյուսիսային պողոտայում ավելի լավ է դիտվում, քան «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց էր։ Բացի այդ, չլուծված խնդիրներ կար՝ Սարդի հետ կապված։ Այն ժամանակ, երբ տեղադրվել էր, մի ամբողջ դասարանի երեխաներ բարձրացել էին վրան, շարժել էին, կոտրել: Ես երբեւէ չէի մտածել, որ որեւէ մեկը նման բան կանի, կփորձի ջարդել, իսկ հետեւանքն այն էր, որ Սարդի ոտքերի խողովակները մեկը մեկի մեջ էր մտել ու կարճացել էր: Մինչդեռ սկզբում մարդ կարող էր անցնել տակով: Անընդհատ մտածում էի` երբ կլինի հարմարություն, որ կարողանանք ոտքերը բարձրացնել, վերականգնել, մարդիկ տակով անցնելիս գլուխները չխփեն: Այս տեղափոխումով այդ հարցն էլ լուծվեց: Հիմա շատ հետաքրքիր է դիտվում, անցնում ես տակով, ձեռքդ պահում ես վեր, նույնիսկ չի հասնում իր մարմնին։ Այսինքն՝ ամեն ինչ կարգավորվեց, Սարդին այլեւս ոչ մի վտանգ չի սպառնում, ինքն էլ վտանգավոր չէ որեւէ մեկի համար:
— 2024 թվականին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների մեկնարկը տրվեց Փարաջանովի արձանի բացմամբ, որն այն ժամանակ ասվում էր, թե տեղադրվելու է Երեւանի Կինոյի տան դիմաց: Մինչդեռ այն հիմա Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում է, ինչո՞ւ:
— Երբ այդ աշխատանքն արել եմ, ավելի շատ ինտերիերի համար եմ արել: Այդ աշխատանքը չեմ պատկերացնում այնպիսի տեղում, որտեղ անձրեւի կամ ձյան տակ կմնա: Երբ բացումն արեցին, ասում էին՝ հետո կդնենք դրսում, կխնամենք, ուշադիր կլնենք եւ այլն: Բացումից հետո, ճիշտն ասած, մոռացան դրա մասին ու, բացի այդ, դժվարություններ առաջ եկան: Որտեղ ուզում էին դնել, պարզվեց, որ ճարտարապետական այդ տարածքն էլ իրենցը չէ: Այսինքն՝ գրանցված չի իրենց անունով, հետեւապես, իրենք իրավունք չունեն այնտեղ քանդակ տեղադրելու կամ ձեւափոխելու: Այդպես հարցը սառեցվեց, երեւի, բարին էլ դա էր: Միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում`ամեն ինչ ճակատագիր է, այն իր տեղը կգտնի: Հիմա շատ լավ տեղում է, թանգարանում շատ սիրուն, գեղեցիկ դիտվում է:
«ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ԵԿԵՔ ՄԻ 30 ՏԱՐԻ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՆՔ ԷԼԻ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»
— Ձեր աշխատանքներում էլի կանդրադառնա՞ք մեր տաղանդաշատ մեծերին՝ հոբելյանների առթիվ, թե՞, ամեն դեպքում, կշարունակեք կենդանիներ կերտել:
— Հազվագյուտ է, որ ինչ-որ հեղինակավոր մարդկանց եմ անդրադարձել, որից մեկը Փարաջանովն էր: Ինձ համար միշտ Փարաջանովը եղել է մեծություն, որովհետեւ ճանաչել եմ մոտիկից, զգացել եմ իր ապրումները, էմոցիաները եւ փորձել եմ երկաթի մեջ ցույց տալ այդ ամենը: Սա է եղել առիթը, իսկ թե վաղը չգիտեմ ում 100-ամյակը կամ որերորդ ամյակը կլինի, ես այդպիսի սեր չունեմ, որ ինչ-որ մրցույթների մասնակցեմ: Իմ կյանքում չեմ մասնակցել, չեմ էլ մասնակցի: Մի անգամ է ստացվել, ճիշտն ասած, փոշմանել եմ ու էլ չեմ մասնակցել, ինքս ինձ այդպես եմ խոստացել:
— Տարիներ առաջ, երբ «Իրավունք»-ի հետ զրույցում ասացիք, որ «քանդակները, որոնք հիմա Հայաստանում տեղադրվում են, 90 տոկոսով բանի պետք չեն», բավական կոշտ էր հնչում: Բայց երբ վերջերս տեղադրվեց Պարույր Սեւակի խայտառակ մի արձան, ինչն արդարացված մեծ աղմուկ բարձրացրեց, միանգամից հիշեցինք Ձեզ…
— Դա շատ վատ տենդենց է: ԱՄՆ-ում ապրող մի լավ ընկեր ունեմ, որը շատ խելացի միտք է արտահայտել, ասում է՝ ժողովո՛ւրդ, եկեք մի 30 տարի հանգիստ թողենք էլի մեր հերոսներին, մեր տաղանդավորների քանդակներն, ուղղակի, չդնենք: Գերեզմանի գործեր է ստացվում, լրիվ ուրիշ խնդիր են դնում իրենք, ու այն լուծում: Բայց այդ մոտեցումն արդեն մաշվել է, դրա համար էլ վերջում դառնում է գերեզմանի գործ:
— Պարույր Սեւակի վերոնշյալ քանդակի հետ կապված, որն, ի վերջո, բացումից հետո հեռացվեց, հիմնականում հանրային դիսկուրսը հետեւյալն էր, որ 88-ամյա հայտնի քանդակագործ է այն ստեղծել, պարզապես, մարդիկ չարացել են, արվեստից բան չեն հասկանում: Մինչեւ ո՞ր տարիքը քանդակագործը պիտի քանդակի, որ ինքն իր ստեղծագործական ուղու վրա բիծ չթողնի:
— Ի դեպ, Ձեզ ասեմ, որ նկարիչները, քանդակագործները չունեն այդ խնդիրը: Վերցնենք Միքելանջելոյին: Նրա վերջին աշխատանքներն ավելի լավն էին: Միքելանջելոյի կապանքներից ազատվող Ստրուկը, որը քարի մեջից դուրս է գալիս, լրիվ նոր խոսք էր։ Խնդիրը վերաբերմունքն է թե՛ քարի հանդեպ, թե՛ հուշարձան-կոթողի։ Չեմ ընդունում, երբ քարը կարկատան են անում, կպցնում են ժամանակակից սոսնձով ու սկսում են տաշել: Այդտեղ քար էլ չկա, քարի կտորներ են կպցնում, ֆորմա են ստանում: Մի՞թե քարը վերջացել է մեր Հայաստանում։ Կարծես, մանիպուլացիա անեն, չեմ ընդունում:
«ԷԼԻ ԹՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԻ ՄԵՐ ԸՆԿԵՐԸ, ԲԱՅՑ ԳՈՆԵ ՆՈՐՄԱԼ ՔԱՆԴԱԿԻ»
— Այդ վերաբերմունքը պետք է պետական մակարդակո՞վ ձեւավորվի, թե՞ պարզապես հասարակությունը պիտի հասունանա:
— Հասարակությունն էլ, պետական մակարդակով էլ պետք է հասունանան։ Սերունդ պետք է փոխվի։ Նկարիչների միությունում ժամանակին լավ ստանդարտներ կային, ինչի տակ աշխատում էին: Այսօր ազատություն է տրված ամեն ինչին, արվեստի համապատասխան հանձնաժողով չկա կամ եթե կա էլ, ֆիկտիվ բնույթ է կրում: Մեկը բերում է գործ, ասում է` սա պիտի անենք, ընկերական պայմանավորվում են՝ լավ է, նման է, աչքերն են նմանացնում եւ այլն: Այսինքն՝ տեղի է ունենում ոչ մասնագիտական խոսակցություն. բնական է, մասնագետներ չեն։ Դրանից հետո ասում են` երբ մեկ ամիս հետո տանք հայտարարություն, ով ինչ արեց-չարեց, այս գործը կբերես, կասենք՝ մեզ դուր է գալիս: Քանդակագործներից մեկը կիսատ-պռատ ինչքանով կարողանում է՝ առանց մակետ, առանց էսքիզ, մի բան ներկայացնում է, մյուսը տանջվում, չարչարվում է: Արդյունքում հանձնաժողովը պտտվում է, այն կիսատ-պռատ գործ անողին ասում՝ բերեք մեր ընկերոջն անցկացնենք ու անցկացնում են: Մի ուրիշ մրցույթ կլինի, էլի նույնն է կրկնվում, ասում են՝ ո՞ւր է մեր ընկերը, 6 ամիս առաջ զգուշացնում են, որ մրցույթ են հայտարարելու, նա սկսում է աշխատել, էլի բերում են իր աշխատանքը տեղադրում են: Էլի թող մրցույթներում հաղթի մեր ընկերը, բայց գոնե նորմալ քանդակի:
— Ձեր շատ գործեր նաեւ աշխարհով մեկ են սփռված։ Ի՞նչ նորություններ ունեք դրսում:
— Դրսում աշխատում եմ, ինչքանով կարողանում եմ: Այն հնարավորությունն, ինչ ունեմ Հայաստանում, դրսում մի քիչ դժվար է, նկատի ունեմ նյութի հետ կապված: Սովետական մատերիալներից բողոքում ենք, բայց մեր ժանգոտ երկաթը հազար անգամ լավն է։ Իրենք երկաթը պլաստմասայով են ծածկում, զոդում ես, շան հոտ է ընկնում: Փոշմանում ես, որ այդ աշխատանքով ես զբաղված։ Այս առումով Հայաստանում շատ լավ է: Դրա համար դրսում լրիվ ուրիշ կերպ եմ աշխատում՝ զուտ մինչեւ գալս պարապ չմնալու համար:
«ԵՐԲ ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ, ՇԱՏ ՉԱՐ ՄԱՐԴ ԵՄ ԴԱՌՆՈՒՄ»
— Ընդհանրապես մեր օրերում արվեստագետին ի՞նչն է ամենաշատը մտահոգում։
— Ինձ թվում է՝ արվեստագետը մտահոգվելու ոչինչ չունի, պետք է քրտնաջան աշխատի: Եթե այդ բեռը վերցրել է իր վրա, պետք է ազնվորեն աշխատի, սիրի իր մասնագիտությունը, չմտածի՝ «ջեբի» քանդակ անեմ, տանեմ` ո՞վ կառնի։ Դա շատ վատ հոգեբանություն է, երբ մտածում ես վաճառելու մասին՝ դեռ գործը չսկսած:
— Դրա համար պիտի արվեստագետը նյութապես ապահով լինի…
— Ես, օրինակ, ապահովված չեմ եղել, բայց հսկա Ցուլ եմ արել, Նկարիչների միության դիմաց տեղադրել եմ: Երեխաներս փոքր էին, Վեդիում էի ապրում, բայց հասկացա, որ այսպես չի կարելի, ինչքա՞ն կարելի է մի կերպ ապրել՝ սպասելով, թե տեսնենք ինչ կլինի: Որոշեցի իմ մեջ ինչ կա, հանեմ եւ ցույց տամ ժողովրդին, միգուցե ինչ-որ մեկը կուզի: Ու չէի մտածում փոքր ինչ-որ աշխատանք անեմ, որ մեկն այն գնի, միանգամից մեծն արեցի ու տեղադրեցի: Մարդիկ տեսան, հավանեցին, գնեցին, հետո էլի արեցի, էլի գնեցին: Քայլը պետք է քանդակագործն անի, ոչ թե նստի, սպասի, թե երբ են իրեն պատվեր տալու։ Ոչ ոք չի գա իրեն պատվեր տա։
— Հետաքրքիր ձեւակերպում արեցիք` «որոշեցի իմ մեջ ինչ կա, հանեմ եւ ցույց տամ ժողովրդին»: Ամեն ինչ արդեն տվե՞լ եք, թե՞ դեռ կա երազանքի քանդակ, որը պիտի հանձնեք հանրությանը:
— Քանի ողջ եմ, տալու եմ հանրությանը, այլ կերպ հնարավոր չէ։ Երբ չեմ աշխատում, շատ չար մարդ եմ դառնում, մանավանդ՝ տանեցիների համար (ծիծաղում է, - հեղինակ)։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, այն նման է, որ ասում են՝ Ձեր վերջին վիրտուոզ գիրքը գրե՞լ եք, թե՝ ոչ, իմ դեպքում այդպես չէ, իմ ամեն մի քանդակը յուրովի պատմություն ունի։ Ամեն տարիքում մարդն ինքը գեղեցիկ է չէ՞: Ինչպես կարմիր կովն իր կաշին չի փոխում, այդպես էլ մարդու բնավորությունը չի փոխվում: Հիմա այն աշխատանքները, որոնք արել եմ, դրանք իմ կյանքի էտապներն են, խորը ծերության մեջ ուրիշ գործ կանեմ, բայց այդ ամենն արել եմ սիրով, հավատարիմ իմ մասնագիտությանը: Հետո հանրությունն ինչպե՞ս կգնահատի, կգովի՞, թե՞ կփնովի, իրենց գործն է:
— Արդեն ունե՞ք նախանշված նպատակ, թե Ձիուց հետո՝ հաջորդիվ ի՞նչ եք քանդակելու:
— Երեւի, 6-7 տարի է, ինչ ինձ պատվերի պես առաջարկեցին, որ արջ կամ ռնգեղջյուր քանդակեմ: Արջը արեցի, հավանեցին, վերցրեցին, սակայն ռնգեղջյուրը արդեն քանի տարի է չեմ անում: Վերջապես հիշել էի, ուզում էի անել, հետո փոշմանեցի, մտածեցի՝ տարին տարվա վրա ծերանում եմ, բարձունքի քանդակներն անեմ, նոր կիջնեմ ներքեւ։ Ես այդ բնավորության տեր մարդ եմ, ուրիշը կարող է լիներ, միանգամից ասեր` սա փողով է, նախ սա անեմ: Ես այլ կերպ եմ մտածում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

