«ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 16-20
Երեկ Երեւանի քաղաքային պանթեոնում իր կյանքի վերջին հանգրվանը գտավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոռեժիսոր, վավերագրող ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ:
Թեպետ Գեւորգյանցի վերջին ցանկությունն էր, որ իր թաղման բոլոր ծաղիկների ու ծաղկեպսակների գումարը փոխանցեն ՀՀ պաշտպանության նախարարությանը` զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար, սակայն հանրությունը մասամբ կատարեց այն` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում, ուր տեղի ունեցավ հոգեհանգստի ու վերջին հրաժեշտի արարողությունները, ծաղիկների ու ծաղկեպսակների պակաս չկար:
Ինչ խոսք, Ռ. Գեւորգյանցի մահով հայկական կինոարվեստը ծանր կորուստ կրեց, քանի որ նա իր առաջին իսկ ֆիլմերից դրսեւորել էր իր բացառիկ տաղանդն ու համարձակությունը, ինքնատիպությունը` նոր շունչ բերելով հայ վավերագրական կինո: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, կինոսերների սրտերում: Ռ. Գեւորգյանցը մշտապես ապրում էր Հայաստանի, հայի դարդուցավով եւ հաճախակի էր մտորումներն ու անհանգստությունը կիսում, ինչպես նաեւ դրանց լուծման ձեւերի մասին զրուցում «Իրավունքի» հետ` ընթերցողներին լավատեսություն ու հայրենիքի, հատկապես միմյանց նկատմամբ սեր փոխանցում:
«Գիտեք` մեր ցավը որն է, որ ՀՀ քաղաքացին ու մտավորականը, դժբախտաբար, ազգային, պատիվ հասկացողություն չունեն: Իրենց համար բոլորը նույնն են, էլ չեմ ասում` օտար երկրներն ամեն ինչ անում են, որ երիտասարդներից դա հանեն, որովհետեւ իրենց պետք չէ, որ այս երկրում ապրեն մարդիկ, ովքեր սիրում են իրենց հայրենիքը: Իսկ մեզ մոտ դա բավականին շատ է: Չնայած, երիտասարդության մեջ տեսնում եմ շատ լավ քաղաքացիներ: Իմիջիայլոց, լավ երիտասարդություն ունենք, ուղղակի անգրագետ են, հարկավոր է նրանց կրթել: Ես, որ դասավանդում եմ ինստիտուտում, իմ առաջին դասը սկսում եմ այսպես. ռեժիսոր պատրաստելն ինստիտուտում անհնարին բան է, բայց վստահեցնում եմ, որ բոլորդ կլինեք ձեր երկրի իսկական տերերը: Մարդը պետք է սիրի իր հայրենիքը, հասկանում եմ` անգործ նստած են մարդիկ ու աշխատանք են փնտրում, բայց պետք չէ վատաբանել քո երկիրը, որտեղ ապրում ես: Անընդհատ խոսել ու փնովել չի կարելի, որովհետեւ դա քո մայրն է: Հիմա քո մայրը հիվանդ է, վատ է, ոտքը լավ չէ, չի կարողանում քայլել, ձեռքը կոտրել է, ուրեմն` դու պիտի վատ բաներ ասե՞ս նրա հասցեին: Ախր, այդպես չի լինում: Մեր երկրում կան մարդիկ, որոնք անընդհատ դժգոհում են: Մեր քաղաքում շատ բան կա, որ կարելի է քննադատել, այնքան բան կա, որ ամեն օր ուզում եմ ասել` ե՛ւ ասում եմ, ե՛ւ անում: Բայց ինչպե՞ս կարելի է չնկատել, որ մուտքի դռները ներկել են, գեղեցկացել է, շենքերն են լավացրել... Մեկին ասում եմ` ինչ լավ է, չէ՞, որ նստարաններ են դրել, ասում է` բայց դու նկատե՞լ ես, որ հատուկ դրել են արեւի տակ... Մեր ժողովուրդը հիվանդ է, որովհետեւ չի վստահում: Դա էլ է հասկանալի, որովհետեւ այնքան ուռոդներ կան, որ շատ դժվար է վստահել իրենց»,- վերջին հարցազրույցներից մեկում «Իրավունքի» հետ զրույցում շեշտել էր Ռ. Գեւորգյանցը, ապա անդրադարձել մտավորականներին ու արտագաղթին. «Հիմա, ցավոք սրտի, շատ քիչ մարդ կա, որի խոսքը կշիռ ունի: Դա հասկանալի է, ժամանակ առ ժամանակ ժողովրդի մեջ պակասում է մտավորականությունը, հետո նորից արթնանում, դա ալիքի նման բան է: Անցյալ տարի կարկուտը խփեց, ժողովուրդը բորբոքված դուրս եկավ, թե մենք գնալու ենք այս երկրից: Ինչպե՞ս թե գնալու ես, կարկուտը խփել է` դրա համար պիտի գնա՞ս: Հայերի համար մեր երկիրը միշտ փոքր է եղել, մենք ձգտում ենք օվկիանոսների, ծովերի, մենք դոնոր ազգ ենք, գնում ենք ուրիշ երկրներում մեր արյունը տալիս ենք: Սխալ է դա, իհարկե, բայց այդպիսի ազգ ենք: Հիմա պիտի շենացնենք մեր երկիրը, ուղղակի, երեւի, ինչ-որ նորմալ ծրագիր է պետք մշակել»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Իրավունք» թերթի խմբագրությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ռուբեն Գեւորգյանցի հարազատներին, ընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին:

