Ապշում ես, թուրքական իշխանություններն էլ էին այսպես հալածում հայկական եկեղեցուն. Մհեր Հակոբյան
ՆերքաղաքականՀայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա իշխանական հարձակումները, կարծես թե, նոր թափ է ստանում՝ նոր քրեական գործեր բացելով, նոր ռեպրեսիաների մասին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ակնարկներով եւ սոցցանցային գրոհներով: Թե սա մինչ ո՞ւր է գնալու եւ ի՞նչ պետք է անել՝ այս հակաեկեղեցական արշավը կանգնեցնելու ուղղությամբ, «Իրավունք»-ը պարզել է պատմաբան, քաղաքագետ, ռազմական փորձագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեսակետը:
— Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մակարդակով պետական իշխանությունն առանձնացված է որեւէ կրոնական կառույցից, այդ թվում եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց: Այսինքն, որպես կանոն, ոչ մի պետական պաշտոնյա չի կարող միջամտել որեւ կրոնական կազմակերպության ներքին գործերին, այնպես էլ չի կարող միջամտել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին: Միաժամանակ հաշվի առնելով Եկեղեցու մեծ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ սահմանադիրը 2015 թվականին դա ֆիքսել է՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ դեր եւ այլն:
Անդրադառնալով այս հանրահայտ քրեական գործերին, որպես իրավաբան՝ կասեմ, որ իմ խորհին համոզմամբ՝ եկեղեցին իրավունք ունի իր ներքին դավանաբանական եւ կառավարչական հարցերում լինել լիակատար անկախ: Սա օդից վերցված մոտեցում չէ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն առնվազն երկու նախադեպային որոշում ունի, սակայն իրականում դրանք շատ են, ուղղակի այդ երկուսն են ամենաակնհայտը, որոնց էությունը հանգում է նրան, որ պետությունը գիտակցաբար մի կողմ է քաշվում կրոնական կառույցների ոչ միայն դավածիսաբանական գործընթացներին խառնվելուց, այլ նաեւ, Եվրադատարանի նախադեպային որոշումներն ասում են, որ նույնիսկ դու կրոնական կառույցի վարչական, կառավարչական կառուցվածքային ընթացքին չպետք է խառնվես: Այսինքն՝ եթե կրոնական կառույցի ղեկավարը որոշում է, որ օրինակ, Գյումրում պետք է ունենա թեմ եւ այդ Գյումրու թեմի ղեկավարը պետք է լինի, օրինակ, Պողոս Պետրոսյանը, ապա վերջ, դա իր որոշելիք հարցն է եւ որեւէ պետական մարմին իրավունք չունի դրանում խառնվել: Պետությունը երբեք չի կարող ասել՝ աղոթելուց դու ինչպես կանգնես կամ որ շարժումներն անես, դա որոշում է այդ կրոնական կառույցը: Դուրդ չի գալիս, մի՛ եղիր այդ կառույցում:
Իրականում, եկեղեցին եւ ցանկացած կրոնական կառույց, դա բացարձակ միապետական բնույթ ունեցող կառույց է, որքան էլ դա տարօրինակ հնչի: Պարզապես 21-րդ դարում բացարձակ միապետություն արտահայտությունը գուցե տարօրինակ է հնչում, բայց եկեղեցին իր բնույթով այդպիսին է: Ամենայն հայոց կաթողիկոսը, դա բացարձակ միապետն է, որը ուղղակի երբեմն եկեղեցական խորհրդի հետ խորհրդակցում է, սակայն վերջնական որոշումը ընդունում է նա: Հիմա եթե նա որոշում է, որ այս կամ այն անձը պետք է ունենա այս կոչումը, ապա դա միայն նա է որոշում՝ տալիս կամ հանում է կոչումը:
Իմ խորին համոզմամբ աշխարհիկ դատարանն իրավունք չունի քննել նման որեւէ հարց: Ես իմ խոսքը սկսեցի Եվրադատարանի նախադեպերից, հոտո շարունակեցի փաստացի տրամաբանական փաստարկներով եւ վերջում էլ ավարտեմ իրավական փիլիսոփայական կատեգորիաներով: Իրավունքի փիլիսոփայությունն ասում է՝ երբ առանձնացված են երկու երեւույթներ, դրանք չեն կարող մեկը մյուսին հետո զուգահեռվել: Սահմանադրության համաձայն, պետական պաշտոնյան կարող է անել միայն այնպիսի գործողություններ, ինչի համար ուղղակիորեն լիազորված է ՀՀ օրենսդրությամբ: Հիմա, ՀՀ օրենսդրությամբ որեւէ կետ չկա, որ որեւէ պաշտոնյա իրավունք ունի խառնվել Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաեւ ցանկացած այլ կրոնական կառույցի գործառույթներին:
Հիմա նույն կերպ էլ վարչապետը պետք է ասի, օրինակ, «Եհովայի վկաներին» ոչ թե պետք է Պողոսը ղեկավարի, այլ Պետրո՞սը: Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Պետք է շեշտել, որ կոնկրետ եկեղեցու դեպքում, վարչապետի լիազորությունները սպառիչ են, առնվազն ոլորտային առումով: Որից հետո գալիս են իշխանական քարոզիչները եւ ասում են, թե բա՝ գիտեք, այսինչ մարդը ԱԱԾ գործակալ է եւ այլն, դրան էլ մի պարզ հարց կա. իսկ ո՞վ ասաց, որ եկեղեցին եւ եկեղեցականներն իմունիտետ ունեն իրավական: Որեւէ նորմ խախտվե՞լ է ինչ-որ մեկի կողմից: Իսկ եթե լրտեսություն է արել Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, ապա խնդրեմ՝ ի՞նչն է խանգարում քրեական գործ հարուցել եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անել ու հետո գործն ուղարկել դատարան: Սա՛ արեք, ու ոչ մեկ չի ասում եթե հոգեւորականը օրենք է խախտում, միեւնույնն է, չդատեք, նման բան չկա:
Ի վերջո, սթափ երբ նայում ես, ապշում ես: Հաճախ 30-ականներն են օրինակ բերում, ասելով, որ ստալինյան շրջանում այսպես էր, այնպես չէր եւ այլն, բայց ես ավելի վատ բան եմ տեսնում այստեղ: Ես թուրքական պատմական անալոգներ եմ տեսնում, երբ թուրքական իշխանությունները ցանկանում էին հալածել հայկական եկեղեցուն: Սա շատ լուրջ հարց է, պարզապես մենք ամեն օր դրա մեջ ենք ու չենք զգում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

