Արևելք, թե Արևմուտք․ ցուգցվանգ, թե գեոպոլիտիկ դիլեմա

Վերլուծություն

Ռուս-ուկրաինական պատերազմը նոր թափ հաղորդեց գործող աշխարհակարգի վերափոխման գործընթացին, իսկ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը թևակոխեց առավել ակտիվ փուլ։ Այս հակամարտության ֆոնին Արևմուտքն արագացրել է իր ներթափանցումը ռուսական ազդեցության ավանդական գոտիներ՝ տարածքներ, որոնց նկատմամբ նախկինում հավակնություններ կամ հստակ ծրագրեր չուներ։ Եթե նախկինում այդ տարածաշրջանները լռելյայն դիտարկվում էին որպես Ռուսաստանի «ազդեցության դաշտ», ապա այսօր իրավիճակն արմատապես այլ է։ Օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ հավաքական Արևմուտքը լծվել է ռուսական ազդեցության մաշեցման գործին։

Ներկայումս Արևմուտքը զգալի ռեսուրսներ է կենտրոնացնում հետխորհրդային երկրներում Մոսկվայի դիրքերը թուլացնելու ուղղությամբ։ Հայաստանում այդ աճող ներկայությունը դրսևորվում է ինչպես տնտեսական (էներգետիկա, տրանսպորտ), այնպես էլ ռազմավարական (անվտանգություն, պաշտպանություն) հարթություններում։ Վերջին հինգ տարիներին ականատեսն ենք արևմտյան նավթային խոշոր ընկերությունների մուտքին կամ դրանց գործունեության կտրուկ ընդլայնմանը հայկական շուկայում։

Ուշագրավ իրադարձություններից էր, օրինակ, ադրբեջանական տարածքով բենզինի խմբաքանակի ներկրումը։ Այս գործընթացների հիմնական շարժառիթը քաղաքական է։ Զուտ բիզնես տրամաբանությամբ՝ Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի փոքր շուկաները դժվար թե առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնեին համաշխարհային հսկաների համար։ Փորձը ցույց է տալիս, որ փոքր պետություններում գլոբալ բրենդների հայտնվելը հաճախ ոչ թե առևտրային գերշահույթի, այլ քաղաքական նպատակահարմարության արդյունք է։

Հայաստանի պարագայում վերջին տարիներին «Gulf», «Shell» ընկերությունների և դրանց դուստր ձեռնարկությունների ակտիվացումը, եվրոպական բենզինի վաճառքն ու ագրեսիվ մարկետինգը նպատակ ունեն շուկայից դուրս մղել ռուսական մատակարարներին։ Մրցակցային գինն ու որակը սպառողին դրդում են աստիճանաբար անցնել արևմտյան վառելիքի։ Այսինքն՝ էներգետիկ լծակների և բիզնես խաղացողների միջոցով Արևմուտքը ձևավորում է այլընտրանք, որը նախկինում բացակայում էր՝ դրանով իսկ նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից։ Սակայն պայքարը միայն էներգետիկայով չի սահմանափակվում։

Մինչ 44-օրյա պատերազմը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «մոդերատորի» դերը մեծամասամբ վերապահված էր Ռուսաստանի Դաշնությանը, ինչը Մոսկվային հնարավորություն էր տալիս լծակներ պահպանել կողմերի վրա։ 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանն ամրապնդեց այդ դիրքերը՝ հասնելով հրադադարի և տեղակայելով խաղաղապահ զորակազմ, ինչը հակասում էր Արևմուտքի շահերին։

Իրավիճակը կտրուկ փոխվեց 2022 թ. փետրվարի 24-ից հետո։ Ուկրաինական ճակատում ծանրացած խնդիրների պատճառով Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում թուլացան։ 2022-ի սեպտեմբերյան ագրեսիան ի ցույց դրեց Հայաստանի անվտանգությունն ապահովելու Մոսկվայի անկարողությունը, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները հայ-ադրբեջանական սահմանի բացակայության մասին Երևանին ստիպեցին անվտանգային նոր երաշխիքներ փնտրել։

Առաջացած վակուումը լցրեց Եվրոպան՝ առաջ մղելով իր խաղաղության օրակարգը, որը ներառում էր Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և առևտուր։ Դեպքերի հաջորդականությունը խոսուն է. 2022-ի հոկտեմբերին Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, 2023-ին Հայաստան մուտք գործեց «Shell»-ը, իսկ 2024-ի վերջին՝ «Gulf»-ը։

Անդրադարձ «Թրամփի ուղուն»

Թեև 2022 թ. սեպտեմբերյան մարտերից հետո հրադադարը հաստատվեց ԱՄՆ միջնորդությամբ, դա բավարար չեղավ տարածաշրջանում ռուսական ներկայությունը լիարժեք թուլացնելու համար։ Բեկումնային եղավ 2023 թվականը՝ Արցախի հայաթափումը, որը ռազմավարական լուրջ հարված հասցրեց Ռուսաստանին։ Մի կողմից՝ հեղինակազրկվեց ռուսական խաղաղապահ առաքելությունը, մյուս կողմից՝ պաշտպանության ենթակա բնակչության բացակայության պայմաններում ռուսական զորակազմը ստիպված եղավ լքել Արցախը։

Այս իրողությունների ֆոնին ձևավորվում է նոր լոգիստիկ իրականություն։ Այսպես կոչված «Թրամփի ուղին» անցնում է Հայաստանի հարավով՝ Իրանի սահմանի երկայնքով։ Հիշեցնենք, որ Մեղրիի անցակետում և «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների վերահսկողությունը դադարեցվեց համապատասխանաբար 2025 թ. հունվարի 1-ից և 2024 թ. օգոստոսի 1-ից։ Արդյունքում՝ Հայաստանի հարավում ռուսական ազդեցության լծակները չեզոքացվեցին, ինչին հետևեց 2025 թ. օգոստոսի 8-ի եռակողմ Հռչակագրի ստորագրումը՝ հիմք դնելով TRIPP-ին (Միջազգային խաղաղության և բարգավաճման «Թրամփի ուղի»)։

Այս կոնֆիգուրացիայում Արևմուտքի համար որոշակի խոչընդոտ է մնում Իրանը, որը, սակայն, ներկայումս խոցելի վիճակում է՝ հատկապես 2023-ից ի վեր Գազայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով։ Այսպիսով, ստեղծվել են բարենպաստ նախադրյալներ Տրանսկասպիական միջանցքի զարգացման և արևմտյան ազդեցության ամրապնդման համար։ Արևմուտքը շահագրգռված է պահպանել այս ստատուս-քվոն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը վերջնականապես դուրս չի մղվել իր ազդեցության գոտիներից։ Կարելի է կանխատեսել, որ ռուս-ուկրաինական պատերազմը և Իրանի շուրջ լարվածությունը կպահպանվեն այնքան, քանի դեռ Արևմուտքն ավարտին չի հասցրել իր ծրագրերը։

Կայուն խաղաղության պայմաններում Արևմուտքին դժվար թե հաջողվեր ապահովել նման արագընթաց էքսպանսիա, քանի որ Մոսկվան կկանխեր այն։ Վառ օրինակ էր ժամանակին Հայաստան-ԵՄ «Խորը և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագրի տապալումը (որը խոստանում էր եվրոպական ինտեգրում և տնտեսական նոր հեռանկարներ) և դրան փոխարինած անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Վերջինս, օրենսդրական և տնտեսական դաշտի հարմարեցմամբ, ավելի էր ամրապնդել ռուսական ազդեցությունը Հայաստանում։

Ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանը պետք է որդեգրի առավելագույնս ճկուն և մանևրող քաղաքականություն։ Անհրաժեշտ է պահպանել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ և անդամակցությունը գործող ինտեգրացիոն կառույցներին (ՀԱՊԿ, ԵԱՏՄ), քանի դեռ Արևմուտքից չեն ստացվել անվտանգային և տնտեսական կոշտ երաշխիքներ պարունակող առաջարկներ։ Սակայն այդ մանևրումը չպետք է վերածվի իմիտացիայի կամ խաբկանքի. գերտերությունների հետ «խաղալը» հղի է ծանր հետևանքներով։

Ակնհայտ է, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը չի կարող ակնթարթորեն ինտեգրվել ԵՄ-ին, իսկ առանց այլընտրանքի միությունից դուրս գալը կհանգեցնի տնտեսական կոլապսի։ Հետևաբար, խնդիրը ոչ թե բոլորին գոհացնելն է, այլ գործընկերներին հասկացնելը, որ Երևանն առաջնորդվում է բացառապես իր կենսական շահերով։ Ռուսաստանը շարունակում է մնալ մեր խոշորագույն տնտեսական գործընկերը, իսկ Իրանը՝ հարավային անվտանգության երաշխավորը։

Հայաստանը պետք է վերածվի շահերի համադրման կենտրոնի։ «Թրամփի ուղու» գործարկմամբ մենք դառնում ենք Տրանսկասպիական միջանցքի բաղկացուցիչ մաս, ինչը շահավետ է բոլոր խաղացողների համար։ Պետական մակարդակով արտահանման և ներկրման հստակ չափորոշիչների սահմանումը թույլ կտա դիվերսիֆիկացնել տնտեսությունը և հավասարակշռված առևտուր վարել բոլոր կողմերի հետ։ Այդպիսով Հայաստանը կվերածվի ոչ թե շահերի բախման թատերաբեմի, այլ կարևոր տնտեսական հանգույցի։ Երևանը պարտավոր է վարել հավասարակշռված քաղաքականություն՝ զերծ մնալով երկիմաստ քայլերից, որոնք կարող են սխալ մեկնաբանվել ուժային կենտրոնների կողմից։

ՌՈՒԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում