Մալյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում շարունակվում են իրականացվել մի շարք ծրագրեր. Գոհար Սարգսյան
ՄշակութայինՀայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Թե ինչպիսի ծրագրեր կան առջեւում, «Իրավունք»-ը պարզեց Հայաստանի կինոյի հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրույցում:
—Ինչպիսի՞ ծրագրեր է իրականացրել Հայաստանի կինոյի հիմնադրամը Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական տարվա շրջանակում, եւ որոնք են ներկայումս ընթացող հիմնական միջոցառումները։
—Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամը նախաձեռնել եւ իրականացրել է մի շարք ծրագրեր՝ միտված նրա ստեղծագործական ժառանգության արժեւորմանը, հանրահռչակմանը եւ նոր դիտանկյուններից ներկայացմանը։ Այդ ծրագրերը ներառում են ցուցադրություններ ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում, կրթական նախաձեռնություններ, ինչպես նաեւ մշակութային համագործակցային ձեւաչափեր։ Ներկայումս այդ միջոցառումների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «Մենք ենք, մեր եռանկյունին» իմպլեմենտացիոն ցուցադրությունը, որը շուրջ երկու ամիս է ներկայացվում է Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոնում։
—Ի՞նչ ցուցադրություն է իրականացվում Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոնում այս պահին:
—Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոնում Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից ներկայացվում է «Մենք ենք, մեր եռանկյունին» իմպլեմենտացիոն ցուցադրությունը։ Ցուցադրության համադրական հայեցակարգը միավորում է հայ մշակույթի երեք առանցքային հեղինակների՝ Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործական ժառանգությունը։ Ցուցադրության նպատակը ոչ միայն երեք մեծ արվեստագետների ստեղծագործությունների ներկայացումն է, այլեւ դրանց միջև գոյություն ունեցող խորքային կապերի բացահայտումը՝ կինոյի, գրականության եւ բեմարվեստի հատման կետում։ Այն հնարավորություն է տալիս այցելուներին ամբողջական պատկերացում կազմելու մի ամբողջ ստեղծագործական միջավայրի մասին, որտեղ ձեւավորվել են հայկական մշակույթի կարեւոր արժեքներ եւ գեղարվեստական մտածողության առանցքային ուղղություններ։
—Ի՞նչ նյութեր են ներկայացվում ցուցադրության շրջանակում եւ ի՞նչ պատկերացում են դրանք ձեւավորում այցելուների համար։
—Ցուցադրության շրջանակում այցելուներին ներկայացվում են «Մենք ենք, մեր սարերը» եւ «Եռանկյունին» ֆիլմերից ընտրված առանցքային կադրեր, բեմադրական դեկորներ, ստեղծագործական գործընթացին առնչվող ռեկվիզիտներ, հեղինակներին պատկանող անձնական իրեր, ինչպես նաեւ արխիվային լուսանկարներ եւ փաստաթղթեր։ Այս բազմաշերտ նյութերի համադրությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալու ֆիլմերի ստեղծման պատմությանը, այլեւ խորությամբ ընկալելու երեք հեղինակների՝ ստեղծագործական մտածողությունը։ Ցուցադրությունը ձեւավորում է ամբողջական պատկերացում այն մշակութային միջավայրի մասին, որտեղ ձեւավորվել են այդ գործերը՝ բացահայտելով նրանց գաղափարական կապերը, ժամանակաշրջանի հոգեբանությունն ու արվեստի զարգացման տրամաբանությունը։ Այցելուն հնարավորություն է ստանում տեսնելու ոչ միայն արդյունքը՝ ֆիլմը, այլեւ մշակութային եւ մարդկային այն շերտերը, որոնք կանգնած են ստեղծագործությունների հիմքում։
—Ինչպիսի՞ դեր ունեն ինտերակտիվ լուծումները ցուցադրության ընդհանուր կառուցվածքում։
—Ինտերակտիվ լուծումները ցուցադրության կարեւոր բաղադրիչ են։ Դրանք այցելուներին հնարավորություն են տալիս ոչ միայն դիտել ներկայացված նյութերը, այլեւ ներգրավվել ստեղծագործական գործընթացի ընկալման մեջ՝ բացահայտելով հեղինակի եւ ռեժիսորի գաղափարական շերտերը, զգալով ստեղծագործական ընթացքն ու ֆիլմի հուզական միջավայրը ներսից։
—Ի՞նչ նկատի ունեք «կրթական բաղադրիչ» ձեւակերպման ներքո եւ ինչպիսի՞ դեր ունի այն ցուցադրության ընդհանուր հայեցակարգում։
—Կրթական բաղադրիչը ցուցադրության առանցքային ուղղություններից մեկն է։ Այն միտված է հատկապես երիտասարդ սերնդին՝ դպրոցականներին ու ուսանողներին, հայ կինոյի եւ գրականության կարեւոր անունների ու արժեքների հետ համակարգված եւ ժամանակակից ձեւով ծանոթացնելուն։ Դրա վառ օրինակներից է, օրերս, փետրվարի 8-ին Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 6-րդ դասարանի սաները այցելեցին Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն՝ մասնակցելու ցուցադրությանը կրթական եւ ճանաչողական ծրագրի շրջանակում։
Մեր նպատակն է այս երեք հեղինակների՝ Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի ժառանգությունը հանրահռչակել ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլեւ լայն կրթական միջավայրում։ Փորձը ցույց է տալիս, որ երիտասարդները մեծ հետաքրքրությամբ են արձագանքում, հատկապես երբ նյութը ներկայացվում է նորարարական եւ ինտերակտիվ լուծումներով, ինչը կարեւոր հիմք է մշակութային շարունակականության համար։
—Ինչպիսի՞ հանրային արձագանք է ունեցել ցուցադրությունը բացման օրվանից մինչ այժմ։
—Ցուցադրության բացումից ի վեր այն ընդունել է շուրջ 150 այցելուների՝ ներառելով ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների մասնակցությունը։ Այցելուների շրջանակը բազմաբնույթ է՝ դպրոցականներ, ուսանողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ եւ տարբեր տարիքի մեծահասակներ, ինչը վկայում է ծրագրի լայն հասանելիության եւ հետաքրքրության բազմաշերտ բնույթի մասին։ Հատկանշական է, որ ցուցադրությունը պահպանել է կայուն այցելություն՝ բացման օրվանից մինչեւ այսօր, ինչը փաստում է ոչ միայն հետաքրքրության առկայությունը, այլեւ ծրագրի հանրային պահանջարկը որպես ժամանակակից ձեւաչափով ներկայացված կրթական եւ մշակութային նախաձեռնություն։ Տարբեր տարիքային խմբերի շարունակական ներգրավվածությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ նման նախագծերը արդյունավետ գործիք են մշակութային հաղորդակցության եւ արժեքների փոխանցման գործում։
—Ինչպիսի՞ն է պետության մասնակցությունն ու աջակցությունը այս նախաձեռնությանը, եւ որքանո՞վ է այն կարեւորվում պետական մշակութային քաղաքականության շրջանակում։
—Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մշակույթի եւ կինոյի ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ, դերասաններ, արվեստի գործիչներ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ ներառված է պետական մակարդակով կարեւորվող հոբելյանական մշակութային նախաձեռնությունների շրջանակում։ Պետությունը նման ծրագրերը դիտարկում է ոչ միայն որպես հիշատակի միջոցառում, այլեւ որպես արդյունավետ հաղորդակցային հարթակ՝ ազգային մշակութային ժառանգության հանրայնացման, ժամանակակից ձեւաչափերով ներկայացման եւ հանրության տարբեր խմբերի հետ շարունակական երկխոսության ապահովման համար։
—Ինչպիսի՞ նշանակություն ունի այս ցուցադրությունը հանրային կապերի եւ հաղորդակցության տեսանկյունից, եւ իրականացվել է արդյոք նպատակային մեդիա արշավ։
—Այս ցուցադրությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի համար կարեւոր հանրային հաղորդակցային նախաձեռնություն է։ Այն թույլ է տալիս կինոժառանգության մասին խոսել ոչ միայն մասնագիտական, այլեւ լայն հանրային լեզվով՝ կիրառելով ժամանակակից ներկայացման եւ ներգրավման ձեւաչափեր։ Հանրային կապերի տեսանկյունից մեր նպատակն է եղել ձեւավորել շարունակական հետաքրքրություն, ընդգծել ծրագրի կրթական եւ մշակութային արժեքն ու այն ներկայացնել որպես բաց, հասանելի հարթակ տարբեր լսարանների համար։
Ցուցադրության մեկնարկին զուգահեռ իրականացվել է նպատակային մեդիա եւ տեղեկատվական աշխատանք՝ պաշտոնական հաղորդագրությունների, թվային հարթակներում հրապարակումների, գործընկեր կառույցների միջոցով տարածման եւ ուղիղ հաղորդակցման ձեւաչափերով։ Մենք դիտարկել ենք այս նախագիծը ոչ որպես մեկանգամյա միջոցառում, այլ որպես երկարաժամկետ հաղորդակցային գործընթաց, որի ընթացքում մշակութային ժառանգությունը ներկայանում է ժամանակակից հանրային դիսկուրսում։
Հետադարձ կապը ցույց է տալիս, որ նման ձեւաչափով իրականացված նախաձեռնությունները արդյունավետ են հանրային հետաքրքրություն ձեւավորելու եւ մշակութային թեմաների շուրջ կայուն երկխոսություն ապահովելու համար։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

