2025-ի մարզական տարվա դափնեկիրները
ՍպորտՎերջին տարիներին տարվա լավագույն մարզիկներին որոշելու գործը իր վրա է վերցրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (նախաձեռնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2017 թվականին)։
2025 թվականին «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթն անցկացվեց միանգամից մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն 3 մարզիկներ», «Լավագույն կին մարզիկ», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ», «Լավագույն թիմ», «Լավագույն երիտասարդ մարզիկ», «Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն», «Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ», «Լավագույն մարզիչ», ինչպես նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ, որը որոշվեց առցանց քվեարկության արդյունքներով։
Անվանակարգերում ընդգրկված էին միայն օլիմպիական մարզաձևերի և այն մարզաձևերի ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են Հայաստանի սպորտի զարգացման հատուկ ծրագրում, օրինակ՝ ուշուն, շախմատը, սամբոն։ Բայց ահա այնպիսի մարզաձևեր, ինչպիսիք են MMA-ն (Mixed Martial Arts - խառը մարտական արվեստներ) և բազկամարտը, չեն ներառվել, որոնցում Հայաստանը անցած տարում լավ հաջողություններ ունեցավ։ Ի հայտ եկավ MMA-ի պատմության մեջ մեծահասակների առաջին չեմպիոնը. 21-ամյա Սպարտակ Միքայելյանը դարձավ IMMAF (International Mixed Martial Arts Federation – Խառը մարտարվեստների միջազգային ֆեդերացիա)-ի հեղինակավոր մրցանակի տեր՝ ճանաչվելով 2025 թվականի MMA-ի լավագույն մարտիկը սիրողականների մեջ։
Արդյունքների ամփոփման և հաղթողներին պարգևատրելու արարողությունը տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին: 2025 թվականի անվանակարգերում հաղթողներ դարձան.
– «Լավագույն 3 մարզիկներ»՝ Վարազդատ Լալայանը (գերծանրքաշային կարգում ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն), Մալխաս Ամոյանը (հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն հենացատկում),
– «Լավագույն կին մարզիկ»՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն),
– «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյանը (հաշմանդամների շախմատի աշխարհի չեմպիոն),
– «Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյանը (հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն),
– «Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն»՝ Սուրեն Հարությունյանը (WKF-ի՝ World Karate Federation - կարատեի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր),
– «Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ»՝ 18-ամյա Համլետ Մանուկյանը (սպորտային մարմնամարզության Եվրոպայի և ամառային ունիվերսիադայի չեմպիոն ձիու վրա վարժություններում),
– «Լավագույն թիմ»՝ Հայաստանի ֆուտզալի հավաքականը,
– «Լավագույն մարզիչ»՝ Փաշիկ Ալավերդյանը (ծանրամարտ)։
Նշեմ, որ Մալխաս Ամոյանը հունա-հռոմեական ըմբիշներից լավագույնն է ճանաչվել նաև ըստ «Comeback Wrestlers of the Year2025»-ի (2025-ի ըմբիշների վերադարձ): 2025 թվականի մրցաշրջանի արդյունքներով նա արժանացավ «Տարվա վերադարձ» հեղինակավոր մրցանակին՝ վնասվածքների և քաշային կարգի փոփոխության հետ կապված մի քանի դժվար տարիներից հետո համաշխարհային մակարդակի գագաթին տպավորիչ վերադարձի համար:
Դեկտեմբերի վերջին՝ հունվարին մոտ, տարվա արդյունքներն ամփոփվեցին Հայաստանի ֆուտբոլի անհրապույր ֆեդերացիայում (ՀՖՖ): Մի խումբ այսպես կոչված լրագրողների և Հայաստանի ֆուտզալի առաջնության ակումբների ներկայացուցիչների քվեարկությամբ որոշվեցին լավագույն խաղացողը և մարզիչը։ Հայաստանի լավագույն ֆուտզալիստ ճանաչվեց ազգային հավաքականի ավագ և ռուսական «Նորիլսկիյ նիկել» («Норильский никель») ակումբի խաղացող Վլադիմիր Սանոսյանը։ Երկրորդ տեղում ազգային հավաքականի և Ռուսաստանի «Տուլա» թիմի խաղացող Նիկիտա Խրոմիխն է, երրորդում՝ հավաքականի և Բելառուսի «Մերկուրի» թիմի խաղացող Միհրան Դերմենջյանը։
Ֆուտզալի Հայաստանի 2025 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։ (Նա պարգևատրվել է նաև «Մովսես Խորենացի» մեդալով, որը նրան շնորհեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը)։ Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը, որը կանցկացվի հունվարի 21-ից մինչև փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում։
Պատրաստվելով այս առաջնությանը՝ Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաջողությամբ անցկացրեց «Յունիբանկի գավաթ»-ի միջազգային մրցաշարը, որն անցկացվեց դեկտեմբերին Երևանում։ Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովայի (2:1), Ղրղզստանի (5:1) և շատ ուժեղ Վրաստանի (3:1) թիմերին և դարձավ մրցաշարի հաղթող:
ՀՖՖ-ն ամփոփեց «Տարվա ֆուտբոլի լավագույն մարզիչ» կոչման համար քվեարկության արդյունքները։ Լավագույնը անսպասելիորեն դարձավ Երևանի «Ալաշկերտի» մարզիչ Վահե Գևորգյանը, մի թիմի, որն այսօր ազգային առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը։
Ինչպես և սպասվում էր, լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Նրա օգտին քվեարկել են 17 ընտրողներ։ 25-ամյա ֆուտբոլիստը 2025 թվականին 5 գոլ է խփել Հայաստանի հավաքականի օգտին և իր ակումբային գործունեության մեջ առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ 2025 թվականի վերջին, ըստ «Transfermarkt»-ի, նա Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի հետ գլխավորել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը՝ 25 միլիոն եվրո։
Սպերցյանից հետո երկրորդ տեղում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է՝ 8 ձայնով։
Դեկտեմբերի 20-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Ազգային ընտրանի» մրցանակի հանձնման հինգերորդ արարողությունը։ Սա հայկական մրցանակ է, հիմնադրվել է Հայաստանում իրենց գործունեության բնագավառի (սպորտ, գիտություն, մշակույթ) զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած մարդկանց մեծարելու համար՝ երկրի կյանքում նրանց վաստակն ու դերը նշանավորելու նպատակով: Մրցանակի հիմնադիրն ու կազմակերպիչը Մ. Վ. Լոմոնսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ, իրավագիտության դոկտոր Ենոք Ռուբենի Ազարյանն է։
Սպորտի բնագավառում այս անգամ պարգևատրվեցին Սեուլի 1988 թվականի օլիմպիական չեմպիոն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հոկսեն Միրզոյանը, Բարսելոնի 1992 թվականի երկու օլիմպիական չեմպիոններ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոններ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը և հունա-հռոմեական ըմբիշ Մնացական Իսկանդարյանը, ինչպես նաև Մայկոպից ձյուդոյիստ, ծնունդով ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Արսեն Գալստյանը։
Նշեմ, որ Հոկսեն Միրզոյանին մրցանակը հանձնեց անցյալ տարվա «Ազգային ընտրանի» մրցանակի դափնեկիր, իսկ այժմ արդեն ինքը այս միջազգային մրցանակի հանձնաժողովի անդամ, ԱԻԲԱ-ի (AIBA - բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախկին անունը) բարձրագույն կարգի մրցավար, Սիդնեյի 2000 թվականի օլիմպիական խաղերի լավագույն մրցավար (միակ մրցավարը, որը պարգևատրվել է ՄՕԿ-ի՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով), Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Աբրահամի Գաբրիելյանը։
Գաբրիելյանն այս անգամ էլ առանց պարգևի չմնաց. հայկական սպորտի զարգացման համար իր ակտիվ մարզական գործունեության և «Իմ կյանքի ռինգը» շատ ծավալուն ինքնակենսագրական գրքի հրատարակման համար, որը բազմաթիվ իրադարձություններ, գործեր և, իհարկե, մարդկանց (որոնց հետ խաչվել է նրա անսովոր վառ կյանքի ուղին) ընդգրկող խոստովանություն է իր ապրած կյանքի մասին։ Նա պարգևատրվեց հայտնի ժամանակակից ծովանկարիչ Վաչագան Իսպիրյանի կտավով, որը բուռն ծափահարությունների ներքո Գաբրիելյանին նվիրեց Ենոք Ազարյանը։
«Ազգային ընտրանի» մրցանակին նախապես առաջադրված էր նաև թրասուսերամարտի աշխարհի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը, սակայն դեկտեմբերի 20-ին՝ նրա ծննդյան 32-րդ տարեդարձի օրը, նրա պատվին Մոսկվայում անցկացվեց մրցաշար, և Երևանում նրա պարգևատրումը տեղափոխվեց մյուս տարի։
Դրանից քիչ վաղ Յանային շնորհվել է «Տարվա լավագույն մարզուհի» կոչումը՝ «Successful Ladies Awards» (հաջողակ կանանց մրցանակաբաշխություն) միջազգային մրցանակի համաձայն, որն ամեն տարի որոշում է բիզնեսի, գիտության, ստեղծագործության և սպորտի բնագավառներում աչքի ընկած կանանց:
Եգորյանին անուշադրության չմատնեցին նաև Ռուսաստանում, որտեղ նա մտավ Ռուսաստանի սպորտային աշխարհի տարվա լավագույններից լավագույնների ընտրության մեջ, որոնց արդեն երրորդ տարին անընդմեջ ընտրում են «ՌԻԱ Նովոստի»-ի ընթերցողները՝ «Տարվա լավագույն մարզուհի» («Лучшая спортсменка года») անվանակարգում։ Նշեմ, որ այս անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է մեկ այլ մոսկվացի, Ռուսաստանի եռակի չեմպիոն և Ռուսաստանի «Գրան Պրի»-ի եզրափակչի եռակի հաղթող, 18-ամյա գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը։
Երկրորդ տեղին, բայց արդեն «Տարվա ձայն» (մեկնաբաններ) անվանակարգում արժանացավ մեկ այլ մոսկվացի և նախկին գեղասահորդուհի, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան)։
Իսկ «Տարվա բոս» անվանակարգում ամենաշատ ձայները ստացել է հայտնի ռուս գործարար և բարերար, «Կրասնոդար» ֆուտբոլի ակումբի հիմնադիր և սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որին ամանորյա տոների նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման մեջ ներդրման, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար» պարգևատրել է «Բարեկամության շքանշանով»։ Նշեմ, որ «Տարվա թիմ» անվանակարգում «ՌԻԱ Նովոստի»-ի ընթերցողները լավագույնն են ճանաչել «Կրասնոդար»-ը, որի ավագը Էդուարդ Սպերցյանն է։
Ալեքսանդր Գրիգորյան, Երևան

