Շատ պիղծ ֆեյք էջերի հետեւում կանգնած են օրինապահ մարմիններ. Արամ Մանուկյան
Շոու բիզնես«ԳԵՐԵԶՄԱՆ ԵՆ ՀԱՅՀՈՅՈՒՄ, ԵՐԵԽԱ ԵՆ ՊՂԾՈՒՄ, ՄԵՐԿ ՆԿԱՐՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ»
«Իրավունք»-ը բազմիցս անդրադարձել է, այսպես կոչված, տիկտոկյան «բաթլ»-ներին, որտեղ երկու անձ օնլայն միանում են եւ խաղում, ամեն մեկն ունենում է իր համախոհները, ովքեր գումար են գցում՝ իրենց կողմից նախընտրելի խաղացողի օգտին: Ու ում շատ նվեր կգցեն՝ նա էլ կհաղթի հերթական խաղը: «Շնորհիվ» այդ «բաթլների»` օգտատերը կարող է մեկ օրվա մեջ վաստակել առնվազն 200-300 դոլարին համարժեք դրամ: Եվ հանուն դրա` այլեւս անցել են հնարավոր բոլոր սահմանները. որոշ «բաթլչիներ» պատրաստ են շան պես հաչալ, կամ ուղիղ եթերում հոնքերը սափրել, աղջիկներն ու կանայք՝ բացել հնարավոր բոլոր բարեմասնությունները... «Տիկ- Տոկ» հարթակը քիչ-քիչ վերածվում է բացահայտ առերեւույթ խուլիգանության, ինտիմ հարաբերություններ առաջարկելու, կիսամերկ նկարներ տարածելու տարածքի, որտեղ օգտագործում են ոչ նորմատիվ լեքսիկոն՝ համեմված հայհոյանքներով: Անգամ կանայք հենց այդ հարթակում են հաշվեհարդար տեսնում մեկը մյուսի նկատմամբ՝ ինտիմ լուսանկարներ տարածելով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»- ի տաղավարում խոսել ենք հումորիստ, դերասան ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ: Նա ակտիվ պայքարի մեջ է մտել վերոնշյալ արատավոր երեւույթների դեմ:
«ԵՍ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՅԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ, ՈՐ ԻՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ԲՌՆԵԻ՞Ն»
— Դուք պայքարում եք համացանցային արատավոր երեւույթների դեմ: Ինչո՞ւ որոշեցիք դառնալ այս պայքարի առաջամարտիկը:
— Ամեն բան սկսվեց նրանից, երբ տեսա, թե ինչպես է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Տիկ-Տոկ» հարթակում տեսանյութեր հրապարակում: Ես անմիջապես տեսանյութ եմ նկարում` ուղղված վարչապետին, որ եթե արդեն գտնվում եք «Տիկ-Տոկ» հարթակում, ապա վստահաբար նկատած կլինեք, թե ինչ է կատարվում այս տիրույթում՝ իրար գերեզման են հայհոյում, երեխա են պղծում, մերկ նկարներ են տարածում եւ այլն: Եվ խնդրեցի, որպեսզի լուծում գտնվի այդ արատավոր երեւույթների դեմ:
Իմ տեսաուղերձին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որից հետո մենք հանդիպեցինք, եւ ես մանրամասն ներկայացրի խնդիրը՝ հուշելով, թե ինչպես կարելի է այս ամենը կանխել: Դա եղել է մոտավորապես տարիուկես առաջ: Այնուհետ զանգահարում եմ, ու Վահագն Ալեքսանյանը չի պատասխանում: Հասկանում եմ, գուցե զբաղված է:
Շատերն ասում են՝ գնացեք, դիմեք ոստիկանություն, Ազգային անվտանգություն եւ այլ կառույցների: Ասեմ, որ ապարդյուն է, քանի որ ես չեմ դիմել, սակայն շատերին գիտեմ, ովքեր դիմել են եւ անարդյունք մնացել: Հիմա աննշան փոփոխություն կա, բայց դա իմ աղմուկի եւ դիմելու արդյունքը չէ: Պարզապես, այնքան շատ է եղել բողոքի ալիքը, որ մտածել են մի բան անեն: Ուրախ կլինեմ, որ այս հարցը լուծվի: Լինելով շարքային քաղաքացի՝ կարողացել եմ այդ «կեղտերին» գտնել, բա իրավապահ համակարգն ինչպե՞ս չի գտնում:
— Վերջերս շատ պարզ տեքստով տեսաուղերձ էիք հրապարակել, որում ասում էիք. «Ի՞նչ եք ուզում ինձանից սարքեք… Գնամ ինքնադատաստան տեսնե՞մ, հանցագործ դառնա՞մ»: Ինչո՞ւ էիք նման բան ասում:
— Տեսեք, քանի որ ես գտել էի հայհոյողին, պետք է գնայի հաշվեհարդար տեսնեի՝ ծեծեի կամ սպանեի, գնայի դատվեի, ընտանիքս քանդվեր: Նրան էլ բռնեին, ասեին՝ տեսեք, հանցագործ բռնեցինք: Այսինքն, ես պետք է դառնայի հանցագործ, որ իրական հանցագործին բռնեի՞ն: Ասածս այն էր, որ հանցագործը մի քայլ այն կողմում է, նրան գտեք, որ ես չդառնամ ստիպված հանցագործ: Ես օրինակն իմ վրա եմ ներկայացնում, որ բոլորը հասկանան՝ այս ամենից ոչ ոք ապահովագրված չէ:
Արժեքները զրոյացվել են, եւ դա եղել է շատ վաղուց: Չեմ ցանկանում մեկի կամ մի քանիսի վրա շեշտը դնել, թե ում շնորհիվ զրոյացվեց, բայց սա արդեն դիմանալու չէ: Սա գալիս է առաջին հերթին անպատժելիությունից եւ սոցհարթակների հասանելիությունից: Ովքեր չէին կարողանում դրսում ինքնահաստատվել, սկսեցին տանից ինքնահաստատվել եւ դրա համար պատասխան չտալ:
«ՏԻԿ-ՏՈԿ» ՀԱՐԹԱԿԻ ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 4-5 ԱՄԵՆԱՊԻՂԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԳՏԵԼ ԵՄ»
— Այս դաշտում բացերը շատ են, օրենսդիր մարմինն ի՞նչ օրինագծեր պետք է ընդունի, որ քիչ թե շատ այս հարթակը վերադառնա բարոյականության եւ ադեկվատության դաշտ:
— Կզարմանա՞ք՝ եթե ասեմ, որ այդ կեղծ էջերի հետեւում օրինապահ մարմիններն են կանգնած: Անշուշտ, կզարմանաք, ես, ցավոք, էլ չեմ զարմանում: «Տիկ-Տոկ» հարթակի մոտավորապես 4-5 ամենապիղծ մարդկանց գտել եմ, որոնց մեջ եղել են համակարգի աշխատողներ: Հիմա այստեղ ո՞վ է մեղավոր՝ նախկի՞ն, ներկա՞, թե՞ ապագա իշխանությունները: Ոչ ոք: Հիմա տեսեք, ես գնամ դրա նկատմամբ հաշվեհարդար տեսնեմ, պիտի ասեն, այս սուտ հայրենասերը հայ սպայի սպանեց: Բա էս հարցը հիմա ո՞նց լուծենք:
Հիմա այս երկրում կա՛մ պիտի գիժ լինես, որ դրանց հետ հավասար ապրես, կա՛մ` հանցագործ: Երրորդ տարբերակ չկա, որովհետեւ կեսից գժվում ես: Երդվում եմ, տեսաուղերձներիս տակ ավելի շատ հայերն են վատ մեկնաբանություններ գրում, քան ադրբեջանցիները:
«ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐՆ ԵՆՔ, ԱՍԱՑԻՆՔ ՈՒ ՄՆԱՑԻՆՔ ԴՐԱ ՏԱԿ»
— Բոլորովին վերջերս տեսանք, թե ինչպես են երկու հայ կին իրար հայհոյում եւ պղծում: Դրան ի՞նչ կասեք:
— Դե երբ տղամարդը իր տեղում չի լինում, կինն իրեն նման կերպ է պահում: Եթե տղամարդը տղամարդուն հանգուցյալ ու երեխա է հայհոյում ու չի պատժվում, ապա վատ վարք ունեցող կինն էլ դա տեսնելով՝ ինչ ուզում, անում է:
Մենք 10 միլիոն հայ ենք, եթե 10 միլիոնս էլ ասում ենք, որ դա վատ բան է, բայց դրա դեմ չենք պայքարում, շարունակում ենք նայել այդ ամենը, ապա ոչինչ չի փոխվի: Պետք է այդ անպատժելիությունը սպանել, եթե դա ստացվի, ապա էլ ի՞նչ իրավապահ մարմիններ: Սա եղավ այն պատմությունը, որ ասում են՝ ռուսը մեզ քաշեց, ռուսը, անգլիացին, իտալացին, բայց ոչ մենք: Մենք պետք է ինքնաքննադատ լինենք, մենք մեզանից սկսենք, այդ դեպքում չենք ունենա նմանատիպ խնդիրներ: Բայց մենք, ամեն մեկս մի «լեգենդ» ենք, մի «ազնվական»: Մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, ասացինք ու մնացինք դրա տակ, այնքան ասացինք, որ հեսա դա էլ չենք ունենա: Շատ վատ վիճակում ենք գտնվում, կարծես, մեր երկիրն էլ է դարձել «Տիկ-Տոկ»: Բայց զգում եմ` լավ բաներ էլ են լինելու, զգում եմ, համաստեղությամբ «Ձուկ» եմ:
— Խոսենք Ձեր օնլայն պատերազմի մասին՝ ադրբեջանցի բլոգերի հետ: Ո՞ւր ենք հասել:
— Հասել ենք այնտեղ, որ ինքն ինձ տեսնում, փախչում է եւ այդպես արդեն 7 անգամ: Նա խուսափում է, որ իր ազգը եւ ռուսալեզու հետեւորդները չիմանան իմ եւ մեր պատմության մասին: Որպեսզի չիմանան իր նման հիմարի արածի դիմաց ինչ պատասխան կստանան: Չեմ ասի, թե հանձնվել կամ պարտվել է: Ամեն բան ընթացքի մեջ է, սակայն հենց ինձ տեսնում է՝ փախչում է:
«ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂ ԼԻՆԵՆ ՄԵՐ ԵՐԳԻՉՆԵՐԸ, ՆՈՐ ՄՐՑԱԿԻՑ ՉԵՄ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ»
— Եվ վերջում թույլ տվեք շնորհավորել Ձեզ երգի պրեմիերայի կապակցությամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք երգել:
— Անկեղծ ասեմ՝ երգը իմ հոբբին է: Շատ երգիչներ, երգահաններ եւ երաժիշտներ ասում են, որ ինձ մոտ լավ է ստացվում երգելը: Ես էլ եմ այդպես կարծում: Բայց հանգիստ թող լինեն մեր երգիչները, նոր մրցակից չեմ նրանց համար: Բոլորին սիրում, հարգում եմ, բայց իմ ունեցածն ինձ բավական է: Խոսքերի հեղինակը Արման Անտոնյանն է, երաժշտությունը՝ Էռնեստ Հովհաննիսյանի: Ի դեպ, ասեմ, որ արձագանքները շատ դրական են, եւ այդքան մեծ քանակի մեկնաբանությունների մեջ մի բացասական մեկնաբանություն չկա:
— Ուրախալի եւ զարմանալի է, որովհետեւ, կարծես թե, մեր ազգը վատ մեկնաբանություն գրելու մրցավազքում առաջնային դիրքերում է:
— Այո, այդ առումով մենք հաղթող ենք: Վահրամ Սահակյանը մի հրաշալի ասույթ ունի: Օրինակ, դանիացին երբեք չի կարող ասել «թաղեմ քեզ»: Մեր ազգի մեջ տեսեք նմանատիպ ինչքան խոսքեր կան:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

