Չախալյանը կալանքի տակ է մի գործով, որի հետ որեւէ աղերս չունի. ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Շահեն Բաբայանի հաշմանդամության առաջին կարգը իջեցվել է երկրորդի։ Որոշումը կայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան հանձնաժողովը։ Պատճառաբանությունը՝ եթե զբաղվում ես սպորտով, ուրեմն՝ կազդուրվում ես։ Եվ այս ամենը տեղի է ունենում նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ղեկավարած համակարգում։ Ճիշտ է, Թորոսյանի գործունեությունից զարմանալն արդեն, կարծես, դժվար է, բայց նույնիսկ այս ֆոնին հարցը մնում է բաց՝ ո՞ր տրամաբանությամբ է երկու ոտքը կորցրած մարդը «բարելավված» համարվում, եթե նա գտել է իր մեջ ուժ ապրել եւ մարզվել։ Շահենը նրանցից է, ովքեր չկոտրվեցին։ Նա զբաղվում է պարալիմպիկ սպորտով, ներկայացնում է Հայաստանը միջազգային մրցաշարերում, բերում հաղթանակներ։ Հասարակությունը հպարտանում է։ Պետական հանձնաժողովը՝ «վերանայում» է կարգը։ Ի՞նչ ուղերձ է սա մյուս վիրավոր տղաներին։ Որ եթե ակտիվ լինեք, եթե դուրս գաք հասարակական կյանք, կարող եք զրկվել ձեր սոցիալական երաշխիքների՞ց։ Որ ավելի «հարմար» է խեղճանալ, փակվել եւ չփորձել վերադառնալ կյա՞նք։ Դժվար է այլ կերպ բնութագրել իրավիճակը, երբ պատերազմում երկու ոտք կորցրած քաղաքացու կարգը իջեցվում է ոչ թե ոտքերի «աճելու», այլ կամքի ուժի պատճառով։
Ի դեպ, հայաստանյան արդարադատության մասին. դատարանը մերժել է քննարկել Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ մյուսների գործով դատական նիստում: Հիշեցնենք, որ Չախալյանի ընտանիքում կա երեք երեխա, որոնցից երկուսն անչափահաս են։ Ընտանիքի հայրը միակ աշխատողն է եւ շարունակվող կալանքը լուրջ ֆինանսական վնաս է հասցնում ընտանիքին։ Այս մասին խոսել է փաստաբանը, ինչպես նաեւ այն մասին, որ նույն գործով գրեթե բոլոր մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոփոխվել են, իսկ Չախալյանինը՝ ոչ: Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ Չախալյանն առնչվում է այս քրգործի հետ այնքանով, որ նրա ազգանվան նման ինչ-որ ազգանուն է հնչել գաղտնալսված հեռախոսազրույցներից մեկում: Եվ դեռ հարց է, ընդհանրապես՝ այդ ազգանունն էլ իրեն էր վերաբերում, թե` ուրիշին:
Զարմանալի է, բայց մեկ-մեկ ՔՊ-ականներից էլ է հնչում կիսաճշմարտություն: Այսպիսով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ խորհրդարանական ամբիոնից հարց է բարձրացնում՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին. «Որքանով է բարոյապես ճիշտ, երբ ինքներդ ստացել եք պարգեւավճար, բայց գալիս եք այս ամբիոնի մոտից քննադատում եք այդ հավելավճարը։ Նրա խոսքով՝ անարդարությունն այն է, որ այդ պատգամավորների մի մասը ստացել է հավելավճարներ՝ նույնիսկ չաշխատելով այդ գումարները. «Ինչո՞ւ չէիք հրաժարվել դրանից։ Ինչո՞ւ հետ չեք վերադարձրել այն հավելավճարը, որը դուք ստացել եք, եւ քննադատում եք մեզ եւ բոլորին դրա համար։ Ինչո՞ւ եք տարել սիրուն ծախսել, ամեն ինչ արել եւ հիմա գալիս եք ու երեսպաշտորեն հանրությանը ներկայացնում եք, թե դուք՝ ժուժկալ կյանքով ապրող ընդիմադիրներդ, չեք ստացել այդ հավելավճարը։ Ձեր շեֆին՝ Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ չեք ասում՝ էդ որ դատախազությունը քեզնից 200 միլիոն դոլարի ապօրինի գույք է ուզում, ինչո՞ւ չեք վերադարձնում։ Թե՞ կարող է պատահի, որ էդ «տորթից» դուք էլ ձեր փայն ունեք, դրա համար եք լռում»:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

