Ինչ էր սպասում Նիկոլը Վենսի այցից
ՎերլուծությունԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան (եւ Ադրբեջան) այցին, իհարկե, շատ էին սպասում ինչպես մեր տեղական արեւմտամետները, այնպես էլ, առավել եւս` հայաստանյան իշխանությունները: Կարելի է կռահել, թե ինչու: Թրամփի հետ են կապում ինչպես Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ասվածը վերջնականապես կնքելը, այնպես էլ «Թրամփի ուղին» եւ Հայաստանում ներդրումային մի շարք ծրագրեր, որոնք պետք է դարձնեն արդեն փաստացի սկսված նախընտրական արշավի հիմնադրույթներ:
«ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ՉՈՒՆԻ ԵՐԲԵՄՆԻ ԷՖԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
Բայց ամենակարեւոր հարցը, որի պատասխանը, ըստ ամենայնի, Նիկոլին շատ է հետաքրքրում, աշխարհաքաղաքական բնույթի է: Այսինքն, Թրամփը, վերջապես, ի՞նչ ծրագրեր ունի հարավկովկասյան տարածաշրջանի համար, որքանո՞վ դրանք կարող են երկարաժամկետ լինել, կա՞ն Մոսկվայի հետ նաեւ մեր տարածաշրջանին վերաբերող ռուս–ամերիկյան պայմանավորվածություններ` ուկրաինականի օրինակով: Ըստ այդ ամենի, կարո՞ղ է Թրամփը Նիկոլի համար երկարաժամկետ (գոնե մինչեւ պաշտոնավարման վերջը, հետո կերեւա) տանիքի դեր ունենալ, թե՞ ներկայիս հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանի նկատմամբ ժամանակավոր է`կապված Իրանի հետ: Ընդ որում, հենց ընտրությունների շեմին այդ ամենից գլուխ հանելը Նիկոլի համար իրոք շատ կարեւոր է, ելնելով այն ընդհանուր իրողություններից, որոնք այսօր ստեղծվել են աշխարհում եւ անմիջականորեն ազդում են նաեւ մեր տարածաշրջանի վրա:
Այսպես, թեեւ անցած տարի նիկոլյան թիմը կտրուկ ակտիվացրեց եվրոպական գիծը, թերեւս հուսալով, որ դա կարող է ինչպես այս ընտրություններում, այնպես էլ հիմնական «տանիքի» դերում դառնալ գլխավոր ուղղություն, բայց երեւի արդեն թիմի ներսում էլ են հասկանում, որ թույլ են տվել կոպիտ սխալ: Եվրոպան, իհարկե, խոստումներ շռայլելու հարցում Նիկոլին չի նեղացնում: Դեռ միայն անցած տարեվերջին Կալլասը 15 միլիոն նախընտրական գումար խոստացավ` «ռուսական քարոզչության» դեմն առնելու անվան տակ: Հիմա էլ խոստանում են պատվիրակություններ ուղարկել, համակողմանի օգնություն ցույց տալ: Միայն թե ամբողջ հարցն այն է, թե եվրոպական այդ խոստումներն օգո՞ւտ են, թե` վնաս: «Դեպի Եվրոպա» կարգախոսը, իհարկե, մեղմ ասած`չունի երբեմնի էֆեկտիվությունը հանրության համար: Ավելին, այսօր շատ–շատերն են Եվրոպան համարում այլասերվածության, սատանայությունների եւ բազում այլ արատների որջ, եւ այդ տրամադրությունների համար շատ հզոր խթան դարձավ նաեւ Էպշտեյնի սկանդալը: Դա էլ մի կողմ. ամենագլխավորը, որ Եվրոպայից կարող են մեծ փողեր գալ, եւ որ Բրյուսելը (կամ առանձին եվրոպական մայրաքաղաքներ) կայուն տանիք կդառնան, ոչ մի վստահություն, այդ թվում, երեւի անգամ հայաստանյան իշխանավորների մոտ չի մնացել: Առավել եւս` այս վերջին օրերին, երբ բավականին «տարօրինակ» իրողություններ են նկատվում Ռուսաստանի հետ կապված:
ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Այսպես, վստահությունը, որ ռուսները հաղթում են ուկրաինական պատերազմում, ինչպես աշխարհում, այնպես էլ հայաստանյան շարքային ընտրողների, ասենք նաեւ իշխանական վերնախավի մոտ հասել է գագաթնակետին: Ավելի կոնկրետ, դա ընկալվում է արդեն ոչ թե վստահություն, այլ փաստ, որը այսօր–վաղը իրականություն է դառնալու: Ու դա արդեն այս պահին է առաջ բերել ուղղակիորեն մեզ վրա ազդող մի շարք կոնկրետ գործոններ: Առաջինն այն համոզմունքն է, որ Մոսկվան, ինչպես պատմական իրողություններն են հուշում, Ուկրաինայում իր գործերն ավարտելով, անմիջապես անցում է կատարում Հարավային Կովկասին: Այսինքն` այն մտածելակերպը, որը ինչպես հայաստանյան, այնպես էլ ադրբեջանական իշխանությունների մոտ ձեւավորվեց 2022թ.–ից սկսած, այսինքն, թե Մոսկվան Ուկրաինայով է զբաղված, ու կարելի է այստեղ «խաղեր տալ», սկսում է թուլանալ: Ու դրան նպաստում է նաեւ երկրորդ գործոնը: Այն է` այսօր Եվրոպան է սկսել ակտիվորեն առաջ տանել Մոսկվայի հետ խոսելու գաղափարը: Ավելին, անգամ արդեն իրար հետ են «քյալլա տալիս», թե ով է դառնալու Մոսկվայի հետ բանակցություններում Եվրոպայի գլխավոր բանագնացը: Հրապարակավ մի շարք անուններ են հնչել, դրանցից ոմանք սկսել են «նախընտրական քարոզի» պես մի բան, այդ քննարկումներն էլ փորձեց «շաքարով կտրել» նույն Կայա Կալլասը, թե ինչ եք խոսում, ես եմ Եվրոպայի գլխավոր բանագնացը, ես էլ պետք է դառնամ գլխավոր բանակցող: Մերցն ու Սթարմերը մի պահ փորձեցին դեմ խոսել ռուսների հետ բանակցելու գաղափարին, եւ անմիջապես պարզվեց, որ Գերմանիայի 70 տոկոսը դեմ է Մերցի կուրսին, իսկ Սթարմերը կանգնած է այսօր–վաղը հրաժարական տալու հեռանկարի առաջ: Իհարկե, բոլորից «շուստրին» Նիկոլի երբեմնի «տանիք» Մակրոնն էր. շտապեց առանց Եվրոպային նայելու եւ հատուկ բանագնացի որոնումների մեջ մտնելու, իր սեփական ներկայացուցչին գործուղել Մոսկվա`սեպարատ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Եվ այդ ամբողջ աղմուկ–աղաղակը պետք է որ նիկոլականների մոտ եւս հարց առաջացնի` իսկ Եվրոպան կարո՞ղ է իրեն «ժերտվա տալ», եթե դա պահանջի Մոսկվայի հետ լեզու գտնելու ցանկությունը: Պատասխանը միանշանակ է` աչքն էլ չի թարթի: Առավել եւս, երբ Եվրոպան այս աստիճան կորցրել է եւ դեռ կորցնում է իր աշխարհաքաղաքական կշիռը: Ու այսքանից հետո էլ Բրյուսելը կարո՞ղ է Նիկոլի համար հուսալի տանիք լինել, բացառվում է:
Ընդ որում, ընդամենը ամիսներ առաջ հույս կապելով Եվրոպայի հետ, Նիկոլը հասցրեց այդ հողի վրա վերջնականապես թշնամական հարաբերություններ ստեղծել Մոսկվայի հետ: Նույն Մոսկվայի, որի հետ փորձում է սիրախաղեր սկսել Նիկոլի աչքին ժամանակին կայունության եւ ամենազորության խորհրդանիշ դարձած Բրյուսելը: Ու այդքանից հետո այդ նույն Մոսկվան պարզ հարց է դնում իր առաջ` Եվրոպա՞ ես հիմա գնում, թե՞ Հայաստանը մնում է եվրասիական ինտեգրացիայի մեջ: Ու ցանկացած պատասխան սպասվող ընտրություններին ընդառաջ կդառնա հերթական հարվածը նիկոլական վարկանիշին: Ալենին ուղարկեց` տրամադրությունները մի փոքր մեղմելու համար, բայց դատելով այն կոշտ ընդունելությունից, որը նրան ցուցաբերեցին, կարելի է հասկանալ, որ առանձնակի հույսեր չկան:
Արդյունքում, միակ հույսը մնում է Թրամփը. պատրա՞ստ է Նիկոլի համար տանիք դառնալ: Եվ այդ հարցի պատասխանի մասին գոնե ենթադրությունների համար, իհարկե, շատ կարեւոր էր Վենսի այցը:
ԹՐԱՄՓԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՆԻԿՈԼԻՆ «ՏԱՆԻՔ» ԴԱՌՆԱ
Այսպիսով, ի՞նչ է խոստանում այդ այցը: Լավատեսական երանգների եւ ճոխ խոստումների պակաս, իհարկե, չկար: Բայց իրականում այդպես էլ բաց է մնում հարցը, թե Թրամփը, վերջին հաշվով, ի՞նչ ցանկություններ ունի հարավկովկասյան տարածաշրջանի հետ կապված: Որպես բիզնես նախագիծ` մեր տարածաշրջանը, եթե չկա Ռուսաստանի եւ Իրանի ներգրավվածությունը, իրենից առանձնակի արժեք չի ներկայացնում. քանիցս ներկայացրել ենք, որ այդ դեպքում «Թրամփի ուղի» կոչվածը դառնում է ընդամենը մինչեւ Կասպից ծով հասնող փակուղի, այլ ոչ թե հզոր լոգիստիկ ուղղություն: Հայաստանում ինչ–որ ներդրումներ անելը, ինչ–որ արտադրություններ հիմնելը եւս համաշխարհային մասշտաբի քիչ տեսանելի գործառույթ է, հանուն որի Թրամփը հազիվ թե ռիսկի ենթարկի Մոսկվայի հետ ծրագրված, ինչպես նաեւ Զելենսկին խոստովանեց, մոտ 12 տրիլիոն դոլարանոց ծրագրերը:
Քաղաքական արժեք, գոնե այս պահին, մեր տարածաշրջանը Թրամփի համար կարող է ներկայացնել: Մասնավորապես, ինչպես Forbes-ն էր վերջերս գնահատում, Թրամփի համար առանցքայինը ոչ թե նույնիսկ Հայաստանն է, այլ` Ադրբեջանը: Ընդ որում, նա Ադրբեջանին դիտարկում է ոչ թե որպես անկախ տարածաշրջանային խաղացող, այլ որպես «Իրանի վրա հյուսիսից ճնշում գործադրելու գործիք»: Այսինքն, դիվանագիտական ներգրավվածության եւ տնտեսական համագործակցության քողի տակ «Վաշինգտոնը անընդհատ մեծացնում է իր ներկայությունը Իրանի սահմանների երկայնքով՝ ձգտելով ստեղծել լրացուցիչ լծակներ Իսլամական Հանրապետության վրա»:
Մոտավորապես նույն միտքը կարելի է տեսնել նաեւ ոչ անհայտ Փոլ Գոբլի մոտ: Այսինքն, որ Վենսի այցի նշանակությունը «ԱՄՆ-ի համար կարեւոր է դառնում ոչ միայն այն պատճառով, որ երկու երկրներն էլ հեռացել են Մոսկվայից եւ աջակցում են TRIPP-ին, այլ որ Իրանի շուրջ լարվածությունը, անկասկած, տարածվելու է Հարավային Կովկասի վրա»: Այսինքն, Վենսը եկավ, «որպեսզի երկու կողմերին հավաստիացնի ԱՄՆ-ի աջակցության մասին եւ խրախուսի նրանց ընտրած ուղին» մի պահի, երբ տարածաշրջանից դեպի հարավ առկա անկայունությունը կարող է արագորեն ազդել դրանից դեպի հյուսիս ընկած անվտանգային հաշվարկների վրա։ Ավելի կոնկրետ. «Կարծում եմ՝ Իրանի շուրջ առկա խնդիրները շատ ավելի լավ են բացատրում այցի ժամանակը»:
Իմաստային առումով Գոբլի գնահատումը սա է. Վենսը պետք է Հայաստանին եւ Ադրբեջանին պահի ԱՄՆ–ի համար այն ցանկալի կուրսի մեջ, որ պետք եղած պահին կարողանա այս տարածաշրջանը խաղարկել ընդդեմ Իրանի: Այսինքն, որ Թրամփի ուզածն այստեղ ոչ թե բիզնեսն է, առավել եւս` «տանիք դառնալը», այլ իրանական ուղղությունը: Ու դա շարունակելու է օրակարգում թողնել հարցը, թե ի՞նչ է անելու Թրամփն այս տարածաշրջանի հետ, որքանո՞վ այն հետաքրքիր կլինի, եթե Իրանի ուղղությամբ կարողանա հասնել ինչ–որ լուծման: Ընդգծենք` ցանկացած լուծման, սկսած պայմանավորվածությունից, վերջացրած` Իրանը նվաճելով:
Ընդ որում, մի շարք փորձագետներ մեկ հետաքրքիր հանգամանք եւս մատնանշում են: Այն է` Թրամփն այդպես էլ որեւէ լուրջ հետաքրքրություն Վրաստանի հանդեպ չի ցուցաբերում, որից պաշտոնական Թբիլիսին արդեն տեղը–տեղին նյարդայնացել է: «Պատճառն այն չէ՞, որ Իրանի հարցում Վրաստանն էֆեկտիվ գործոն չէ»,– հարցնում են տվյալ փորձագետները: Ըստ այդմ, եթե վերանա իրանական թեման, Հայաստանն ու Ադրբեջանը նույն զրոյական հետաքրքրությունը չե՞ն ներկայացնի Թրամփի համար:
Եթե այս սխեման է, ապա Նիկոլի համար Թրամփը կարող է, այսպես ասած, «ժամանակավոր տանիքի» դեր կատարել: Ավելի ճիշտ, ոչ թե նույնիսկ «տանիքի», այլ մի «թեթեւ ծածկի»: Ընդ որում, որքա՞ն կտեւի այդ ժամանակավորը. դատելով այն սուր իրավիճակից, որն այսօր կա Իրանի շուրջ, հակամարտությունը երկար ժամանակ չի կարող մնալ առանց լուծման:

