Հայ գերիները քաղաքական գործիք չեն ու չպիտի լինեն. Մետաքսե Հակոբյան
ՏեսանյութերԱրցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ գնահատմամբ՝ այս օրերին Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում. Երեւանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը, ով այստեղից մեկնեց Բաքու:
— Միացյալ Նահանգներն այսօր հանդիսանում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հիմնական միջնորդը։ Սա մեկ բան է նշանակում` կենտրոնում պետք է լինի մարդու իրավունքը, ոչ թե` ուժի իրավունքը: Եվ մարդու իրավունքի ամենակոպիտ խախտումն այսօր հայ գերիների` Բաքվի բանտերում լինելն է։ Եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա գերիներ չեն կարող լինել Բաքվի բանտերում։ Մենք չենք կարող տարիներ անց դեռեւս ունենալ անհայտ կորած հայրենակիցներ, որեւէ ճշտում կամ լուր չկարողանանք ունենալ նրանցից։
Եթե խոսում ենք վստահության մասին, ապա չենք կարող ականատես լինել կեղծ դատավարությունների: Եվ, ի վերջո, եթե խոսում ենք միջնորդության մասին, ապա չի կարող լինել այսպիսի լռություն, որ տիրում է։ Մեր ուղերձը պարզ է եւ հստակ՝ միջնորդությունը պարտավորություն է, ոչ թե` դիտորդական դեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի ոչ միայն ազդեցություն, այլ նաեւ այս պահին ունի պատասխանատվություն՝ պահանջելու գերիների արագ, անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը։
Մենք չենք խնդրում բացարձակ կամ բացառիկ վերաբերմունք։ Պահանջում ենք այն նվազագույնը, որ միջազգային իրավունքն արդեն իսկ պարտադրում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը պիտի լսի մեր ժողովրդի ձայնը, եւ մենք ուզում ենք, որ այս ձայնը հասնի հենց իր միջոցով Բաքու՝ առանց որեւէ աղավաղման։ Հայ գերիները քաղաքական գործիք չեն ու չպիտի լինեն։ Նրանց ազատությունը չի կարող պայման լինել։ Այն նախապայման է ցանկացած իրական խաղաղության համար։ Եթե նրանք ազատ չեն արձակվում, ուրեմն՝ չկա խաղաղություն, եւ այդ խոսակցությունները դատարկ ու սին են։
Մենք չենք լռելու, քանի դեռ վերջին հայ գերին ազատ չի արձակվել։ Խաղաղությունն՝ առանց ազատության, չի կարող լինել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

