Չեմ հավատում, որ ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակներից արդյունք կլինի. Պողոսյան
ՆերքաղաքականԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան ներքաղաքական դաշտում ուշագրավ էր նրան ուղղված նամակների քանակով: Վենսին նամակ էին հղել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի նախկին ու վերջին Մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած տիրադավ եպիսկոպոսներից Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, քաղբանտարկյալ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արցախի խոհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը եւ այլք: Հիմնականում նամակների առանցքում էր հորդորը, որպեսզի Երեւանից Բաքու մեկնող Վենսն ադրբեջանական իշխանությունների հետ իր քննարկումների հիմնական թեմա դարձնի անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը եւ բոլոր հայ գերիների ազատ արձակումը: Իսկ թե ԱՄՆ փոխնախագահից սպասումները չափազանացվա՞ծ են, թե՞ համաձայնեցված, պարզ կլինի առաջիկա օրերին, ինչի մասին էլ «Իրավունք»-ը զրուցեց Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Պողոսյան, ի՞նչ արդյունք սպասել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հայաստանյան այցից:
— Կարծում եմ՝ դեռ վաղ է որեւէ գնահատական տալ, քանի դեռ գործնական հողի վրա մենք չունենք աշխատանքներ: Մյուս կողմից, նաեւ իմ խորին համոզմամբ, կոնկրետ Հայաստանի Հանրապետության համար նշանակությունը չափելի է համեմատականության մեջ, թե ինչ է ստանալու կամ ինչ խոստումներ ստացավ եւ թե ինչ խոստումներ կստանա Ադրբեջանը: Ու կարեւորն այն է, թե ինչի դիմաց կստանա դրանք եւ ինչքանով համադրելի կլինեն: Գոնե մեզ համար չափազանց կարեւոր է, որ եթե նույնիսկ նախապատվություն չի տրվում Հայաստանին, ապա առնվազն Ադրբեջանի հետ բալանսավորված լինեն Միացիալ Նահանգների քաղաքականությունը: Այսինքն, ոչ թե կողմերից մեկին տրվի, օրինակ, անվտանգային եւ ռազմական ոլորտում նախապատվություն, իսկ մյուս կողմին՝ բացառապես տնտեսական կամ տեխնոլոգիական:
Այս իմաստով, մեզ համար կարեւոր է, որ այդ բալանսավորման քաղաքականությունը ԱՄՆ-ն պահպանի: Հետո ինչ կլինի եւ դրա անդրադարձն ինչպիսին կլինի, ինչպես նշեցի, կարեւոր է նախ դրա գործնական որոշակի քայլերը տեսնել, գոնե առաջին քայլերը: Այնուհետեւ կարծում եմ՝ չափազանց կարեւոր են այն ուղերձները, որոնք նա կուղղի Ադրբեջանին: Դրանք Հայաստանում հնչեցրած ուղերձների հետ համեմատականության դեպքում մենք միայն կկարողանանք, ինչ-որ մակերեսային վերլուծություն կատարել:
— Վենսն այժմ Ադրբեջանում է, կարո՞ղ ենք ակնկալել, որ նա ոչ միայն կբարձրաձայնի հայ գերիների վերադարձի հարցը, այլեւ գործուն մասնակցություն կունենա, որ այն դառնա իրականություն:
— Տեսական հնարավորություն կա, որ Բաքվում, եթե ոչ հրապարակային, ապա կուլիսային որոշակի բանակցություններ կլինեն՝ գերիների մասով: Հատկապես սրա մասին լավատեսական հույս է ներշնչում այն, որ ադրբեջանական տեղեկատվական հարթակներում էլ որոշակի այսպիսի ակնարկներ կան, որ հնարավոր է, որպես բարի կամքի դրսեւորում, մի քանի ռազմագերի ազատ արձակվեն:
Սա խոսում է այն մասին, որ կա կուլիսային որոշակի պայմանավորվածություններ, եւ պարտադիր չէ, որ դա Վենսի այցից անմիջապես հետո լինի, բայց առաջիկայում, կարծում եմ, այդ այցելության արդյունքում որոշակի դրական լուծում կլինի, թեկուզ փոքր թվով մարդկանց համար:
— Նամակների քանակն ուղղված Վենսին ավելի աննախադեպ էր, քան նրա բուն այցը, դրանցում տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ փորձում էի ԱՄՆ-ի ուշադրությունը գրավել քաղբանտարկյալների ու գերիների, եկեղեցու դեմ հալածանքների հարցի վրա: Բայց, կարծես, ոչ մի խոսք չկար արցախցիների Արցախ վերադառնալու երաշխիքների պահանջի մասով: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:
— Իրականում, կարծում եմ, որ այդ նամակները թեպետ սինվոլիկ առումով հղվեցին, նույնիսկ շատերը իրենց անձնական սոցիալական էջերում տեղադրեցին բաց նամակներ, հավանաբար հույս ունենալով, որ Վենսն ունի այնքան ժամանակ, որ կմտնի բոլորի սոցէջերը կգտնի եւ կկարդա այդ հղումները, բայց դրանք այդքան էլ ազդեցիկ չէին:
Այն գործիքը, որը մեր կողմից կիրառվում է, նախ դա արվում է ո՛չ տրամաբանորեն, ո՛չ համակարգված եւ ո՛չ արդյունավետ: Հետեւաբար, ինչպիսի բովանդակություն էլ ունենային այդ նամակները, անկեղծորեն չեմ հավատում, որ դրանք այն ձեւով, ինչպես որ մենք կազմակերպեցինք, այն կերպ, ինչպես Հայաստանում ներկայացվեց, արդյունքը կլինի այնպիսին, ինչպիսին ակնկալում էին: Հանրային դիվանագիտությունն այսպես չեն կիրառում, հետեւաբար նույնիսկ արդյունքներին կամ բովանդակությանը անդրադառնալու հարկ էլ չեմ տեսնում:
Ինչ վերաբերում է նրան, թե այդ նամակներում Արցախ վերադարձի, ռազմագերիների, թե քաղբանտարկյալների մասին կխոսեին, եթե մենք անում ենք որեւէ բան ուղղակի անելու եւ ցույց տալու համար, դա հարցի մյուս կողմն է, սակայն երբ ակնկալում ենք, որ պետք է լինի որոշակի կապիտալիզացիա մեր արած քայլից, ապա դա պետք է լինի որոշակի ձեւաչափի մեջ, որը կտա արդյունք: Ոչ թե ուղղակի ձեւը պահպանենք` բովանդակությունը կորցնելով:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

