Կեղծ օրակարգ է, 10 անձից բաղկացած կաթողիկոսի դեմ «օպոզիցիայի» քանակը չի էլ աճում. Խաչատրյան
ՆերքաղաքականՄայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած ու հանրային խոսույթում տիրադավ հռչակված եպիսկոպոսները հիմա էլ հանդես են եկել հրատապ կոչով՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովին:Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ հաշված օրեր են մնացել Ավստրիայում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին՝ այն որակելով «օտարության մեջ անցկացվող հակաավանդական եւ ապազգային նախաձեռնություն»: Բազմաթիվ մեղադրանքներով, զրպարտանքներով ու վիրավորանքներով ողողված այս տեքստի վերջում, վերջիններս առաջարկել են, այսպես կոչված, հնարավոր լուծում՝ դատաիրավական անհապաղ միջամտություն եւ, ըստ նրանց, այս հարցը պետք է շուտափույթ կերպով քննարկման առնվի Ազգային Ժողովի առաջիկա նիստերից մեկում։ Տիրադավների խելքին փչել է՝ հորդորել պատգամավորներին, որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրեն Ազգային Ժողով, եւ նա ստեղծված իրավիճակի համար պատասխան տա օրենսդիրների առաջ: Ավելին, նույն հայտարարության մեջ ասվում է, որ պատգամավորները կարող են հրավիրյալ հոգեւորականների ու այլ մասնագետների օգնությամբ միջնորդել, որպեսզի տեղի ունենա մեր հազարամյա եկեղեցու ժամանակավոր ղեկավարումն ու առաջիկա տեղապահական ընտրությունների կազմակերպում՝ եպիսկոպոսաց դասից արդար եղանակով ընտրված թեկնածուի առաջնորդությամբ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
«Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ` ՎԵՀԱՓԱՌԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՎԻ ԿԱՄ ԼՈՒԾՎԻ ԱԺ-ՈՒՄ»
— 10 տիրադավ եպիսկոպոսներ հիմա էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի հարցը բարձրացնում են Ազգային ժողովի առաջ, որն էլ, ըստ նրանց, պետք է որոշի Վեհափառ Հայրապետիի ճակատագիրը: Որքանո՞վ են պատգամավորները կոմպետենտ ու իրավասու այս հարցում:
— Իհարկե, իրավունք չունեն, նախ դա Սահմանադրության կոպիտ խախտում է: Ի՞նչ է նշանակում` Վեհափառի հարցը պետք է քննարկվի կամ լուծվի Ազգային ժողովում: Նախ Հայոց Առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է եւ Հայաստանում հոգեւոր առաջնորդի հարցը չի կարող դրվել եւ լուծվել, առավել եւս՝ երբ Սահմանադրությամբ բաժանված է եկեղեցին իշխանությունից:
Գիտեք, կեղծ օրակարգ է մեջտեղ բերվել, քանի որ հասարակության մեջ չնչին քանակությամբ մարդիկ են, որոնք հետաքրքրված են այդ շրջանակով: Դրան հասարակությունը չի արձագանքում: Ինչից ելնելով էլ հասկանալի է, որ, ըստ էության, այս գործընթացի շարունակությունը, որպես այդպիսին, լինելու է կրկին կեղծ: Էլի եմ շեշտում՝ ժողովուրդն անարձագանք է թողնում, իսկ երկրում իշխանության տերը վերջին հաշվով ժողովուրդն է:
— Նրանց հայտարարության մեջ նույնիսկ ասվում է, որ նման կերպ վարվում են մի շարք երկրներ: Օրինակ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ Վեհափառը հրավիրվի Ազգային ժողով, որպեսզի օրենսդիրները քննարկեն իր հարցը:
— Նման բան չկա: Ո՞ր համաշխարհային կառույցում են նման բան անում եւ նման կերպ որոշում գլխավոր հոգեւորականի ճակատագիրը: Առավել եւս, որ նա սովորական ընտրություններով ընտրված անձ չէ: Նա Աստծո ընտրություններով անցած մարդ է, ով ընտրվել է եւ օծյալ է: Ու Հիսուսից հետո՝ երկրորդ մարդն է երկրի երեսին մեզ համար: Այսինքն՝ աշխարհիկ իշխանությունը կարող է որոշե՞լ, թե ով լինի Ամենայն Հայոց կաթողիկոս՝ որպես 1700 տարվա հոգեւոր իշխանության առաջնորդ, որը Հայոց ինքնության կրողն ու պետականության սատարողն է պատմականորեն:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԴ ՀԱՐՑԻ ՀԱՆԴԵՊ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
— Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ եթե Վեհափառ Հայրապետը չներկայանա ԱԺ նիստին, ուրեմն՝ պատգամավորները պետք է ստեղծեն համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի իրենց ձեւակերպմամբ՝ «Կտրիճ Ներսիսյանի եւ նրա ապազգային կլանի դատաիրավական գործընթացի մեկնարկով, եւ միեւնույն ժամանակ հրավիրյալ հոգևորականների ու այլ մասնագետների օգնությամբ կմիջնորդվի մեր հազարամյա եկեղեցու ժամանակավոր ղեկավարումն ու առաջիկա տեղապահական ընտրությունների կազմակերպումը եպիսկոպոսաց դասից արդար եղանակով ընտրված թեկնածուի առաջնորդությամբ»: Մինչեւ ո՞ւր կարող է հասնել՝ արդեն ընտրությունների պատրաստվող տիրադավների երեւակայությունը:
— Այսպես ասեմ՝ եթե օրակարգն, ըստ էության, չի հուզում ոչ մեկին, ապա ուր ասես կարող են հասնել: Չեմ բացառում, որ սա մի ընթացք է, որը վերջին հաշվով կարող է երեւալ որպես ծխածածկույթ, որը նպատակ է ունեցել բազմաթիվ այլ բաներ իրականացնելու, հասարակական ուշադրության շեղման, որը այդպես էլ չի հաջողվել: Հասարակական ուշադրություն այդ հարցի հանդեպ գույություն չունի, իսկ եկեղեցու վարկանիշը երկրի ներսում ամենաբարձրն է գոյություն ունեցող կազմակերպություններից:
— Այս ամենին զուգահեռ օրեր անց թերեւս տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողովը: Այս տեղեկությունը վերահաստատել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ի՞նչ զարգացումներ սպասել:
— Եպիսկոպոսաց ժողովը միակն է, որն իրավունք ունի դիտարկել Հայոց Առաքելական եկեղեցու գլխի, այսինքն՝ համայն հայության կաթողիկոսի հարցը: Այն էլ միայն այն տեսակետից, որ համապատասխանո՞ւմ է արդյոք նրա վարած քաղաքականությունը, որպես եկեղեցու գլուխ, այն վարդապետությանը, որը մեզ առանձնացնում է բոլոր մնացածներից: Շատ դժվար եմ պատկերացնում, որ այնտեղ կիսադրական որեւէ բան լինի, առավել եւս, որ, այսպես ասած, «օպոզիցիան», որը կաթողիկոսի դեմ գոյություն ունի այսօր, այդ 10 անձից բաղկացած քանակը չի էլ աճում: Այսինքն՝ նոր մարդկանց քանակություն, ովքեր կլինեն եպիսկոպոսներ, ծայրագույն վարդապետներ, որոնք իրավունք ունեն այդ ժողովին մասնակցելու, չկան: Բոլորի համար հասկանալի է, որ այդ ժողովը, եկեղեցու ներսում գոյություն ունեցող փոքրամասնության տեսակետը չի կիսում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

