Ինչու Վենսին որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չուղեկցեց Ծիծեռնակաբերդում
ՆերքաղաքականՊաշտոնական այցով Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը՝ տիկնոջ Ուշա Վենսի հետ, երեկ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցն արտառոց էր նրանով, որ նրանց հայաստանյան որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չէր ուղեկցում: Միայն ավելի ուշ հայտնվեցին լուսանկարներ, որտեղ երեւում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է ծաղիկներ խոնարհեցնելուց հետո՝ ողջունել տեր եւ տիկին Վենսերին: Այն էլ տպավորություն է, որ վերջին պահին է դա տեղի ունեցել, համենայնդեպս, ԱՄՆ փոխնախագահի վերարկուն հագնելու պահին լուսանկարում հայտնված Անդրեասյանն այդ մասին է հուշում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:
— Թեպետ կային կասկածներ, որ ԱՄՆ փոխնախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի այցելի, բայց նա իր տիկնոջ հետ, այդուհանդերձ, այցելեց: Որքանո՞վ է սա բացառիկ իրողություն:
— Եկեք հիշենք, որ 2009 թվականին ԱՄՆ քարտուղար Քլինթոնը մասնավոր այց կատարեց Հայաստան, որը նույնպես բացառիկ երեւույթ էր, սակայն նկատենք, որ այդ այցը պաշտոնական չէր, քանի որ ԱՄՆ-ն պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ Վենսի այցի հետ կապված, ունենք բոլորովին այլ վիճակ, երբ ԱՄՆ-ի կոնգրեսը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը: Հարցն այն է, թե որ պարագայում է այն դիտարկվում արտառոց, այս դեպքում համատեքստը ամերիկյան չէ, այլ՝ հայկական, քանի որ նման բարձրաստիճան պաշտոնյայի այց տեղի է ունենում այն պարագայում, երբ տվյալ երկիրը տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ՝ առաջին դեմքի մակարդակով, ոչ մեկ անգամ զբաղվում է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը եւ դրա հետեւանքները կասկածի տակ դնելու հայտարարությամբ: Այ դա բացառիկ է եւ արտառոց է:
— Ինչպես նկատեցինք, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չէր ուղեկցում Վենսին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ես դրա մեջ տեսնում եմ օրինաչափություն: Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող, զոհերի հիշատակը վերապրողների հիշողությունը պղծող եւ հարաբերականացնող կառավարության անդամների ներկայացուցիչներն իրավունք չունեն ընդհանրապես Ծիծեռնակաբերդ բարձրանալու: Էլ չեմ խոսում հուշարձանին հասցված վնասի մասին, որի արթիվ պետք էր քրեական գործ հարուցվեր:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

