Թուրքիան էլ է միանում միջուկային մրցավազքին, թե՞ արդեն ունի միջուկային զենք
ՄիջազգայինԱնկարան կմիանա միջուկային սպառազինությունների մրցավազքին, բայց միայն մեկ պայմանով։ Եթե տարածաշրջանում որևէ մեկը ձեռք բերի միջուկային զենք, բացատրեց արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում տեսնել տարածաշրջանում դրամատիկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել ուժերի ներկայիս հավասարակշռությունը։ Օրինակ՝ երկրները, որոնք խնդրահարույց հարցեր ունեն Իրանի հետ, կսկսեն ձգտել միջուկային զենք ձեռք բերել։ Եվ մենք, հավանաբար, ստիպված կլինենք միանալ այս մրցավազքին»,- ասաց նախարարը CNN Turk-ի եթերում։
Հարկ է նշել, որ սա առաջին անգամն է, որ նման հայտարարություն է անում Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը։ Սակայն սա սովորական թուրքական երկերեսանիություն է:
Ով` ով, բայց Ֆւդանը հաստատ շատ լավ գիտի, որ տարածաշրջանում միջուկային զենք կա: Հենց Թուրքիայում, ճիշտ է, ամերիկյան, բայց Թուրքիան հարմարավետ տեղավորվածէ միջուկային հովանոցի տակ: Ընդ որում, կարող է եւ ամերիկյան զենքը միակը չլինել. մի շարք աղբյուրներ միանգամայն վստահ պնդում են, որ Թուրքիան իր սեփական միջուկային զենքն ունի, որը տրամադրվել է Պակիստանի կողմից:
Ֆիդանը նաեւ շատ լավ գիտի, որ միջուկային զենք ունի նաեւ Իսրայելը:
Կան շատ լուրջ խոսակցություններ, որ ԱՄՆ-ի եւ հատկապես` Իսրայելի իմացությամբ մի քանի մարտագլխիկ ունի նաեւ Սաուդյան Արաբիան` Իրանի հավիտենական կրոնական թշնամին:
Այսինքն, տարածաշրջանի հիմնական ուժերից Իրանը միակն է, որ միջուկային հովանոցի տակ չէ: Այդ տեսանկյունից, Ֆիդանի հայտարարությունը Իրանի ուղղությամբ սովորական շանտաժ է: Այսինքն, եթե Իրանը մտածի միջուկային հովանոցի մասին, ապա Թուրքիայի նման տեսակետը, թե մենք էլ կցանկանանք, առիթ է, որ ԱՄՆ-ն ամեն բան անի «տարածաշրջանի ապամիջուկային պահելու համար», թեեւ տարածաշրջանը, կրկնենք, ամենեւին էլ ապամիջուկային չէ:

