Ուկրաինական ուժերը խոշոր հակահարձակում են սկսել Զապորոժեի արեւելյան ճակատում
ՄիջազգայինՌուսական փորձագիտական շրջանակները հաստատում են, որ երեկվանից ուկրաինական ուժերը խոշոր հակահարձակում են սկսել Զապորոժեի արեւելյան ճակատի հյուսիսում:
Դատելով տարբեր աղբյուրների գնահատումներից, այս ուղղությամբ ուկրաինական բանակը կենտրոնացրել է գործնականում իր ողջ հարձակողական պոտենցյալը` առնվազն յոթ գրոհային գունդ եւ երեք գրոհային բրիգադ: Հիմնական նպատակը ռուսական «Արևելք» խմբին հասցվող թեւային հարվածով թիկունք դուրս գալն է:
Նախնական որոշ առաջխաղացում ուկրաինական ուժերն ունեն: Բայց նաեւ ռուսական աղբյուրները հաղորդում են հարձակվող ուժերին գոնե առաջին օրվա դրությամբ հասցված հսկայական կորուստների մասին: Սա տրամաբանական է, հաշվի առնելով, որ ուկրաինական կողմի հարձակումը ժամկետներով եւ ուղղություններով, դատելով մինչ այս եղած փորձագիտական գնահատումներից, միանգամայն սպասելի էր, այսինքն, ռուսները պետք է, որ դրան պատրաստ լինեին:
Ամեն դեպքում, սկսված է միանգամայն խոշոր ճակատամարտ, որտեղ ուկրաինական բանակը ռիսկի է դրել իր գործնականում ողջ հարձակողական պոտենցյալը: Եթե ռուսներին հաջողվի պաշտպանական մարտերում այն «մաղել», ուկրաինակա ուժերի համար հետեւանքները կարող են անշրջելի դառնալ:
Ըստ էության, այստեղ սկսվել է ձմեռային արշավանքի գլխավոր մարտը, որի արդյունքը շատ բան կորոշի։

