«Զայեդ» մրցանակը այս փուլում ծառայում է որպես քաղաքական «դիմահարդարում»
««Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը, որն անվանվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրի պատվին, խորհրդանշում է խաղաղություն, հանդուրժողականություն և մարդասիրական արժեքներ։Սակայն, երբ այս մրցանակը տրվում է մի երկրի ղեկավարի, որի դատարաններում հենց այդ պահին հրապարակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու և քաղաքական վրիժառության վրա հիմնված վճիռներ, մրցանակի բուն գաղափարը դառնում է արժեզրկված»,-անդրադառնալով Բաքվում տեղի ունեցած «դատավճիռնեդին» եւ դրան զուգահեռ Փաշինյանի ստացած «Զայդեդ» մրցանակին, նման դիտարկում է անում արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը, ընդգծելով.
- Ինչպե՞ս կարող է «եղբայրության» մրցանակը համատեղվել մի պրոցեսի հետ, որը միջազգային իրավունքի տեսանկյունից ցեղային զտման օրինականացման փորձ է: Ժամանակի ընտրությունը ոչ միայն պատեհ չէ, այլև ցինիկ է: Մի կողմից՝ Բաքուն աշխարհին ներկայացնում է «ցմահ» դատավճիռներ՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ, մյուս կողմից՝ միջազգային բեմահարթակում ստանում է մարդասիրության դափնիներ: Սա միջազգային հանրության կողմից իրականության աղավաղման և բարոյական սնանկության հերթական ապացույցն է:
Որպես իրավաբան՝ պիտի արձանագրեմ, որ այս մրցանակը չի կարող սրբագրել այն իրավական կամայականությունները, որոնք տեղի են ունենում Բաքվի բանտերում: Մեղադրյալների ցուցմունքների հակասությունները, դատավարական երաշխիքների բացակայությունը և քաղաքական պատվերը փաստում են, որ մենք գործ ունենք ոչ թե արդարադատության, այլ «դատական բեմադրության» հետ:
Այս մրցանակը, ցավոք, այս փուլում ծառայում է որպես քաղաքական «դիմահարդարում»՝ փորձելով թաքցնել Արցախի հայաթափման և մեր առաջնորդների ապօրինի կալանավորման դառը իրականությունը: Արդարությունը չի կարող լինել մրցանակային, այն պետք է լինի փաստացի և անկողմնակալ»:

